Մենք ստիպված ենք լինելու գնալ ավելի կոպիտ քայլերի. Գեւորգ Գեւորգյան
ՆերքաղաքականՍտեղծված իրավիճակում «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր նախագահ, Արցախյան երեք պատերազմի մասնակից, ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ կողմնակից է, որ հասարակությունն իր ըմբոստությամբ կարողանա ստիպել այսօրվա իշխանազավթներին հեռանալ իշխանությունից: «Իրավունքի» հետ զրույցում նա ցավով նշեց, որ այսօր մեր թշնամիները դրսից եւ ներսից պատրաստ սպասում են, որ մենք էլ ավելի մեծ ցնցումների ենթարկվենք:
- Այսօր, հեռացնելով թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող այս ապազգային իշխանությանը` ի դեմս իրենց խեղկատակի, մենք կկանգնենք մեր բանակի կողքին: Եվ դրանով իսկ կվերականգնենք մեր արժանապատվությունը: Երեկ թուրքերը բառացի հայտարարեցին, որ Նիկոլի թիկունքին են կանգնած: Էլ ի՞նչ պետք է լինի, որ մարդիկ, ի վերջո, վեր կենան իրենց տեղերից ու գան հրապարակ եւ իրենց ձայնը բարձրացնեն` հանուն իրենց երեխաների, հանուն Հայաստանի Հանրապետության:
– Պարոն Գեւորգյան, իշխանությունը կարծես թե անդրդվելի է: Ըստ Ձեզ` արդյոք հանրահավաքային միջոցներով հնարավո՞ր է նրանց հեռացնել պետական ապարատի աթոռներից:
– Եթե այս բոլոր մոտեցումներն ապարդյուն լինեն, պետք է անցնել արդեն ավելի կտրուկ քայլերի: Եվ դրա համար մեր բոլոր ելույթներում, հարցազրույցներում, կոչերում խնդրում ենք հասարակությանը դուրս գալ փողոց` անկախ նրանից, թե ինչ եղանակ լինի: Վերջիվերջո, ազգն է կերտում իր ապագան, իսկ այսօր ազգը գիտակցում է, որ կոնկրետ դավաճանված է, թիկունքից հարված է ստացել: Իսկ այդ դավաճանին պետք է բերել պատասխանատվության: Այնպես որ, կողմնակից եմ, որ ներքաղաքական խնդիրներում մաքսիմալ հնարավոր բոլոր մեթոդները օգտագործվեն, որ հասարակությունն իր զգալի հատվածով կարողանա իր ճնշումը գործադրել: Բայց եթե դա էլ չազդի մեր ներքին եւ արտաքին թշնամիների վրա, ստիպված ենք լինելու գնալ ավելի կոպիտ քայլերի: Մենք այսօր ոչ միայն պայքարում ենք իշխանազավթների եւ կապիտուլյանտների դեմ, այլ մի մեծ գլոբալիզացիոն մեխանիզմի, որը մշակված աշխատում է մեր դեմ:
– Փաստացի ներքաղաքական դրությունը երկրում արթնացավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո: Ի՞նչ կասեք այս մասին:
– Սերժ Սարգսյանի հարցազրույցն արժանապատիվ նախագահի խոսք էր: Նա մեծ լույս սփռեց մի շարք հարցերի վրա, եւ այն նույնպես օգնեց, որ մեր հանրահավաքների շարքերն էլ ավելի շատանան, հասարակությունը դուրս գա եւ իր բողոքի ձայնը բարձրացնի ընդդեմ այս կապիտուլյանտների: ՀՀ 3-րդ նախագահն իրապես հիմնավորեց, որ նախկինները մեծ քաղաքական փորձ, գիտելիք եւ կայուն արժանապատվություն ունեցող ղեկավարներ են եղել: Եվ, իհարկե, այսօրվա իշխանազավթները պետք է վախենան նրանցից, որովհետեւ իրենք այդ արժանապատվությունը չունեն, չեն տիրապետում աշխարհաքաղաքական իրավիճակին, ճիշտ վերլուծություններ հարեւան պետությունների, գործընկերների, ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում չեն կարողանում անել եւ կայուն պահել պետության ողնաշարը: Սա այս իշխանազավթներին տրված չէ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ