ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՈՐ ԵՐԿԻՐԸ ՍՈՎԻ ԵԶՐԻՆ Է
Տնտեսություն
Կառավարության նախորդ նիստում Նիկոլը հերթական մանիպուլյացիոն հայտարարությունն արեց: Այսպես, նա հիմա էլ համոզում է, թե Հայաստանի տնտեսությունը ոչ միայն ոչնչացած չէ, այլ, ոչ ավել, ոչ պակաս, վերականգնման ընթացքի մեջ է:
Ըստ կառավարության նիստում Նիկոլի արած հայտարարության. «Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով` հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով եւ հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31.4 մլրդ դրամով... Հարկ է արձանագրել, որ էականորեն աճել են նաեւ արտահանման եւ ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում...»:
Իսկ ահա ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ բացատրեց, թե որտեղից է դրամաշրջանառության այդ 31 միլիարդանոց աճը. այն հիմնականում վերաբերում է 3 ոլորտի՝ մանրածախ սպառման, արտադրության եւ ծառայությունների մատուցման: Այս հույժ լավատեսական քարոզչությունից մեկ պարզ հարց է առաջ գալիս՝ իսկ ինչո՞ւ էր Նիկոլը փետրվարի մասին տվյալներ բերում, երբ այդ պահին անգամ հունվարի համար վիճակագրական ցուցանիշներ չկային: Եվ ահա, երբ երեկ պաշտոնական վիճակագրությունը ներկայացրեց հունվարի այդ տվյալները, պարզ դարձավ, որ Նիկոլին ավելի հարմար է եղել այնպիսի տվյալներից խոսել, որոնք պաշտոնապես ներկայացվելուն դեռ մեկ ամիս կա, այսինքն` հազիվ թե, համատարած իշխանական ստի հեղեղի մեջ նիկոլյան այդ թվերի մասին հիշող լինի: Մինչդեռ հունվարին վերաբերող վիճակագրությունը, անգամ գունազարդված տեսքով, մեկ է՝ ապացուցում է, որ տնտեսություն, որպես այդպիսին, չունենք: Սկսենք Նիկոլի այդքան գովերգած դրամաշրջանառության աճից, որի պատճառներից մեկը, ինչպես նշեցինք, առեւտուրն էր: Ընդ որում ասել, թե փետրվարի առաջին կեսի իրավիճակը կարող է ինչ-որ կերպ հունվարից տարբերվել, միամտություն կլինի. խոսքը, վերջին հաշվով, երկրի սոցիալական վիճակը բնութագրող ցուցանիշի մասին է, իսկ սոցիալական վիճակը փոխվում է տարիների եւ ոչ թե մեկ ամսվա ընթացքում: Եվ ահա, վիճակագրությունը փաստում է, որ այս տարվա հունվարին, անցած տարվա հունվարի համեմատ, երկրում առեւտրի շրջանառությունը նվազել է 15.1 տոկոսով (տե՛ս աղյուսակը): Ավելին ասենք, դրամաշրջանառության փետրվարյան «աճին» նպաստած մյուս երկու ուղղություններում՝ արտադրության եւ ծառայությունների ոլորտներում եւս երկնիշ անկումներ են: Ու թե նման կատաստրոֆիկ վիճակն այդ ինչպես է փետրվարի առաջին 15 օրերին վերածվել, Նիկոլի ասած, բազմամիլիարդանոց աճի, միայն նա կարող է ասել: Սակայն ամեն ինչ դրանով չի սահմանափակվում: Բանն այն է, որ ունենք մեկ գործոն, որը ֆինանսական առումով պետք է ավելացներ առեւտրաշրջանառությունը: Խոսքը թանկացումների մասին է: Ընդ որում, թեեւ վիճակագիրները հունվարին ներկայացրել են ընդամենը 4.5 տոկոս գնաճ, որ տեղավորվեն պետական թույլատրելի շեմում, սակայն յուրաքանչյուր ոք, ով մտնում է խանութ, կարող է վկայել, որ իրականում ունենք էապես ավելի բարձր գնաճ: Ավելի կոնկրետ, այն բոլոր հիմնական ապրանքները, որոնք շարքային մահկանացուներիս համար ամենօրյա է, թանկացել են մինչեւ իսկ 40-50 տոկոսով: Եվ, հասկանալի է, ֆինանսական առումով առեւտրի շրջանառությունն էլ պետք է ավելանար այնքանով, որքանով ամեն ոք թանկացման պատճառով հավելյալ վճարում է: Բայց փաստը սա է՝ ունենք վիճակագրական մոտ 15 տոկոսանոց առեւտրաշրջանառության անկում: Իսկ դա մեկ բան է նշանակում՝ մարդիկ ստիպված են ծավալային առումով պակաս գնել: Պարզ օրինակ. եթե մարդն անցած տարի 1 լիտր ձեթի համար վճարում էր 500-600 դրամ, ապա հիմա ստիպված է վճարել 800-900 դրամ՝ մոտ 50 տոկոսով ավել: Ու հիմա նա էլի վճարում է նույն 500-600 դրամը, բայց ձեռք բերելով ոչ թե 1 լիտր, այլ՝ մոտ 0.5-0.6 լիտր ձեթ: Չնայած, հաշվի առնելով, որ առեւտրաշրջանառությունը նվազել է 15 տոկոսով, դա նշանակում է, որ քաղաքացին արդեն վճարում է ոչ թե 500-600 դրամ, այլ դրանից 15 տոկոսով էլ պակաս, բնականաբար, գնելով այդ չափով պակաս ձեթ: Այս օրինակը տարածենք առաջին սպառման բոլոր ապրանքների վրա, եւ մեկ պարզ իրողության կհանգենք՝ քաղաքացիները քիչ են գնում ոչ թե գիրանալու դեմ պայքարելու համար, այլ պարզապես թերսնվում են՝ փող չունենալով: Իսկ վիճակագրական լեզվով դա հուշում է, որ էապես նվազել է աղքատության եւ ծայրահեղ աղքատության մակարդակը: Ընդ որում, դրանում համոզվելու այլ ցուցանիշներ էլ կան: Թեեւ անցած ողջ տարվա ընթացքում վիճակագիրները ներկայացնում էին աշխատավարձերի աճի մասին ֆանտաստիկ տվյալներ, բայց ահա այս հունվարի դրությամբ ֆիքսել են բոլորովին այլ պատկեր: Այն է` անցած հունվարի համեմատ ունենք միջին աշխատավարձերի 3.8 տոկոս անկում: Ճիշտ է, պետական համակարգում այն 0.1 տոկոս է, եւ, բնականաբար, ի հաշիվ վերին չինովնիկության գերբարձր աշխատավարձ-պարգեւատրությունների, բայց ահա մասնավորի մոտ աշխատավարձերը նվազել են 5.4 տոկոսով: Սա արդեն իսկ նշանակում է, որ մասնավոր բիզնեսը խորը ճգնաժամի մեջ է, սակայն խնդիրը շարունակենք դիտարկել սոցիալական տեսանկյունից: Այսպես, շարքային քաղաքացիներն ունեն աշխատավարձի տեսքով եկամուտների 5 տոկոս անկում, իսկ գներն ավելացել են մոտավորապես այդքան: Սա նշանակում է, որ քաղաքացու գնողունակությունը նվազել է առնվազն 10 տոկոսով: Եվ եթե հաշվի առնենք, որ առանց այդ էլ, մեկ տարի առաջ մարդիկ գնողունակությամբ չէին փայլում, այսինքն՝ ստացածը հազիվ բավարարում էր կիսաքաղց գոյության համար, ապա պատկերացրեք, թե ներկայումս ինչ վիճակ է, երբ գնողունակությունը 10 տոոսով էլ է նվազել: Կարճ ասած, այն բազում մտավախությունները, որ երկիրը սովի եզրին է, ստացան նաեւ վիճակագրական հաստատում: Հա, Նիկոլը մեկ էլ պնդում է, թե՝ «էականորեն աճել են նաեւ արտահանման եւ ներմուծման ծավալները»: Իսկ ահա վիճակագրությունը հաստատում է, որ այս տարվա հունվարին ունեցել ենք արտահանման 11.3 եւ ներմուծման՝ 20 տոկոս անկում: Եվ ո՞ւր մնաց Նիկոլի «էական աճը»: Փոխարենը, էական եւ ամենուր են անկումները: Այնքան խորը, որ հարց է ծագում՝ Նիկոլից հետո վերականգնելու էլ բան կմնա՞:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ