ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՏՈՂԱՏԱԿԵՐՈՒՄ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՆԿԱՏԵԼ ՆԱԵՎ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՆԻԿՈԼԻՆ ՀՂՎԱԾ ՄԵՍԻՋ
Միջազգային
Մեր վերջին հրապարակումներից մեկում առիթ էինք ունեցել ենթադրություն ներկայացնել, որ այս փուլում, երբ օրակարգում է հարավկովկասյան կոմունիկացիաների վերագործարկման թեման, Հայաստանի համար ամենավտանգավոր հեռանկարներից է դառնում Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի մեծ հավանականությունը: «Պատմական օրինակն աչքներիս առաջ է՝ վրացական Աջարիան: Այնտեղ էլ թուրքերը սկսեցին մտնել ներդրումների ու համատեղ բիզնեսների անվան տակ, ու վրացիները դեռ աչքները չէին թարթել, որ Բաթումին վերածվեց թուրքական տնտեսական կցորդի: Գումարենք սրան երկաթուղիներն ու նման բաները, թուրքական ապրանքների հոսքը ու կստանանք սովորական տնտեսական ինտերվենցիա: Այսինքն, մի 10-15 տարուց Հայաստանի ամենավերջին շինությունն անգամ կարող է թուրք սեփականատեր ունենալ, իսկ մեր ժողովրդին կմնա բավարարվել ընդամենը թուրքի բատրակի ճակատագրով...»,- ասված էր հրապարակման մեջ:
ԻՆՉ ԷՐ ԱԿՆԱՐԿՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ
Կարծես թե չենք սխալվել: Համենայնդեպս, տնտեսական ինտերվենցիայի նման ռեալ վտանգ տեսնում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այսպես, Վլադիմիր Պոզներին տված հայտնի հարցազրույցում, խոսելով այն մասին, թե որո՞նք են ներկայիս մեր հիմնական սպառնալիքները, Քոչարյանն այս տեսակենտն է ներկայացրել. «Իհարկե, Թուրքիան: Սպառնալիքը մեզ համար պատմական է, այն ընկալվում է ինչպես հայերի կողմից, այնպես էլ՝ թուրքերն են մեզ ընկալում որպես սպառնալիք: Դրանով է բացատրվում փակ սահմանը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը: Սպառնալիքն այն է, որ Թուրքիան սահմանի բացման պարագայում կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանը վերածի Աջարիայի նման վայրի՝ իր բիզնեսի տեսանկյունից, իր տնտեսության տեսանկյունից: Ես այստեղ որոշակի վտանգ եմ տեսնում»:
Թե ինչ կոնկրետ մեխանիզմներով է հնարավոր այդ վտանգի առաջն առնել, թեեւ պարոն Քոչարյանը չդետալավորեց, սակայն նրա մյուս պատասխանների տրամաբանությունը հիմնված էր ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա, եւ կարելի է ենթադրել, որ թուրքական հնարավոր տնտեսական ինտերվենցիայի կանխումը եւս նա տեսնում է այդ ուղղությամբ: Կարճ ասած, որ ողջ շեշտը պետք է դնել ռուսական աշխարհաքաղաքական վեկտորի վրա, ինչպես որ արել է իր նախորդ տասնամյա նախագահության ժամանակահատվածում: Ընդ որում, թերեւս պատահական չէր, որ միաժամանակ պարոն Քոչարյանն ընդգծեց, որ Հայաստանում քիչ չեն եղել եւ կան ուժեր, որոնք փորձել են գործել տարբեր աշխարհաքաղաքական ուժերի հետ խաղարկումներով, իսկ ներկայումս էլ վերելքի մեջ են այն ուժերը, որոնք գործում են հակառուսական տիրույթում. «Հայաստանում բավականին ակտիվ աշխատում են ուժեր, որոնք փորձում են խաթարել այդ (ՌԴ-ի հետ- Հեղ.) հարաբերությունները, մեղադրել Ռուսաստանին այն բանում, որ մենք պարտվել ենք պատերազմում: Այսպես կոչված՝ հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց գլոբալ են համարում եւ իբրեւ գլոբալ արժեքներ են քարոզում, նրանք շատ են Հայաստանում: Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես է խարխլվում մեր ինքնորոշման հիմքը: Դա տեղի է ունենում ամենօրյա ռեժիմով»: Եվ եթե հաշվի առնենք, որ այդ նույն Հ/Կ-ներ նաեւ նիկոլյան իշխանության մասն են, ավելին, այս օրերին նիկոլյան իշխանական վերնախավն իրենց շեֆի գլխավորությամբ մի գլուխ Թուրքիայի հետ բարեկամություն են քարոզում, ապա դժվար չէ հասկանալ, թե երկրորդ նախագահը որ ուղղությամբ է միտքը տանում: Այսինքն, բազմավեկտորության տարրեր, իհարկե, այն ժամանակներում էլ են եղել ՀՀ արտաքին քաղաքականությունում՝ «Ամերիգայեն եգաձ» Օսկանյանն իր կոմպլոմենտարիզմով: Սակայն գործող աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, ինչպես մինչ այս հարցազրույցն էլ Քոչարյանն ասելու առիթներ ունեցել է, հիմնական շեշտը պետք է լինի հենց ռուսական վեկտորը՝ հաշվի առնելով նաեւ Թուրքիայից եկող վտանգները. թերեւս, հենց սա էր այդ հարցազրույցի հիմնական մեսիջը: Մեկ այլ նյուանս եւս պետք է նկատել. ինչպես մինչ պարոն Քոչարյանի Մոսկվա մեկնելն էինք ներկայացրել, այդ հանդիպման ժամանակ նախատեսված էր նաեւ շփում ՌԴ նախագահի հետ: Եվ ահա հայտնի «WarGonzo» նախագիծը եւս տեղեկացնում է, որ մեկժամյա տեսակապային ¥պայմանավորված կորոնավիրուսով¤ շփում մինչ այդ հարցազրույցը Պուտինի եւ Քոչարյանի միջեւ տեղի ունեցել է, իսկ ահա Պոզները հարցազրույցի ժամանակ քանիցս հիշեցրեց նրանց առանձնահատուկ հարաբերությունների մասին, ինչը եւս պատահական չէր կարող լինել: Առավել եւս, երբ այս ամենն ասվեց Նիկոլի մոսկովյան այցի շեմին:
ՆԻԿՈԼԸ ՍՏԻՊՎԱԾ ԷՐ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ
Այսպիսով, խոշոր հաշվով Քոչարյանի հարցազրույցի տողատակերում կարելի էր նկատել նաեւ Մոսկվայից Նիկոլին հղված մեսիջ: Մոտավորապես այսպիսի՝ Քոչարյանը Հայաստանի ապագան տեսնում է ռուսական ուղղվածության վեկտորի մեջ եւ Թուրքիայից եկած տնտեսական եւ, մասնավորապես, կոմունիկացիաների հետ կապված ռիսկերը նույն ռուսական վեկտորի միջոցով չեզոքացնելու մեջ: Իսկ ո՞րն է, Նիկո՛լ, քո մոտեցումը...
Համենայնդեպս, կարծես թե Նիկոլը հենց այդպես էլ ընկալել է Քոչարյանի հարցազրույցը, ինչի մասին է խոսում փաստը, որ չհապաղեց ինչ-որ առումով պարտադրված պատասխան հարցազրույցով հանդես գալ: Այսպես, թեեւ նա հայտարարել է ինքնամեկուսացման ռեժիմի անցնելու մասին, սակայն խախտեց այն՝ ընդունելով «Ինտերֆաքսի» լրագրողին՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների՝ ապագայի իր տեսլականի ու Թուրքիայի մասին: Սկսենք Թուրքիայից, որի հետ կապված Նիկոլը «պատահաբար» հիշեց. «Հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից դեռ 1993 թվականին: Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման օգտին, բայց դա մերժվել է հենց Թուրքիայի կողմից: Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ էր ստացել Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում... Այս համատեքստում, տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու եւ տնտեսական հեռանկարը վերականգնելու համար Թուրքիային անհրաժեշտ է փոխել այս ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»:
Ինչ վերաբերում է ռուսներին, ապա Նիկոլը հասավ այն մտքին, թե ուղղակի երազում է «Ռուսաստանի Դաշնության հետ լայն եւ երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության» մասին, որ Հայաստանում «ստեղծվել եւ գործում է հայ-ռուսական երկու խմբավորում» եւ այլն: Պարզ հարց է ծագում՝ եթե Թուքիան այդպես էլ չի փոխել «այս ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ», այդ ինչի՞ց ելնելով են նիկոլյան չինովնիկները Անկարայի հետ բարեկամություն քարոզում: Թե՝ ճանապարհները կբացենք, էժան ապրանք կբերենք, ԵՊՀ-ի տեղն էլ թուրքական փողերով հյուրանոց կկառուցենք, եւ այդպես շարունակ: Ամեն դեպքում, Նիկոլի նման շրջադարձը գալիս է նաեւ հիմնավորելու մեր ավելի վաղ ներկայացրած ենթադրությունը, որ հայաստանյան չինովնիկությունը փաստացի գործում է գործարկվող կոմունիկացիոն համակարգը կամաց-կամաց թյուրքական միջանցքի վերածելու ռազմավարության օգտին, որի մասին Ալիեւն անթաքույց բարձրաձայնում է: Իսկ դա, ըստ էության, նշանակում է այդ կոմունիկացիաների վերահսկողությունը ռուսներից թուրքերին փոխանցելու փորձ, որին Մոսկվան, ինչ խոսք, մատների արանքով չի նայելու: Իսկ ահա ինչպես Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, այնպես էլ Նիկոլի պատասխան ռեակցիան գալիս են հուշելու, որ թուրքական ուղղությունն իրոք Մոսկվայի համար մնում է առաջնային, եւ այս խնդրի հետ կապված ներհայաստանյան կոնկրետ ֆիգուրանտների վերաբերմուքը կարող է իր ազդեցությունն ունենալ մինչեւ իսկ առաջիկա ընտրություններում Մոսկվայի նախասիրությունների վրա: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մինչ այս էլ են ռուսները բազում անգամներ ստիպված եղել լսել Նիկոլի նման ճառերը ու լավ գիտեն դրանց իրական արժեքը: Իսկ դա նշանակում է, որ հարցազրույցներից զատ Նիկոլը նաեւ Մոսկվայում պետք է կարողանա հիմնավորել, թե ինչ թրքասիրություն կամ ճանապարհները Անկարային նվիրելու ծրագրեր, ինքը երազում է բացառապես «Ռուսաստանի Դաշնության հետ լայն եւ երկարաժամկետ համագործակցության» մասին: Իսկ դա ապացուցելու համար պարզապես պետք է անվերապահ համաձայնվել կոմունիկացիաների վերագործարկման այն սցենարի հետ, որը այս օրերին եռակողմ գործընթացում առաջ է տանում Մոսկվան, եւ որի վերջնական տարբերակը Նիկոլին էր ներկայացրել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Բայց նաեւ չմոռանանք, որ նիկոլյան ներկայիս իշխանական համակարգում են ծվարել այն ուժերը, որոնք Քոչարյանի ասածով «փորձում են խաթարել ՌԴ-ի հետ հարաբերությունները»: Արցախից հետո նաեւ Հայաստանով անցնող կոմունիկացիաները ռուսական վերահսկողության տակ անցնելու դեպքում այդ ուժերը պարզապես հայտնվում են վերջնականապես «խաղից դուրս» մնալու հեռանկարի առաջ: Այսինքն, ի՞նչ ռեակցիա կցուցաբերեն այդ ուժերն ու նրանց տերերը, եթե Նիկոլը, այնուամենայնիվ, այդ վերջին թուղթն էլ ստորագրի...
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ