ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Եկեք ջերմորեն ողջունենք Արցախի հայրենասեր երիտասարդներին: Մինչ մենք Երեւանում զարմանալիորեն սահմանափակվում ենք` վայ-փոխնախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ պիղծ արտահայտությունները Նժդեհի եւ հայրենասիրության մասին դատապարտելով, Արցախի երիտասարդները նրան պարզապես վռնդեցին Ստեփանակերտից: Կարճ ու կոնկրետ: Դա ընդօրինակման ենթակա է` թրքահպատակների, նիկոլասորոսական օկուպանտների կամակատարների հանդեպ զրո հանդուրժողականությունը պետք է դառնա հանրության ամենօրյա կենցաղային նորմ: ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները Ստեփանակերտում դիմավորեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության անդամներին, այդ թվում` ապազգային դաստիարակության խորհրդանիշ դարձած Ժաննա Անդրեսայանին: Վերջինս խուճապահար տեղավորվեց ծառայողական ավտոմեքենայում` չպատասխանելով երիտասարդների` Նժդեհյան գաղափարախոսությունը ֆաշիստական համարելու մասին հարցերին: Այ, եթե սրա նմաններին ամենուրեք այդպես դիմավորեն մեր քաղաքացիները, մթնոլորտն ահագին կմաքրվի:
Իսկ այժմ ծանոթացեք նիկոլասորոսական օկուպանտների հերթական կամակատարի հետ, ով զարմանալիորեն, բայց իրավամբ հավակնում է լինել աննադանիբեկյան-2: Դա դատավոր ԱՐՄԻՆԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆՆ է, ով զարմանալիորեն հակասահմանադրական ճանաչված օրենքով ու առանց ռեալ որեւէ ապացույցների, «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյքի ֆեյք քրգործով, զուտ Նիկոլի` ձախ եւ Աբազյանի` աջ ոտքի կամքով կալանավորեց Արա Սաղաթելյանին` վերջինիս դարձնելով հետպատերազմյան առաջին քաղբանտարկյալ: Եվ որպես «վճիռ» ներկայացված մակուլատուրայի հիմքը հետեւյալն է` որովհետեւ օգտվել է նույն VPN-սերվերից, ինչ եւ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը: ՏՏ ոլորտի նրբությունների մեջ չմտնելու համար պարզ կենցաղային օրինակով ներկայացնեմ` պատկերացրեք, որ դուք օգտվում եք թիվ 46 ավտոբուսից, որից ամեն օր օգտվում են 5000 ուղեւոր (VPN-սերվերի պարագայում այդ թիվը կարող է միլիոնների հասնել), եւ այդ ավտոբուսից ամեն օր նեխած ձու են նետում Նիկոլի վրա: Հայտնաբերում են այդ բոլոր 5000-ին, այդ թվում` ձեզ, եւ քանի որ մշտապես Նիկոլի մասին վատ եք արտահայտվում, որոշում են, որ դուք եք ձու նետողը, եւ ձերբակալում են ձեզ: Ու թեեւ ձեր` մեկուսարանում գտնվելու ընթացքում, ավտոբուսից շարունակվում է ձու նետելը, սակայն դատավորը ձեզ է կալանավորում... Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մաղթում ենք պարոն Սաղաթելյանին շուտափույթ վերագտնել ազատությունը, իսկ մեզ բոլորիս` ձերբազատվել այսպիսի ֆուտուրիստական այլանդակություններից:
Իսկ հիմա` ԱԺ-ի ուսապարկերի կյանքից: «Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաեւ մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է` պետությունն իրավունք ունի կրակելու»,- ասաց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր եւ տխրահչակ ուսապարկ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Այս զարմանալի հայտարարությունը նա արեց ամենահակապետական ռադիոկայանի եթերում: Ախր` դու ու ձեր ամբողջ կոդլը` ուր, պետությունն` ուր... Այդ լպիրշության առնչությամբ Երեւանի նախկին փոխոստիկանապետ, պաշտոնաթող գնդապետ Ռոբերտ Մելքոնյանն իրավացիորեն նշեց. «Լսի՛ Անդո, երբ Նիկոլը հարձակումով, դուռը ջարդելով ներխուժեց Հանրային ռադիոյի շենք, իրավունք ունե՞ր, նրա վրա կրակեցի՞ն: Ո՛չ... Իսկ հիմա ինչ է, բռնապետական կարգե՞ր են... Հա՞... Բախտներդ փորձեք ու կրակեք... Կրակող էիք` Արցախը չտայիք ու սահմանին գնայիք կրակեիք... Հետո կրակոցներից մի խոսի, Չաուշեսկուն էն աշխարհից կլսի ու կնեղանա»: Ես սա այդ ուսապարկի հասցեին ասած դեռ ամենամեղմ խոսքն է, դե պատկերացրեք մեր այլ հայրենակիցների ասածները:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ