ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ԹԵՄԱՆ ԴԱՐՁԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ
Ներքաղաքական
«Իրավունքը» դեռեւս շաբաթներ առաջ գրավոր հարցում էր ուղարկել Կառավարություն` հետաքրքրվելով, թե ովքեր են ներգրավված տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբում (անդամների անունները), եւ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել մինչ օրս: Մեր հարցմանը սահմանված ժամկետից ուշ պատասխանեցին, որ հարցը վերահասցեագրել են Մհեր Գրիգորյանի գրասենյակ, եւ որ այնտեղից կստանանք պատասխան, բայց մինչ օրս այդ հարցի պատասխանը չենք ստացել: Կրկին դիմեցինք, այս անգամ էլ, թե՝ «Կուղարկենք»: Մինչ «կուղարեկեն», արդեն այլ հարց է հետաքրքիր դարձել: Այսպես, ըստ հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրի, մինչեւ այս մարտի 1-ին երեք երկրների փոխվարչապետներից կազմված աշխատանքային խումբը պետք է ավարտեր աշխատանքները եւ պետությունների ղեկավարներին ներկայացներ, թե որ ճանապարհներն են պատրաստվում բացել եւ երբ: Ընդ որում, աշխատանքային խումբը դա պետք է հստակեցներ փետրվարի 27-ին կայանալիք նիստում, սակայն այդ նիստի մասին եւս որեւէ բան չկա: Եղե՞լ է այդ նիստը, փաստաթուղթն արդեն պատրա՞ստ է: Այդ պարզ հարցի պատասխանը փորձեցինք ստանալ կառավարությունից, ու նորից նույն «տրյուկը»՝ դիմեք գրավոր: Դիմեցինք, երեւի, մի քանի ամսից ինչ-որ անկապ պատասխան կմոգոնեն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ