Այվազյանը արձանագրեց, որ իրենից ու Նիկոլից ոչինչ կախված չէ
Վերլուծություն
Հերթական անգամ Նիկոլի ԱԳ նախարար Արա Այվազյանը հաստատեց, որ իր շեֆը նոյեմբերի 9-ին հողեր է հանձնել ու մինչեւ հիմա էլ շարունակում է հանձնել առանց դրա դիմաց որեւէ բան ստանալու: Այսպես, ըստ Այվազյանի. «Նախեւառաջ պետք է ձեւավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալները ադրբեջանական կողմից դեռեւս նկատելի չեն...»: Մի գլուխ հողեր են տալիս՝ հանուն խաղաղության մեկնաբանությամբ, ու պարզվում է, որ Ադրբեջանն անգամ «խաղաղության նպաստող միջավայր» չի ձեւավորում:
Այդպիսով, Այվազյանը, ըստ էության, արձանագրեց նաեւ, որ իրենից ու Նիկոլից գործնականում ոչինչ կախված չէ: Այսինքն, որ Նիկոլին պարզապես ասում են՝ այստեղ ստորագրի, նա էլ ստորագրում է, առանց հասկանալու, թե ինչ կամ, հասկանալով, բայց պարզապես ոչինչ անել չի կարող: Ընդ որում, միգուցե դա Հայաստանի համար բարեբախտություն է, հաշվի առնելով, որ եթե նոյեմբերի 9-ին էլ չստորագրեր համաձայնագիրը, ինչպես մինչ այդ քանիցս չէր ստորագրել, ապա նոյեմբերի 10-11-ին Ստեփանակերտն էլ կհայտնվեր Շուշիի վիճակում, եւ այս պահին Արցախի էջը մեզ համար վերջնականապես փակված կլիներ: Բայց ահա պարտադրված եղավ ստորագրել, ու ներկայումս, ըստ Այվազյանի, տարածաշրջանում ունենք այս իրողությունը. պատերազմի արդյունքում տարածաշրջանային մակարդակով ուժերի վերադասավորում եւ հիմնական գործող դերակատարների ազդեցության փոփոխություն է տեղի ունենում: Ըստ այդմ. «Արդեն հնարավոր է արձանագրել, որ հրադադարի ռեժիմի ապահովման, անվտանգության, տարածաշրջանում հումանիտար բաղադրիչին վերաբերող առկա խնդիրների լուծման տեսանկյունից հիմնական դերն իր վրա է վերցրել Ռուսաստանը»: Թեեւ միաժամանակ. «Ակնհայտ կերպով աճել են նաեւ Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում»,- ամփոփեց Այվազյանը:
Թերեւս Այվազյանի ասածները պետք է հասկանալ այսպես: Եթե նախկինում, մասնավորապես՝ Մինսկի խմբի միջոցով Արցախում նաեւ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ՌԴ-ին հավասար դեր ունեին, ապա հիմա, շնորհիվ Արցախում տեղակայված զինուժի, հիմնական դերակատարը Ռուսաստանն է, որը նաեւ կրում է տարածաշրջանային բնույթ: Իհարկե, այս փաստն առանց Այվազյանի էլ էր հայտնի: Բայց երբ այդ մասին խոսվում է դիվանագիտական մակարդակով, այն էլ՝ խորհրդարանի ամբիոնից, ապա այդ դեպքում հայտնի փաստը վերածվում է իրավիճակի հետ կապված պաշտոնական գնահատականի, որը, ըստ տրամաբանության (չնայած արդի Հայաստանի հետ կապված այդ տերմինն իմաստը կորցրել է), պետք է դրվի պաշտոնական քաղաքականության հիմքում: Միգուցեեւ ինչ-որ չափով Հայաստանը փորձում է այդ իրողությունից ելնելով՝ քաղաքականություն կառուցել: Համենայնդեպս, երբ նախօրեին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց Հայաստանում ռուսական ռազմակայանի պոտենցիալն ավելացնելու, ինչպես նաեւ մեր երկրի արեւելյան սահմաններին ռազմակայանի գործառույթների սահմանման մասին եւ այլն, ապա դա, ինչ խոսք, ՌԴ-ի ներկայիս նոր դերակատարման ընդունման եւ պետական քաղաքականությունը դրան համապատասխանեցնելու մասին պարզ ակնարկ էր: Բայց այդ դեպքում միանգամայն «անհասկանալի» է մնում Այվազյանի այս միտքը. «Մենք հանձնառու ենք կարգավորման գործընթացի վերսկսմանը... Տրածաշրջանում ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն...»: Ու տեսնես ի՞նչ է հասկանում Այվազյանը՝ «ուժեղ համանախագահություն» ասելով: ՄԽ համանախագահ երկրներից ՌԴ-ի դիրքերը, ինչպես նշեցինք, նախկինի համեմատ էապես ուժեղացել է՝ շնորհիվ Արցախում տեղակայված զինուժի: Այսինքն, որպեսզի ունենանք «ուժեղ համանախագահություն», պետք է նաեւ մյուս երկու համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դերը եւս ուժեղացնե՞լ՝ ռուսների կողքին ամերիկյան եւ ֆրանսիական զորքեր տեղակայելով. երեւի, այլ տարբերակ հնարավոր չէ: Պատկերը սա է: Մի ձեռքով՝ ՊՆ-ի միջոցով ՀՀ կառավարությունը խոսում է մեր երկրում ռուսական ռազմաբազայի կարողությունների ավելացման, այսինքն՝ տարածաշրջանային դերն էլ ավելի մեծացնելու մասին, իսկ մյուս ձեռքով՝ ԱԳՆ-ի միջոցով խոսում է նաեւ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դիրքերի ամրապնդման մասին: Ինչո՞ւ: Բացատրությունը սա է. «Մենք հանձնառու ենք կարգավորման գործընթացի վերսկսմանը»: Սակայն այստեղ մեկ պարզ հարց կա՝ ո՞ւմ է հետաքրքիր, թե «դուք ինչի եք հանձնառու», եթե ի զորու չեք անգամ լուծել այնպիսի պարզ հարց, ինչպիսին ստորագրված փաստաթղթով նախատեսված ռազմագերիների վերադարձն է:
Եվ հաջորդը. ասենք ՄԽ ձեւաչափով վերականգնվեց «կարգավորման գործընթացը», ի՞նչ է դա տալու: Ի վերջո, հենց այդ ձեւաչափի առկայության պարագայում էր, որ կարգավորման փոխարեն ստացանք պատերազմ եւ տարածքային կորուստներ: Ընդ որում, նույն ձեւաչափի երկու մասնիկներից՝ ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից ամենածանր օրերին ստանալով միայն «կոկորդիլոսի արցունքներ» եւ պատսպարվելով երրորդ մասնիկի՝ ՌԴ-ի դրոշի տակ՝ խուսափելով վերջնական պարտությունից: Ու այսքանից հետո այդ ի՞նչ է ակնկալում Այվազյանը ՄԽ ձեւաչափից, միգուցե ավելի պա՞րզ կբացատրի: Չնայած՝ բացատրելու բան չկա, ամեն ինչ էն գլխից էր հասկանալի: ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային չհաջողվեց իրենց ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի, այսինքն՝ իրենց ՆԱՏՕ-ական բանակը տեղակայել Արցախում: Ընդհակառակը, տեղակայվեցին ռուսները: Ու հիմա պետք է ռեւանշ, որի քայլերից մեկն էլ «արցախյան բանակցություններ» գեղեցիկ փաթեթավորման տակ Վաշինգտոնին եւ Փարիզին նորից Արցախի հետ կապելն է:
Բայց միաժամանակ Նիկոլն ու նրա ԱԳ նախարարը ռուսական ռազմաբազայի կարողությունների ուժեղացման հետ էլ պետք է հաշտվեն, քանի որ, ճիշտն ասած, այլ ելք պարզապես չունեն: Արդյունքում, Նիկոլն ու Այվազյանը երկուքարի արանքում ընկած, ստիպված են այս ու այն կողմ նետվել:
Ամբողջական տարբերակը՝ «Իրավունքի» այսօրվա տպագիր տարբերակում
Քերոբ Սարգսյան