«Թավշյա չմոն» չէր պատրաստվում հաղթել այս պատերազմում եւ ցուցադրաբար տանուլ տվեց Ղարաբաղը. Միրզայան
Ներքաղաքական
Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի եւ արտաքին մարտահրավերների շուրջ «Իրավունքը» զրուցել է ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, սկանդալային քաղաքագետ ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶԱՅԱՆԻ հետ:
«ՄՈՍԿՎԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ ՔՈՉԱՐՅԱՆՈՎ»
– Պարոն Միրզայան, ինչպե՞ս կգնահատեք հետպատերազմյան Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ տեղի ունեցող քաղաքական գործընթացները:
– Ես չեմ գտնվում Հայաստանում եւ ինձ դժվար է դատողություններ անել հանրապետությունում տիրող ներքաղաքական դրության մասին: Բայց դրսից հետեւելով տեղի ունեցող գործընթացներին` կարող եմ ասել, որ վիճակը ծայրահեղ ծանր է: Եվ խնդիրը միայն այն չէ, որ Հայաստանը տանուլ է տվել պատերազմը Լեռնային Ղարաբաղի համար, այլ այն, որ այդ պարտությունից չեն արվել ճիշտ հետեւություններ: Օրինակ, որ պարտության պատասխանատուն ոչ այդքան Թուրքիան եւ ոչ միայն Փաշինյանն է, այլ նաեւ նրանք, ովքեր նրան ընտրել են: Այն ժամանակ` 2018 թվականին, ես եւ շատ ուրիշները ասում էինք այն մասին, թե ինչպիսի մարդ է նա եւ ինչի կբերի երկիրը: Մեզ չէին լսում, մեզ խարանում էին եւ ամբողջությամբ վճարեցին իրենց սխալի համար: Այժմ չեն էլ ցանկանում չեզոքացնել վնասը եւ հեռացնել Փաշինյանին: Կապիտուլիացիայից անցել է արդեն մի քանի ամիս, իսկ այդ «թավշյա չմոն» մինչ այժմ նստած է ՀՀ վարչապետի աթոռին: Եվ ոչ միայն ուղղակի նստած է աթոռին, այլ նաեւ պատմում է, թե ԼՂՀ քաղաքներն ադրբեջանական էին, իսկ ժողովուրդը լիակատար անտարբերության մեջ է:
– Իշխանությունը հրաժարվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարից: Ըստ Ձեզ` հնարավո՞ր է, որ այս ամենը հանգեցնի իրական հեղափոխության:
– Հենց այն պատճառով, որ կա անտարբերություն, հեղաշրջումը քիչ հավանական է: Դատեք ինքներդ` իշխանությունները հրաժարվել են արտահերթ ընտրություններ անցկացնելուց միայն նրա համար, որ վախենում են տանուլ տալ: Բոլորը սա հասկանում են, բայց ոչ ոք, ոչինչ չի անում: Եվ ե՞րբ կսկսեն գործել: Երբ Փաշինյանը կսկսի հանձնել Հայաստանի հերթական տարա՞ծքը: Եվ ո՞ւմ են դրանում մեղադրելու` Ռուսաստանի՞ն, թե՞ գուցե իրենք իրե՞նց: Հիշեցնեմ` Մոսկվան պաշտպանում է Փաշինյանի փոխարինումը Քոչարյանով գաղափարին: Ռոբերտին կարելի է վերաբերվել ինչպես ուզեք, բայց նրա ժամանակ Հայաստանը կապիտուլիացիայի չի ենթարկվել, եւ նա Պուտինին (կարեւորագույն դաշնակցին) չի վիրավորել այնպես, ինչպես վիրավորել է «թավշյա չմոն»: Փաշինյանը չի թողել հայերին այլ ճանապարհ, քան հեղափոխությունն է: Սակայն հայերը վախենում են ոտք դնել այդ ճանապարհի վրա, ինչն ավելի վատ է Հայաստանի համար:
«ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼԸ ԹԵՈՐԻԱՊԵՍ ԿԼԻՆԵՐ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԵԼՔ»
– «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը` որպես ստեղծված իրավիճակից ելք, առաջարկում է խորացնել ՌԴ-ի հետ ինտեգրացիոն գործընթացը` ընդհուպ մաս կազմել նոր միութենական պետության: Որքանո՞վ եք այն հնարավոր համարում:
– Թեորիապես այն կլիներ իդեալական ելք: Կարող եք ինչ ուզում եք ասել, բայց Հայաստանը չի կայացել որպես սուվերեն, ինքնաբավ (ընդգծում եմ` հենց ինքնաբավ) հանրապետություն: Այն չունի նորմալ էլիտա, շրջապատված է թշնամիներով, չունի էֆֆեկտիվ տնտեսություն, իսկ բնակչության մեծ մասի մոտ չկա քաղաքացիական գիտակցություն: Շատ հայեր դիտարկում են Հայաստանը ոչ թե որպես երկիր, այլ, այսպես կոչված, ժամանակավոր կացարան, ուր կարելի է գալ, եւ եթե ինչ-որ մի բան այն չէ, գնալ: Իմ կարծիքով` կա՛մ հայկական հասարակությունը արթնանում է եւ դառնում քաղաքացիական, կա՛մ պետք է վերադառնալ Ռուսաստանի կազմ: Սակայն հայերը դժվար թե պատրաստ են մտածել այդ աստիճան սթափ եւ ցինիկ:
– Ձեր գնահատմամբ` Ռուսաստանի Դաշնությունը հետաքրքրված կլինի՞ Հայաստանի կողմից այսպիսի ինտեգրացիոն գործընթացի նախաձեռնմանը:
– Թեորապես` այո: Եթե Հայաստանը ցանկություն արտահայտի մտնել Ռուսաստանի կազմ, ապա Ռուսաստանը կընդունի: Սակայն դրա համար պետք է լինի նախ միանշանակ ցանկություն եւ երկրորդ` հենց կազմի մեջ մտնելու` ոչ մի խորամանկ «միութենական հանրապետություն», ոչ մի «հատուկ պայմաններ», այլ մտնել կազմի մեջ, որպես ՌԴ շրջան: Բայց կհամաձայնի՞ դրան հայ երիտասարդությունը, դժվար թե: Նրանցից շատերի համար ինքինիշխանության հասկացողությունը շատ կարեւոր է: Եվ դա այն պայմաններում, որ նրանք չեն հասկանում, թե ինչ անել այդ ինքնիշխանության հետ: Իսկ եթե Հայաստանում լինի շփոթված եւ տատանվող վերաբերմունք միավորման հարցում, ապա Մոսկվան, դժվար թե, ռիսկի դիմի միանալ այդ նախագծին:
«ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ԿԱՍԻ, ՈՐ ՆՐԱՆ ԳՆԵԼ ԵՆ, ՆԱ ԱՏՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ, ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՏԱՐԲԵՐ...»
– Թուրքական հեռուստաալիքները վերջերս ներկայացրել էին իրենց հեղինակած աշխարհի նոր քարտեզը, ըստ որի, մինչեւ 2050 թվականն Անկարայի իշխանության ներքո պետք է անցնեն մի շարք տարածքներ, այդ թվում` ՌԴ-ի հարավային շրջաններից: Սա նշանակո՞ւմ է, որ պետք է սպասել նոր պատերազմի:
– Ի՞նչ կապ ունի այստեղ պատերազմը: Ո՛չ, այն չի լինելու: Թուրքիան չի պատրաստվում այնտեղ զորք կամ իր բաշիբոզուկներին մտցնել: Անկարան դիտարկում է այդ տարածքը որպես իր ազդեցության շրջան, եւ մտադիր է գրավել այնտեղ բնակչության ուղեղները եւ սրտերը` կրթական համակարգի, կրոնական պրոպագանդայի միջոցով եւ արժեքների ներմուծմամբ: Այսինքն` անել այնպես, որ պայմանականորեն Կազանի բնակիչները Պուտինից ավելի սկսեն հարգել Էրդողանին եւ ՌԴ-ի ու Թուրքիայի միջեւ կոնֆլիկտի դեպքում` ընտրեն վերջինիս կողմը:
– Ձեր կարծիքով` ինչո՞ւ պարտվեց Արցախը 44-օրյա պատերազմում: Որոշ շրջանակներ անգամ ասում են, թե ռուսական զենքը պարտվեց թուրք-իսրայելական զինատեսակներին:
– Պարտության պատճառները մի քանիսն են, եւ խնդիրը զենքի մեջ չէ: Առաջին հերթին «թավշյա չմոն» չէր պատրաստվում հաղթել այս պատերազմում եւ ցուցադրաբար տանուլ տվեց Ղարաբաղը: Ինչ-որ մեկը կասի, որ նրան գնել են, ինչ-որ մեկը կասի, թե նա ատում է ղարաբաղցիներին, պատճառները կարող են լինել տարբեր, բայց փաստը մնում է փաստ: Նա չի ուղղել ԼՂՀ-ին օգնելու ամբողջ հայկական ուժերը, պաշտոնապես չի խնդրել ՀԱՊԿ-ին միջամտել նույնիսկ այն ժամանակ, երբ կային շատ կարծր հիմքեր` դա անելու (երբ ադրբեջանցիները պայթեցրին հայկական հրթիռային համալիրը): Սա արդեն ինչ-որ բանի մասին խոսում է: Երկրորդ հերթին` ԼՂՀ-ի պաշտպանության համար չեն ներդրվել անհրաժեշտ քանակի միջոցներ ո՛չ Հայաստանի կողմից, ո՛չ էլ Սփյուռքի: Փոխարեն ծախսվեին միլիոնավոր դոլարներ, որպես կաշառք, կոկային եւ անբարոյականներ տրամադրելու համար ամերիկացի սենատորներին (որպեսզի նրանք ճանաչեն ցեղասպանությունը), փոխարեն տասնյակ միլիոններ քամուն տալու, որպեսզի կաշառեն եվրոպական պատգամավորներին, այդ գումարները անհրաժեշտ էր ուղղել զինվելուն, պաշտպանական միջոցներին եւ ԼՂՀ-ի պաշտպանությանը: Բայց ձեւականություններն ու բարոյական արդարության հասնելու ձգտումները Արեւմուտքի հայկական սփյուռքի համար ավելի կարեւոր էին, քան հայկական հողի պաշտպանությունը: Եվ երրորդ` Փաշինյանը փչացրեց հարաբերությունները Պուտինի հետ: Անձամբ նրան վիրավորեց Քոչարյանի գործով, նշանակեց բարձր պաշտոնների ռուսաֆոբերին: Մոսկվայում սա տեսնում էին, եւ այդ պատճառով չէին տեսնում հիմքեր` այդպիսի մարդուն ոչ ֆորմալ երաշխիքների կատարման մեջ: Բայց սա միայն Փաշինյանի մեղքը չէ, մեղավոր են հայաստանյան հայերը, որոնք այս ամենը տեսնում էին եւ ոչինչ չէին անում, որպեսզի ստիպեն «թավշյա չմոյին» փոխել քաղաքականությունը: Նրանք կարծում էին, թե սա խաղ է, ուրախանում էին նրանով, թե ինչպես է Փաշինյանը հետապնդում նախկիններին: Շատ ուրախացան...
«ՇԱՏ ՀԱՐՑԵՐ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿԱԽՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ»
– Այսօր ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը Հարավային Կովկասում` արցախյան պատերազմից հետո:
– Անկայուն: Թուրքիան ամրապնդել է իր ներկայությունը, Ռուսաստանը` թուլացրել: Վրաստանը վախեցավ նրանից, որ շրջապատված է կա՛մ հակառակորդներով, կա՛մ հակառակորդների դաշնակիցներով: Իրանցիները նույնպես դժգոհ են ներկա դասավորվածությունից: Բաքվի գերադրբեջանական մտքերը նրանց անչափ դուր չեն գալիս: Սակայն, ավելի պարզ դասավորվածությունը հասկանալի կդառնա առավել ուշ: Շատ հարցեր մոտ ապագայում կախված կլինեն տրանսպորտային նախագծի իրագործումից եւ Երեւանում իշխանության վիճակից: Իսկ մի փոքր ավելի ուշ ապագայում կախված կլինի նրանից, թե արդյոք 4,5 տարի անց Բաքվի պահանջով Մոսկվան կհամաձայնի հանել իր զորքը ԼՂՀ-ի մնացած տարածքից:
– Իսկ ինչպե՞ս են Մոսկվայում վերաբերվում Էրդողանի այն առաջարկին, որ ստեղծվի տարածաշրջանային պլատֆորմ` Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մասնակցությամբ:
– Դրական են վերաբերվում: Դիտարկում են, որպես միջոց, անել այնպես, որ կովկասյան հարցերը լուծեն կովկասյան գերտերությունները: Սակայն, փաստացի այդ միտքը անիրական է: Առաջին հերթին Հայաստանը (նորմալ ղեկավարության պայմաններում) այնտեղ չի մտնի, քանի որ դա նրան զրկում է Ղարաբաղում մանեւրելու հնարավորությունից: Երկրորդ` Ռուսաստանը (եթե Հայաստանում լինի նորմալ ղեկավարություն) առանց Հայաստանի այնտեղ չի մտնի: Եվ երրորդ` դրա մեջ միանշանակ չի մտնի Վրաստանը, Թբիլիսիի ընկերները գտնվում են ծովից այն կողմ, եւ վրացիները չեն պատրաստվում ստորագրել` նրանց կովկասյան թատրոնից հեռացման տակ: Ինչո՞ւ, որպեսզի միայնակ մնան Ռուսաստանի, Թուրքիայի եւ նրանց դաշնակիցների դե՞մ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ