Նոր ռեկորդի ժամանակն է. Սաքունց եղբայրները կփորձեն գրանցել հերթական ռեկորդը
Սպորտ
Մարտի 14-ին կայանալու է ՀՀ Մաս-Ռեստլինգի` ուժային ըմբշամարտի միջբուհական առաջնությունը։
Նույնը օրն արդեն հայտնի ռեկորդակիր եղբայրներ Յուրի և Արթուր Սաքունցները կփորձեն գրանցել իրենց հերթական ռեկորդը։
Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն և գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց, որ նման առաջնություններ հաճախ են կազմակերպվելու և հնարավորություն է տրվելու երիտասարդներին ցուցադրելու իրենց կարողությունները։
«Արդեն 10 տարի է Հայաստանում զբաղվում են ուժային ըմբշամարտով, ունենք ֆեդերացիա, որը զբաղվում է մրցաշարերի կազմակերպմամբ և մարզիկների ներգրավմամբ, սպորտաձևով էլ շատերն են հետաքրքրվում, ուստի մեր պարտքն է ստեղծել պայմաններ մարզաձևը զարգացնելու համար»,-ասաց Յուրին։
Մարզիկը փաստում է, ուժային ըմբշամարտում ևս մեծ հաջողություններ կարող ենք գրանցել։
«Տաղանդավոր մարզիկներ ունենք, միջազգային մրցաշարերի ենք մասնակցում և այնտեղ ևս բարձր ենք պահում Հայաստանի դրոշը։
Դեռ չի եղել մասնակցենք որևէ մրցաշարի և վերադառնանք առանց մեդալի։
Կարծում եմ նախարարությունը պետք է ուշադրություն դարձնի նաև այս սպորտաձևին, նոր նախարարից էլ ավելի լավ վերաբերմունք ենք ակնկալում»,- նշեց Յուրին։
Ինչ վերաբերվում է իր և եղբոր նոր ռեկորդին, Յուրի Սաքունցն ասաց, որ դեռ հստակ չէ ռեկորդը երկուսով կգրանցեն, թե ոչ, բայց որ այս անգամ այլ բնույթի վարժություն են կատարելու դա հաստատ է։
«Եղբայրս ծառայության է անցնելու Հայոց բանակում, բայց դեռ չգիտենք երբ կզորակոչվի, դրա համար էլ դեռ պարզ չէ ռեկորդը միասին կգրանցենք, թե ոչ։
Այս անգամ որևէ իր կամ մեքենա չենք քաշելու, որոշել ենք հատուկ բարդության վարժություն կատարել»,- նշեց Յուրին, և վերջում էլ ավելացրեց.
«Թող երկրում ամեն բան խաղաղ լինի, դա է կարեւորը, իսկ ռեկորդներ դեռ կհասցնենք գրանցել։
Հիշեցնենք, որ ռեկորդակիր եղբայրները նախորդ ռեկորդը գրանցել էին Անկախության տոնին։
Ինչպես իրենք են նշում, իրենց նպատակը Հայաստանի եւ հայերի մասին ամբողջ աշխարհին պատմելն ու ներկայացնելն է, ինչը նրանց մոտ հաջողվում է, բայց պետական այրերի, ԿԳՄՍ նախարարության, երկրի ղեկավարության կողմից որեւէ արձագանքի եւ վերաբերմունքի չեն արժանանում։
Լիանա Հարությունյան


