ԱՐՑԱԽԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄՈՏ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱ. ԱՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ
Ներքաղաքական
Վերջին օրերին հանրային լայն քննարկման, շահարկումների առիթ է դարձել Արցախում ռուսերեն լեզվին երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու վերաբերյալ շրջանառվող նախագիծը: Ովքե՞ր են դեմ այս նախագծին, ի՞նչ է այն իրենից ենթադրում իրականում, «Իրավունքը» պարզել է Արցախի Ազգային ժողովի նախագահ ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ, ով անդրադառնալով վերը նշված նախագծին՝ մանրամասն ներկայացրեց.
- Արցախի Սահմանադրության 20-րդ հոդվածը բաղկացած է երկու կետից: Առաջին կետով Արցախի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Եվ երկրորդով՝ Արցախի Հանրապետությունում երաշխավորվում են ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածումը: Այսինքն, այսօր Սահմանադրության փոփոխության հարց դրված չէ: Միեւնույն ժամանակ, եկեք չմոռանանք, որ դեռեւս մի քանի ամիս առաջ ականատես եղանք 44-օրյա արյունոտ աշնան, որի հետեւանքները դեռ շատ երկար ենք մեր մաշկի վրա զգալու: Եկեք չմոռանանք նաեւ, որ այդ պատերազմը կանգնեցվեց մեր ռուս գործընկերների շնորհիվ: Այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը մեր բանակի հետ միասին ռուս խաղաղապահներն են: Մենք ունենում ենք հանդիպումներ ռուս խաղաղապահների հետ, որոնց հետ շփման ժամանակ գործածում ենք ռուսերեն լեզուն: Եվ, գիտեք, իրենք պարտավոր չեն ե՛ւ մեր անվտանգությունը ապահովել, ե՛ւ մեր լեզուն սերտել: Այդ իսկ պատճառով ԱԺ տարբեր խմբակցություններից երեք պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ՝ ռուսաց լեզուն, որպես պաշտոնական լեզու գործածելուն ուղղված: Կարող եմ այս պահին ասել հետեւյալը միայն՝ ես առաջարկել եմ համահեղինակներին, որպեսզի լսումներ անցկացվեն: Իհարկե, նախագիծը միանշանակ չի ընդունվում հանրության կողմից: Ինչ խոսք, արցախցին սիրով եւ շնորհակալությամբ ընդունեց ռուս խաղաղապահներին, եւ այնպես չէ, որ արցախցու համար այս նախագծի կյանքի կոչելը որեւէ խնդիր է:Կարեւորում եմ նաեւ այն, որ այս նախագիծը ոչ միայն ռուս խաղաղապահների ներկայությամբ է պայմանավորված, այլեւ Դուք գիտեք, որ մի քանի անգամ ավելի շատ արցախցիներ ապրում են ՌԴ-ում, քան՝ Արցախում: Այնպես որ, այս խնդիրն էլ են հաշվի առել վերը նշված պատգամավորները իրենց նախաձեռնությունում: Եվ, ըստ էության, հիմնավորումը տանել-կապել միայն այն հանգամանքի հետ, որ ռուս խաղաղապահների ներկայությունն է ռուսերենին նման կարգավիճակ տալու պատճառը, սխալ է: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Արցախի սուբյեկտայնությունը պայմանավորված է մայր Հայաստանով եւ Սփյուռքով, ու որեւէ մեկը չի կարող մեզ կտրել ՀՀ-ից եւ Սփյուռքից: Մենք միասնաբար պետք է անենք հնարավորը, որպեսզի որեւէ խնդիր ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հովանու ներքո տարվող բանակցություններում չունենանք:
- Պարո՛ն Թովմասյան, կա՞ն խմբակցություններ, առանձին պատգամավորներ, ովքեր կտրականապես դեմ են այս նախագծին:
- Առայժմ կարող եմ պաշտոնապես ասել հետեւյալը. դեռ ոչ մի խմբակցություն իր տեսակետը չի արտահայտել, չի եղել գլխադասային հանձնաժողի նիստը: Ես ուզում եմ առիթից օգտվելով ասել, որ իմ բոլոր քաղաքական ելույթները, հարցազրույցները տալիս եմ բացառապես հայերեն եւ այդպես էլ շարունակվելու է, քանի որ Արցախի պետական լեզուն հայերենն է, եւ այն սակարկելի չէ: Մենք ՀՀ-ի հետ նույն օրգանիզմի տարբեր մասերն ենք:
- Ի դեպ, ի՞նչ «հեռահար փոխհրաձգություններ» են տեղի ունենում «Միասնություն» եւ «Արդարություն» խմբակցության պատգամավորների միջեւ:
- Անկեղծ, չեմ կարող ասել, տեղյակ չեմ: Իսկ, ընդհանուր առմամբ, խորհրդարանն այն տեղն է, որտեղ վիճաբանությունը, կարծիքների հակադրությունը նորմալ երեւույթ է:
- Այո, խորհրդարանը, պարոն Թովմասյան: Բայց այդ վեճերը արդեն հրապարակային բնույթ են կրում:
- Ես մի առիթով ասել եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների մոտ հայրենասիրության պակաս չկա, բայց ա՛յ, արհեստավարժության պակաս կա:
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ