Այս ճանապարհը դատապարտված է դանդաղ մահվան. Շաքարյանց
ՆերքաղաքականԱզատության հրապարակում 33 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը եւ ազդարարեց անկախության համար մղվող պայքարի սկիզբը: 33 տարի անց` կրկին նույն հրապարակում Հայրենիքի փրկության շարժումը հրավիրել էր հանրահավաք` այս անգամ հայրենիքը փրկելու հույսով: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» զրուցեց անկախ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:
- Ցավում եմ, որ 33 տարի անց հայ ազգը գոյություն չունի, որովհետեւ եթե գոյություն ունենար, հանրահավաքի ժամանակ այդքան ազատ տեղ չէր լինի, ինչպես տեղ չկար կանգնելու 1988 թվականի միտինգներին: Այդ դեպքում մարդիկ չէին խոսի միմիայն իշխանափոխությունից, այլ նաեւ կխոսեին այն մասին, որ փաստացի Արցախը` որպես պետություն, չկա: Որպես տարածք` ինչ-որ բան կա, բայց որպես երկրորդ հայկական պետություն` չկա՜: Մինչդեռ դրա մասին ոչ մի տեղ խոսք չի հնչում: Իսկ սակավաթիվ միտինգավորների քանակն ապացուցում է, որ մենք ազգ չունենք ու չգիտեմ, թե ուր է կորել:
– Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանրահավաքի ժամանակ առաջարկեց` պլան A եւ B, ու նշեց, որ իրենք գնալու են A-ի ճանապարհով` ջարդելով այն հենարանները, որոնց վրա հենվում է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն` շարունակել հանրային ճնչումներով բացատրական աշխատանք տանել իրավապահ մարմինների եւ իշխանական պատգամավորների հետ: Չե՞ք կարծում, որ պլան A-ն արդեն սպառել է իրեն:
– Կարծում եմ` սա ի սկզբանե երկարաձգում է այն ամենը, ինչը կարող էր լինել կամ չլինել: Այս իշխանությունը պետք է ավարտվեր նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ոչ թե այսօր: Հենց ստորագրել էին այդ փաստաթուղթը, արդեն պետք է այս իշխանությունը ոչնչանար պատմության էջերից, եւ իր մասին բոլորը պետք է մոռանային: Մինչդեռ այդ թուրքի վաստակը շարունակում է շնչել նույն օդը, որ մենք են շնչում: Մի՞թե ժողովուրդ կոչվածը չի տեսնում: Բայց տես ու զարմացի` ժողովրդի այն զանգվածը, որը փողոցային ժեխ է, իրենց ձեռք է տալիս այս վիճակը: Նրանք չեն մտածում, որ արդեն Դավիթ Բեկ գյուղն է դատարկվում, մարդիկ չեն ուզում վախի տակ ապրել: Վախի մթնոլորտ ստեղծելու համար պետք չէ, որ կրակեն կոնկրետ անձանց ուղղությամբ, բավական է` գիշերվա մեջ օդ կրակել, եւ խուճապն անխուսափելի է:
– Իշխանությունն էլ է փորձում վախի մթնոլորտ տարածել` իրենց հայհոյող ֆեյքերի անվան տակ ձերբակալություններ իրականացնելով եւ փորձելով լռեցնել ընդդիմադիրներին:
– Սա ճանապարհ է հարթում դեպի ոստիկանական բռնապետություն եւ վերջ: Ի՞նչ է նշանակում չհայհոյես ինձ, դու ո՞վ եղար, որ չհայհոյենք« արա՜, այ բրիտանական գործակալ: Քո Բրիտանիայում միայն երկու պարագայում է արգելվում հայհոյել` թագուհուն եւ ոստիկանին, մնացածներին` վարչապետից սկսած, կարող ես քֆրտել... Ո՞վ է նա` ժամանակավոր սպասարկող տվյալ երկրի համար:
– Ի դեպ, Մեծ Բրիտանիայի մասին. ՀՀ նախագահը վերադարձավ այնտեղից, եւ որեւէ կերպ էլ հայտարարություններ չեղան իր կողմից, մինչդեռ ասել էր, թե պահանջում է վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
– Դե, անգլո-սաքսերի դրածոն է, ինչո՞ւ պետք է հայհոյեն ու քննադատեն: Սա իրենց ուզածն էր, ումի՞ց եք սպասում գնահատում:
– Ստեղծված իրավիճակում` ինչպե՞ս եք տեսնում հնարավոր ելքը:
– Ոչ մի հնարավորություն չկա միտինգներով, միակ տարբերակը 1998-ի փետրվարի գործողությունները կրկնելն է. գալիս են ու ասում կոնկրետ` Տեր-Պետրոսյան ս...իր, ու նա ս...վում է: Ուրիշ ճար չկա: Ուղղակի, մենք Վազգեն Սարգսյան չունենք, որ վերցնի այդ պատասխանատվությունն իր վրա:
– Բայց ունենք ուրիշ հեղինակավոր անուն-ազգանուններ, որոնք փորձում են փրկել այն, ինչ հնարավոր է:
– Չգիտեմ` ունեցածները պլանավորել են այսքան կողմնակիցների թի՞վ, թե` ավելի շատ, բայց այս տեմպերով ոչինչի չեն հասնի: Ինչքան լավ, պերճախոս կարգախոսներ կամ եսիմ ինչ ասեն, մեկ է, չեն հասնի: Այս ճանապարհը դատապարտված է դանդաղ մահվան: Դե էդ էլ է տարբերակ, մարդ կա ուզում է դանդաղ մեռնել, ի՞նչ ասեմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ