Կայացավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ․ հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի հիմնադիր նիստը
Միջոցառումներ - ՍԻՄ
Այսօր կայացավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության» շարժման Կանանց խորհրդի հիմնադիր նիստը։ Խորհուրդը կազմված է 44 անդամից:
Ողջունելով մասնակիցներին՝ շարժման գործադիր կոմիտեի անդամ, «Բարեպաշտ սերունդ» հկ նախագահ Վահրամ Մկրտչյանն ընդգծեց կանանց դերի կարեւորությունը Շարժման մեջ: Նա նշեց այն փաստը, որ, ունենալով այնպիսի հարեւաններ, ինչպիսին են Թուրքիան եւ Ադրբեջանը, մեր միակ զարգացման ուղին կարող է լինել միայն Ռուսաստանի հետ, եւ դա այսօր ազգային անվտանգության հարց է։
Իր հերթին շարժման գործադիր կոմիտեի անդամ, «ՍԻ»Միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը հիշեցրեց, որ տասնամյակներ շարունակ նշվել է Ռուսաստանի հետ ավելի մտերիմ եւ սերտ հարաբերություններ ձեւավորելու անհրաժեշտությունը․ «Հայաստանի՝ ԵԱՏՄ կազմի մեջ մտնելու համար շատ ենք պայքարել, որովհետեւ կային տարբեր կարծիքներ։ Եւ մեր հիմնական համագործակցությունը արտաքին քաղաքականության մեջ պետք է լինի Ռուսաստանի հետ։ Այսօր ելքը իրավիճակից , մեր երկրի ապագան եւ միակ զարգացման ուղին՝` Ռուսաստանի հետ ձեւավորել սերտագույն դաշինք բոլոր ասպարեզներում՝ ընդհուպ մինչեւ միութենական պետության ստեղծում»։
Ելույթով հանդես եկան շարժման Կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը, խորհրդի անդամներ Գայանե Ներսիսյանը, Մարիամ Մուրադյանը եւ ուրիշներ: Մտահոգությունը այն էր, որ այս իշխանությունների գործունեության արդյունքում հարցականի տակ է դրվել մեր պետականությունը, հայրենի հողը, հայ ազգի արժեհամակարգը:
Մասնակիցները նիստի ընթացքում քննարկեցին ավանդական հայ կնոջ դերն ընտանիքի եւ հասարակության մեջ , դատապարտեցին եւ մերժեցին աղանդների, գռեհիկ ֆեմինիզմի տարածումը, ԼԳԲՏ քարոզչությունը՝ որպես ազգակործան երեւույթներ։
Միջոցառման ավարտին ընդունվեց հայտարարություն՝ ի պաշտպանություն հայ գերիների եւ փախստականների իրավունքների։
Զարուհի Բաբուխանյան
