Անթույլատրելի են քաղաքացիական բախումները. փաստաբան
Իրավական
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
փաստաբան Լևոն Բաղդասարյանի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Տեսել և լսել ենք, թե այլ երկրներում ինչպես են զինվորականները ռազմական հեղաշրջում իրականացնում, հետո տրվում է դրա իրավական, քաղաքական գնահատականը՝ լավ կամ վատ: Բայց զինվորականների, այն էլ գործող բարձրագույն ռազմական ղեկավարության քաղաքական հայտարարություն անելը, թե հրաժարական տուր, չլսված, չտեսնված բան էր, ընդ որում, Սահմանադրության ուժով այս կառույցն ունի պարտավորություն՝ պահպանելու քաղաքական չեզոքություն: Կարծես ոչ թե ռազմական գերատեսչության հետ գործ ունենք, այլ նախարարության:
Իրավամբ, պատերազմը տանուլ տալու գլխավոր պատճառներից մեկը նման անատամ, անսկզբունք, բան ու գործը թողած, քաղաքականության հետ աղերսվող գեներալիտետն է, որը, պետք է արձանագրել, ձևավորեց ինքը՝ վարչապետը: Պետք է արձանագրել նաև, որ գործող քաղաքական իշխանության անգործության արդյունքում է ձևավորվել Հայաստանի ներկա իրավիճակը, ուստի գործող քաղաքական իշխանությունը պարտավոր է կամ անհապաղ հրաժարական տալ և տեղը զիջել այն ուժերին, ովքեր ունակ և ընդունակ են երկիրը հանել այս քաոսից, կամ անհապաղ սահմանել օրենքի դիկտատուրա, որպեսզի յուրաքանչյուրը լինի իր տեղում, իր դերում:
Անթույլատրելի են քաղաքացիական բախումները: