Այս պատմությունը ծայրաստիճան աբսուրդ է. Գոհար Մելոյան
ՆերքաղաքականԱզգային անվտանգության ծառայությունը ֆեյսբուքյան կեղծ օգտատեր «Գագիկ Սողոմոնյան» լինելու կասկածանքով օրերս էր ենթարկվել նաեւ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԸ, ում հետ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը:
– Տիկին Մելոյան, ի վերջո, ի՞նչ առնչություն ունեիք հայտնի կեղծ օգտատիրոջ հետ, եւ ի՞նչ է իրականում տեղի ունեցել Ձեր գրասենյակում:
– Երբ հասա իմ աշխատավայր, արդեն տեղի էր ունենում քննչական գործողություն, մասնավորապես` խուզարկություն: Խնդրեցի ծանոթանալ դատարանի համապատասխան որոշմանը, բայց նախ նշեցին, որ դատարանի որոշում առկա չէ, քննիչի որոշման հիման վրա է իրականացվում գործողությունը, այնուհետեւ հրաժարվեցին տրամադրել համապատասխան որոշումը: Մի շարք խնդրահարույց գործողություններ կատարվեցին, որոնք հետագայում պարտադիր կերպով կբողոքարկվեն, իսկ գործողությունների ավարտից հետո առգրավեցին մեր աշխատանքային համակարգիչները եւ որոշակի նյութեր: Ընդ որում` նույնիսկ ԱԱԾ հրավիրվելուց եւ այնտեղից դուրս գալուց մինչեւ վերջ տեղյակ չէի, թե ինչ կապակցությամբ են քննչական գործողություններն իրականացվում:
– Իրականում Ձեզ եւ Անժելա Էլիբեգովային հրավիրեցի՞ն ԱԱԾ, թե՞ բերման ենթարկեցին:
– Նշեմ, որ մեր կազմակերպությունը նորաստեղծ է, շատ համեստ է, ընդամենը հաստիքային երկու աշխատակից ունեինք` ես էի, որպես գործադիր տնօրեն եւ համահիմնադիր, եւ մեր փորձագետը` տիկին Անժելա Էլիբեգովան: Եվ քննչական գործողության ավարտից հետո` մեզ, այսպես ասած, «հրավիրեցին» ԱԱԾ, բայց իր բնույթով, ըստ էության, այլընտրանք չտրվեց, քանի որ ասացին, թե հրաժարվելու դեպքում բերման կենթարկենք: Արդեն տուն վերադառնալուց հետո` համացանցային հարթակներից եմ տեղեկացել, որ գործը վերաբերել է ոմն ֆեյք «Գագիկ Սողոմոնյանին»:
– Արդյունքում պարզեցի՞ն, որ Դուք չեք «Գագիկ Սողոմոնյանը» կամ գտա՞ն, թե ով է:
– Քննչական գործողությունը եւ այս պատմությունը ծայրաստիճան աբսուրդ է: Ես անգամ ինձ թույլ չեմ տալիս այդ ֆեյք էջի գրառումները կարդալ« ուր մնաց` ինչ-որ աղերս ունենայի այդ էջի գործունեության հետ: Առգրավված են մեր համակարգիչները, բոլոր նյութերը, եւ կարծում եմ` նույն քննչական մարմինները կկատարեն ուսումնասիրություններ եւ, իհարկե, կպարզվի, որ որեւէ աղերս չկար այդ ֆեյք օգտատիրոջ հետ: Մեր գործն արդար է, թաքցնելու որեւէ բան չունենք: Կարծում եմ` մենք վերջին հարյուրյակի մեջ պետք է լինեինք այն անձանցից, ով ենթակա է ԱԱԾ հրավիրման, որովհետեւ բացառապես եւ մշտապես մեր մասնագիտական գործունեությամբ ծառայել ենք մեր երկրի շահին:
– Որքանո՞վ է տրամաբանության շրջանակում այն, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք լինելու կասկածով ձերբակալվում է 4 անձ, իսկ Շուշին թշնամուն հանձնելու համար` ոչ ոք:
– Ընդհանրապես վերջին 2,5 տարվա ընթացքում տրամաբանությունը բացակայում է մեր երկրի, հատկապես իշխող ուժի գործողություներում: Եվ ոչ միայն Շուշիի, այլ ամբողջ պատերազմի հետ կապված` անձամբ ես մի շարք գրառումներ եւ հայտարարություններ եմ արել` ներկայացնելով բազմաթիվ փաստեր` մի շարք առերեւույթ կատարված հանցագործությունների մասին: Մասնավորապես` մեր երկրի գործադիր իշխանության ղեկավարի կողմից առնվազն երեք անգամ սահմանադրական կարգի տապալումն արձանագրված փաստ է, քանի որ երեք անգամ ներքին մեխանիզմները չպահպանելով, ոտնահարելով սահմանադրական կարգը, Սահմանադրությամբ նախատեսված զսպող հակակշռող մեխանիզմները` ստորագրվել են միջազգային պայմանագրեր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ