ՀՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ «ՃԻՎԱՂԱՃՈՒՏԻԿԸ»
Վերլուծություն
Եվ այսպես, հենց Զատկին ունեցանք ձվի այնպիսի դեֆիցիտ, ինչպիսին չի եղել վերջին 30 տարիներին: Մարդկանց համար խնդիր էր դարձել Զատկին ընտանիքի ամեն անդամին գոնե մեկ ձվով ապահովելը: Եվ հանկարծ Զատկից մեկ օր անց ձուն հայտնվեց... Առավել քան ակնհայտ է, որ այդ դեֆիցիտն արհեստական էր ստեղծվել: Բայց ո՞ւմ կողմից և ի՞նչ նպատակով:
ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ
Առևտրականների ընչաքաղցության վարկածը դնենք մի կողմ` ձու չկար նույնիսկ թանկ գնով: Հետևաբար, ցինիկ ձևով լրացուցիչ եկամուտ ստանալը չէր կարող լինել արհեստական դեֆիցիտի նպատակը: Առավել կոռեկտ է ենթադրել, որ նպատակը գաղափարական էր: Այն է` հարվածել Զատկի ծիսակարգին այն պայմաններում, երբ պիտի նշվեր պատերազմի բազմահազար զոհերի առաջին Զատիկը: Դրան հավելվեց նաև Զատկին հետևող մեռելոցը աշխատանքային օր հռչակելը: Մինչդեռ բազմահազար զոհերի առաջին մեռելոցը հարցականի տակ չէին դնում անգամ սոցիալական ցանցերի թունդ աթեիստները: Այսինք` նպատակը գլխանց պիղծ էր: Նախ` դրանով խանգարեցին հազարամյակի խորքից եկող ձվախաղի ավանդույթին, երկրորդը` անհետացրին քրիստոնեական Զատկի` ամբողջ աշխարհում ընդունված խորհրդանիշը: Գումարած դրան` վարչարարությամբ փորձեցին զոհվածների հարազատներին խանգարել մեռելոցին այցելել իրենց զավակների, ամուսինների, եղբայրների գերեզմանները, սակայն գործատուներն, ի տարբերություն քայլասերված թրքաբարո կառավարության, դրսևորեցին իրենց որպես հայ, և Եռաբլուրը բազմամարդ էր նաև մեռելոցին: Կապիտուլյանտի և նրա խունտայի սրբապիղծ արարքին իր գնահատականը տվեց և պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանը, ով Վատիկանում դիվանագիտական ծառայության բերումով քաջածանոթ է Զատկի ոչ միայն հայկական ընկալումներին. «Այսօր ննջեցյալների հիշատակի օրն է: Մինչդեռ այսօր անարգված է և՛ նրանց գերեզմանը, և՛ մեր վիշտը»: «Դավաճանների այս իշխանությունը մեզանից խլեց մեր սիրելիների աճյունը խնկարկելու հնարավորությունը: Եվ հետո, ինչպե՞ս հարգել հուղարկավորվածների հիշատակը, երբ ողջերն են արդեն մեռել: Այո, իրականում բոլորս ենք մեռել: Մեռել ենք, որովհետև մեր աչքի առաջ զոհեցին հերոս տղերքին ու հանձնեցին հայրենիքը: Մեռել ենք, որովհետև տեսել ենք հայրերի շիրիմների առջև ծնկած փոքրիկներին, որդիների գերեզմաններին պառկած ծնողիներին: Մեռել ենք, որովհետև այդ ամենը տեղի է ունեցել ու շարունակում է մեր աչքի առջև: Երկու տարի առաջ մեզ փորձում էին համոզել, թե արցախյան համակարտության ընթացքում ընկած տղերքը զոհվել են «հանուն ոչնչի», հիմա գործնականում ապացուցեցին` ինչ է նշանակում «հանուն ոչնչի» մեռնելը: Այլևս չկան ո՛չ տղերքը, ո՛չ էլ հայրենիքը, որի համար նրանք գնացին զոհողության: Մեռել են վանքերը, մեռել է Արցախը, պետությունը, Սփյուռքը, պայքարելու ձգտումն ու հույսը: Որպես քրիստոնյա ժողովուրդ, մենք հավատում ենք անմահությանը, իսկ երեկ շնորհավորում էինք Հարությունը: Իսկ ինչ է Հարությունը, եթե ոչ` հաղթանակ մահի նկատմամբ: Բայց կա մի կարևոր հանգամանք. որպեսզի հարություն առնես (սկսես վերածնվել), պետք է ընդունես, որ մեռել ես: Մինչդեռ այսօր մենք որքան ուժ ունենք չենք ցանկանում ընդունել` ո՛չ մահը, ո՛չ կորուստը, ո՛չ մեր պետության ու զինվորի կանխամտածված սպանությունը, հասարակության հավաքական ինքնասպանությունը»:
Ի դեպ, աչքի զարնեց և այն, որ «ինքնամեկուսացած» հողատուն նաև չեկավ Էջմիածին` պատարագի: Իսկ այն, որ նա չեկավ Կոմանդոսի հոգեհանգստին և հուղարկավորությանը, նույնիսկ լավ է` դավաճանի ներկայությունը վիրավորական կլիներ մեծն զորապետի հիշատակի համար: Եվ այդ ամենի մեջ զգացվում է մի տեսակ իռացիոնալ սատանիզմ` ամեն ինչ մերժել թեկուզ ի վնաս սեփական վարկանիշի: Ի դեպ, իռացիոնալիզմի դաշտում է նաև բարձրաստիճան ուսապարկերի անզուսպ հրապարակային թրքալեզությունը` փաստորեն նրանք չեն կարողանում նույնիսկ հանուն պրագմատիզմի զսպել սեփական հայատյացությունը: Նիկոլն ու իր խունտան ոչ այլ ինչ են, քան ՀՀ քաղաքական դաշտի «ճիվաղաճուտիկը»: Եվ ակնհայտ է, որ սրանք պետք է ընդմիշտ մեկուսացվեն քաղաքական դաշտից:
ԽՈՒՆՏԱՅԻ ԹՈԹԱՓՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԵՌԱԳՈՒՅՆԻ ՄԱՀ
Մինչդեռ այդ հակահայ գենապղծվածների բոլուկը վերարտադրվելու հուսեր ունի: Մակունցը բացել է որոշ փակագծեր` մինչեւ ապրիլի վերջ հողատուն հրաժարական կտա (բայց չճշգրտեց` ապրիլի 24-ից առա՞ջ, թե՞ հետո), իսկ իրենց համամասնական ցուցակի որոշակիացումը կլինի մայիսին: ԴԵ պարզ է ինչու` որպեսզի ցուցակից դուրս մնացողները չփախչեն կոճակ սեղմողների նախրից եւ քվեարկեն բոլոր անմաքուր օրինագծերի օգտին, որոնք գլխավոր գերագույն վիժվածքը կբերի ԱԺ: Նաեւ երեւում է, որ նրանք մեծ վախ ունեն ռազմիկ նախագահներ Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից: Նրանք սին հույսեր ունեն խանգարել ՀՀԿ-ին ռեյտինգային ընտրակարգի վերացումով, իսկ Ռոբերտ Քոչարյանին շարունակում են դատել ՔՕ-ում գոյություն չունեցող հոդվածով: Այդ դատավարությունը «վերաձեւակերպելու» համար նաեւ ներգրավում են հին ինտրիգան Գագիկ Ջհանգիրյանին: Նաեւ երեւում է, որ նրանց վախը բազմապատկվել է Ռոբերտ Քոչարյանի` OPT-ին տված հարցազրույցից հետո...
Այսինքն` սկզբունքորեն կռիվ տալու ձեւը կա, սակայն կա մի գերխնդիր` եթե Նիկոլը մասնակցեց ընտրությունների, ապա անգամ պարտության դեպքում լեգիտիմացվում է նրա դավաճանությունը: Հետեւաբար, ընդդիմությունը պետք է կիրառի ցանկացած հասանելի միջոց, որպեսզի հողատուն հրաժարականից հետո չկարողանա մուտք գործել կառավարության շենք եւ վարչապետական կեցավայր: Ի դե, այդ գործին կարող է նպաստել նաեւ Օնիկ Գասպարյանի դատական հայցի քննությյունը` դատարանն իրեն պինդ է պահում: Սակայն ծանր վիրավոր «ճիվաղաճուտիկը» շարունակում է լինել ծայրահեղ վտանգավոր: Ռազմաքաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանը նշում է հետեւյալ գործընթացները.
1.Դավադիր պատերազմի միջոցով` ազատագրած տարածքների հանձնում:
- Հրաժարում Արցախի ինքնորոշման հարցից:
- Սյունիքի բռնակցում Ադրբեջանին` կոմունիկացիաների ապաշրջափակման անվան տակ:
- Թուրքական կապիտալի հոսք դեպի Հայաստան, մեր տնտեսության վերջնական վախճանի նպատակով:
- Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ չթշնամանալու քարոզչություն` ժողովրդի զգոնությունը զրոյացնելու նպատակով:
- Բանակի կազմաքանդում:
- Ռուսական ռազմաբազայի դուրս բերում Հայաստանից եւ խաղաղապահ ուժերի դուրս բերում Արցախից:
- Ատոմակայանի վերջնական փակում:
- Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգից հրաժարում:
- Սփյուռքի գոյապահպանման հիմքերի խարխլում:
Այդ ռիսկերը չեզոքացված չեն, քանի դեռ հողատուն մեկուսացված չէ ԲՈԼՈՐ լծակներից: Իսկ դա պետականության մահվան սպառնալիք է: «Գարնանային քամին տղաների եռագույն հոգիներն է ծածանում...»,- Ռուբեն Մխիթարյանի այս մետաֆորան իրականում դարերի խորքից եկող իմաստ ունի: Դավիթ Անհաղթի աշխատություններում մարդու հոգին նկարագրված է որպես եռագույն: 1918-ին վերածնված պետականությունն ընդունեց Եռագույնը, քանզի հենց հայերն ու Հայաստանն են մոլորակի հոգին: Ոչնչացվեց Եռագույնը` շունչը կփչի նաեւ մարդկությունը: Հետեւաբար` Հայոց պետականությունը պահելը նաեւ մեր համամարդկային պարտքն է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ