Լեւոն Քոչարյանը` Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքներին չմասնակցելու պատճառների եւ մանուկ հասակում ստացած ամենակարեւոր խորհրդի մասին
Թեմա
Հայաստանի երկրորդ նախագահի որդուց՝ Լևոն Քոչարյանից «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանն անձամբ չի գալիս եւ չի մասնակցում ընդդիմության հանրահավաքներին, ով պատասխանեց.
-Հայրս իր հարցազրույցներում հստակ ասել է, կոչ է արել իր համախոհներին, աջակիցներին ակտիվ լինել, մասնակցել: Գոյություն ունի կոնկրետ ֆորմատ եւ այդ շրջանակներում է ամեն ինչ կատարվում: Իր գալու այս հարթակում կանգնելու հետ կապված ոչինչ ասել չեմ կարող, եթե դա լինի բոլորս դա կտեսնենք:
-Պարոն Քոչարյան, շատերը եւս համարում են, որ այս իշխանությունները այլեւս պետք է հեռանան, բայց հանրահավաքին չեն մասնակցում պատճառաբանելով, որ հաթակում նախկիններն են:
-Գիտեք, պետք չէ նայել, թե ովքեր են այսօր հարթակում: Շատերի հետ ես ինքս, մենք ինքներս տարաձայնություններ ունենք տարբեր տեսակի: Բայց հիմա սա է ճանապարհը: Պետք է ավելի ակտիվ լինել, մասնակցել չհուսահատվել, փորձել միասին, համատեղ ուժերով երկիրը հանել այս ողբալի վիճակից:
- Երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին նրա որդիներին, դստերը հանրությունը հազվադեպ էր հանրային վայրերում հանդիպում, առավելեւս լսում նրանց կարծիքը երկրում տեղի ունեցող այս կամ այն իրադարձությունների հետ կապված: Ինչը չենք կարող ասել ներկայումս վարչապետի աթոռը ստանձնած Փաշինյանի երեխաների մասին: Հարցս հետեւյալն է` Դո՞ւք չէիք ցանկանում, այսպես ասած, շատ երեւալ, թե՞ Ձեր հայրը Ձեզ թույլ չէր տալիս:
-Չեմ կարծում, որ դրա կարիքը կար այն ժամանակ, հիմա փորձում եմ հետ գնալով հասկանալ, թե ինչու էր այդպես: Եվ հիմա Ձեր հարցին պատասխանելով կարող եմ ասել հետեւյալը. փոքրուց մեզ մոտ միշտ եղել է այն մոտեցումը, որ ոչ մի պարագայում որեւէ խնդիր չստեղծենք հորս համար: Դրա համար ամեն ինչ շատ ավելի զուսպ է եղել: Գուցե նաեւ ժամանակներն են տարբեր եղել` սոցիալական ցանցեր եւ նմանատիպ այլ բաներ չեն եղել:
Իսկ ընդհանրապես ընտանիք քննարկելը, այդ ամեն ինչը շահարկելը ես չեմ ընդունում, բայց մյուս կողմից հասկանում եմ, թե ինչու են իրենք հայտնվել այս վիճակում, որովհետեւ իրենք տարիներ շարունակ արել են այդ ամենը ինչպես մեր` այնպես էլ շատերի հանդեպ: Ամենատարբեր կեղծիքներն են տարածել առանց հաշվի առնելու ընտանիքը, երեխաներին: Երեւի բումերանգի պես հիմա իրենց արածը իրենց դեմ է պտտվում:
-Ի՞նչ խորհուրդ է տվել Ձեր հայրը մանուկ հասակում, որով հասուն տարիքում առաջնորդվում եք:
-Գիտեք, երբ փոքր էի հորս քիչ է տեսնում` արցախյան պատերազմով պայմանավորված: Խորհուրդներ շատ է տվել, հայրիկիս խորհուրդներից թեերեւս ամենակարեւորներից են` լինել ազնիվ, մաքուր, շիտակ առաջին հերթին ինքդ քեզ հետ:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ