Վաղը կարող է լինել ուշ
Վերլուծություն
Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հարցում Նիկոլը ինքն իրեն եւ ընդհանրապես Հայաստանում ներքաղաքական իրավիճակը մղվեց փակուղի: Քանի դեռ հարցը առկախված է, իսկ այն առկախված կլօինի մինչեւ վաղը, պետք է տրվի լուծում այն պատային իրավիճակից: Այսինքն լուծումը պետք է տրվի այսօր: Կա լուծման երեք տարբերակ:
Առաջինը` Օնիկ Գասպարյանը ընդունում է Նիկոլի հրամանագիրը, ենթարկվում է դրան եւ պաշտոնանկ է լինում: Այդ դեպքում, բնականաբար, ամբողջ բանակյին վերնախավը իրեն զգում է խաբված, իսկ Նիկոլը սկսելու է Օնիկի եւ իր դեմ հայտարարգիրը ստորագրածներին պաշտոնանկության եւ քրեական հետապնդման գործընթաց: Ավելին, Նիկոլը բանակի վերնախավի վրա է գցելու պատերազմում խայտառակ իրացվիճակի ու պարտության մեղքը: Նիկոլի հաջորդ քայլը կլինի մայիս-հունիսին Աժ արտահերթ ընտրություններ նշանակելը:
Տարբերակ երկրորդ` Օնիկ Գասպարյանը Նիկոլի հրամանագիրը հայտարարում է հակասահմանադրական: Երկրում ձեւավորվում է երկիշխանություն: Ընդդիմությունը շրջափակում է Ազգային ժողովը, պահանջելով չեղյալ հայտարարել ռազմական դրությունը եւ անվստահություն հայտնել վարչապետին: Վարչապետին անվստահություն հայտնելուց հետո ընդդիմությունը պահանջում է վարչապետ նշանակել Վազգեն Մանուկյանին:
Տարբերակ երրորդ` այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմում է Սահմանադրական դատարան Փաշինյանի հրամանագիրը Գասպարյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ հակասահմանադրական ճանաչելու հայցով: Խնդիրը առկախվում է մինչեւ ՍԴ-ի որոշումը:
Բոլոր դեպքերում հարցի լուծումը պետք է տրվի այսօր, քանի որ վաղը արդեն ուշ կլինի եւ գործընթացները կարող են դուրս գալ իրավական ճանապարհներից եւ ստանան ուժային ու կամայական բնույթ: Սկսած նրանից, որ Նիկոլը կարող է փորձել ուժով զինաթափել եւ կալանավորել Գլխավոր շտաբի անդամներին կամ ընդհակառակը բանակը իրականացնի ռազմական հեղաշրջում: Երկու տարբերակներն էլ խիստ անցանկալի են:
Ա. Հովհաննիսյան