ԻՆՉՈՒ ԵՆ ԴԵՌ ԼՌՈՒՄ ԵԶԴԻՆԵՐԸ
Ներքաղաքական
Եզդիների ազգային միության համագումարն ընտրեց միության նոր նախագահ: Թեկնածուն մեկն էր` Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահ Ազիզ Թամոյանի թոռը` 31-ամյա ԽԴՐ ՀԱՋՈՅԱՆԸ:
Եզդիների համար այս պատմական օրը, թվում էր, թե առաջին շարքում պետք է ներկա լիներ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր ՌՈՒՍՏԱՄ ԲԱՔՈՅԱՆԸ, բայց նա ներկա չէր` ճիշտ նույն ժամին նպատակահարմար էր գտել լինել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին: Թե արդյոք իշխանական պատգամավորները հրավիրված են եղել համագումարին, Եզդիների ազգային միության նորընտիր նախագահ Հաջոյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց. «Մենք տեղեկատվությունը տարածել ենք համացանցում, բոլորը տեղյակ են եղել, եւ ովքեր, որ հարկ են գտել հարգել պարոն Թամոյանի հիշատակը, բնականաբար, եկել են եւ մեզ հետ են»: Իսկ թե Եզդիների ազգային միությունը պահանջելո՞ւ է գործող կառավարության եւ վարչապետ Փաշինյանի հրաժարականը` հանուն եզդիների ապագայի, մեր զրուցակիցը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց. «Օրակարգի թեմայից չեմ շեղվելու, որովհետեւ չեմ ցանկանում Ազիզ Թամոյանի երջանկահիշատակ անունը որեւէ կերպ քաղաքականացվի: Այսօրվանից հետո սիրով պատրաստ եմ յուրաքանչյուր հարցի պատասխանել: Ուղղակի, հիմա թույլ տվեք որեւէ մեկնաբանություն չտալ»:
«Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական եւ տնտեսական զարգացման ՀԿ նախագահ, «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԸ, որը նաեւ Եզդիների ազգային միության նախագահության անդամ է, նշեց, որ չի կարող միության անունից ասել, բայց անձամբ ինքը վաղուց ասել է. «Կապիտուլիացիա ստորագրած եւ ժողովրդին նսեմացրած իշխանությունը իշխանության մեջ տեղ չունի: Քավ լիցի, չեմ ասում, թե տեղ չունի Հայաստանում եւ պետք է լքեն Հայրենիքը: Նրանք դեռ պետք է պատասխան տան իրենց արարքների համար»: Իսայանը նաեւ գտնում է, որ այսօրվա իշխանությունն անշնորհակալ է. «Նույնիսկ ցավակցական ուղերձ չհղեցին ո՛չ եզդի ազգին, ո՛չ էլ թամոյանական ընտանիքին` Ազիզ Թամոյանի մահվան կապակցությամբ: Սա շատ վիրավորական էր: Բայց ուզում եմ շեշտել, որ վիրավորանքը ոչ թե հայրենիքից է, ոչ թե Հայաստանից կամ հայ ժողովրդից է, այլ` այսօրվա իշխանիկներից»:
Թե այսքանից հետո` ինչո՞ւ են եզդիները խուսանավում դիրքորոշում հայտնել գործող կառավարության վերաբերյալ, դժվար է ասել: Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ անգամ տոտալիտար Թուրքիայում տեղի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ հայազգի պատգամավոր ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆՆ իր մեջ համարձակություն է գտնում եւ բարձրաձայնում այն ամենը, ինչ մտածում է թուրքական իշխանության մասին: Այնպես որ, վաղուց հնացած է այն միտքը, թե ազգային փոքրամասնությունները ստիպված են միշտ լինել տվյալ երկրի իշխանության կամակատարը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ