ՀԻՄԱ ԷԼ 4 ԱՆԳԱՄ ԿԱՎԵԼԱՑՎԻ ԳՈՐԾՈՂ ՊԵՏՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ
Հասարակություն
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախորդ շաբաթ քննարկվեց պետտուրքի դրույքաչափի ավելացման հարցը: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում եւ նոր դրույքաչափեր սահմանել` դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար: Արդարադատության նախարարի տեղակալ ՎԱՀԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ նշեց, որ օրենքը 1999 թվականից ի վեր որեւէ փոփոխության չի ենթարկվել, մինչդեռ Հայաստանում փոփոխվել են սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Այսպիսով` վերոնշյալ նախագծով առաջարկվում է տուրքի գործող դրույքաչափերն ավելացնել մինչեւ 4 անգամ, ինչպես նաեւ` վերանայել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների դրույքաչափերը: Նշենք, որ այս նախագծի ընդունման դեպքում` Առաջին ատյանի դատարան դրամական պահանջով դիմելու համար առաջարկվում է սահմանել 3%` նախկին 2%-ի փոխարեն: Վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոք ներկայացնելու համար, որպես առավելագույն դրույքաչափ, սահմանվել է 15 մլն դրամ, իսկ Վճռաբեկ դատարանում քաղաքացիական գործերով` 10 մլն դրամ: Սահմանվել են պետական տուրքի առավելագույն եւ նվազագույն չափերը նաեւ վարչական դատավարության կարգով քննվող գործերի համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ