Վիրահայերի միասնություն ՀԿ-ն պաշտպանեց Վաղարշակ Հարությունյանին Նաիրա Զոհրաբյանից
Զարկերակ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է տարածել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հարցազրույցի մի հատվածի վերաբերյալ, որտեղ Հարությունյանը պնդում է, որ «մենք ունենք հզոր հակաօդային պաշտպանություն, որը լավագույնն է տարածաշրջանում»: Նաիրա Զոհրաբյանը նաև արել է գրառում, որում ասվում է․
«Մենք պատերազմը նաեւ պարտվել ենք, որ հակաօդային պաշտպանություն չենք ունեցել։ Արցախի օդը եղել է բաց։
Մեր տղաները թուրքական բայրաքթարների մսաղացի տակ են ընկել, որովհետեւ Նիկոլը հակաօդային պաշտպանության համակարգ գնելու փոխարեն նախընտրել է իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր գնել։
Էս մարդը, որ խոսում է ու ասում է, որ մենք հզոր ու անխոցելի հակաօդային պաշտպանության համակարգ ունենք եւ Ադրբեջանն ում շունն է, որ պատերազմում մեզ հաղթի, այսօր ՀՀ պաշտպանության նախարարն է»։
Դրան ի պատասխան Վիրահայերի միասնություն ՀԿ նախագահությունը Բաց նամակ է հղել Նաիրա Զոհրաբյանին, որում, մասնավորապես, ասված է.
«Տիկին Նաիրա, այսօր անսպասելի հոդված կարդացինք, որը հասցեագրված էր Ձեր կողմից ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին, որը տարակուսանք առաջացրեց մեզ մոտ։ Նախ պետք է նշենք, որ Վաղարշակ Հարությունյանը շատ կիրթ մարդ է` կրթված ԽՍՀՄ ռազմական 3 բուհերում, այդ թվում նաև Ռուսաստանի գլխավոր շտաբի ակադեմիան ավարտած Սովետական բանակի սպա է։ Եթե նա հայտարարել է, թե Ադրբեջանն ում շունն է, որ մեզ հաղթի` բոլորս ենք այդ կարծիքին եղել, հիմա էլ ենք այդ կարծիքին։ Բայց չէ որ բոլորս, այդ թվում նաև Դուք գիտեք, որ մեզ վրա հարձակվել են Թուրքիան և Ադրբեջանը, որոնց օժանդակել են Սիրիայի և Աղվանստանի ահաբեկչական խմբավորումները և Պակիստանը: Հարգելի տիկին Զոհրաբյան այդ ամենին նաև նպաստեց Հայաստանի ներքաղաքական խժդժուկները։ Մենք չենք կարծում, որ այս ամենի մասին Դուք չգիտեիք և մեզանից պետք է իմանաք։ Ուստի Վիրահայերի միասնություն ՀԿ իր տասնյակ հազարավոր անդամներ հանդերձ կոչ է անում Ձեզ `զերծ մնալ սադրիչ հայտարարություններից»:
