ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐՈՎ ԶԵՆՔԻ ԱՊՕՐԻՆԻ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԻՑ ԴԵՌ ԾՊՏՈՒՆ ՉԿԱ
Հասարակություն
Դեռեւս նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, մասնավորապես ասել է. «Երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ»: Նա նաեւ նշել էր, որ մի շարք նախկին պաշտոնյաների գործունեության հետ կապված ոչ միայն պաշտոնանկություններ են եղել, այլեւ քրեական գործ է հարուցված, քանի որ նրանց հանցավոր անփութությամբ է այդ ամենը տեղի ունեցել:
Թվում էր, թե իրավապահները պետք է արագորեն այդ գործն ավարտին հասցնեին, առավել եւս, որ դրսից եւս Հայաստանին ուղղված ճնշումներ նկատվեցին, թե՝ ձեր ինքնաթիռները զենքի վաճառքի մեջ են թաթախված: Բայց ոչ, թեման անմիջապես էլ արագորեն սկսեցին մոռացության մատնել: Բայց ահա Նիկոլի այդ հայտարարությունը նոր շունչ ստացավ այն բանից հետո, երբ պատերազմական պարտության ֆոնին մինչեւ իսկ խոսակցություններ եղան՝ Թուրքիային եւ նրա ենթակա ահաբեկիչներին զենք-զինամթերք վաճառելու մասին: Այսինքն, որ ՌԴ-ից էժան գներով զենքը ստանում են ու վաճառում Սիրիայում նույն ռուսների դեմ կռվող ահաբեկիչներին: Շաբաթներ առաջ` ավելի ստույգ մարտի 16-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից գրավոր հարցման միջոցով փորձեցինք պարզել, թե մինչ օրս քանի՞ քրեական գործեր են հարուցվել վարչապետի տվյալ հայտարարության հիմքով, եւ ի՞նչ փուլում են դրանք: Սակայն, մինչ օրս որեւէ պատասխան չենք ստացել, իսկ մեր հարցին, թե երբ կլինի պատասխանը, ստանում ենք «հուսադրող» արձագանք՝ «Կուղարկենք»: Ու քանի որ պետական համակարգից որեւէ բան ճշտել դեռ չի ստացվում, ստիպված ենք ներկայացնել պտտվող լուրերը: Այն է, ժամանակին Նիկոլը եւս զենքի այդ պատմությունից լավ տեղյակ չի եղել: Բայց հրապարակավ սպառնաց, նրան եկան-բացատրեցին, թե ով, ինչու ու ինչքան, եւ վերջ, հարցը «գեղական կարգով» լուծվեց: Դե, դրանից հետո «խեղճ դատախազությունն էլ ի՞նչ անի, ինչպե՞ս ասի, որ վարչապետը նման հնչեղ հայտարարություն է անում, սակայն ոչ մի քրգործ էլ չկա: Այսինքն, որ կա՛մ վարչապետը սուտ է ասել, կա՛մ մեղադրանքը միանգամայն լուրջ էր, միջազգային նշանակության, բայց այն ծածկադմփոցի է ենթարկվել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ