Ուկրաինացի հատուկջոկատայինները Ղրիմի հետ սահմանին զորավարժություններ կանցկացնեն
Միջազգային
Մարտին ուկրաինացի հատուկջոկատայինները զորավարժություններ կանցկացնեն Ղրիմի սահմանի մոտ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար Սերխի Նաևի խոսքերին հղումով:
Ըստ Նաևի՝ ուկրաինական զորավարժությունների նպատակն է «բարելավել ռազմական սպառնալիքին ժամանակին և համարժեք կերպով արձագանքելու կարողությունը՝ ինչպես օդից, այնպես էլ ծովի ափից»:
Նրա խոսքով՝ զորավարժությունների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները վարժանքներ կանցկացնեն տեղանքի տարբեր բարձունքներում և օդային տարածքներում հակառակորդի զորքերը հայտնաբերելու և ոչնչացնելու համար:
Զորքերը կմշակեն գործնական գործողություններ՝ հնարավոր հակառակորդի ստորաբաժանումների նավերից ցամաք իջնելը կանխելու և հետագայում նրանց ոչնչացնելու համար:
Նշենք՝ ուկրաինացի պետական գործիչները և տարբեր փորձագետներ պարբերաբար հանդես են գալիս ռազմատենչ հակառուսական հայտարարություններով:
Մասնավորապես, Դոնբասի եռակողմ շփման խմբի ուկրաինական պատվիրակության տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը «հարձակման կանցնի» Մոսկվայի հետ պատերազմի դեպքում:
Նրա խոսքով՝ Ուկրաինան Ռուսաստանի համար կդառնա Աֆղանստան՝ «միայն թե ավելի զիլ»:
Դիվանագետը հավելել էր նաև, որ միայն միջուկային զենքը կարող է ավելի լավը լինել, քան ուկրաինական հրթիռները: Միևնույն ժամանակ սոցիալական տնտեսագիտության դոկտոր Զինովի Սվեդան էլ, իր հերթին, կոչ էր արել պայթեցնել Ղրիմի կամուրջը և Ռուսաստանի համար «նոր Փերլ Հարբոր» կազմակերպել:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն էլ, իր հերթին, խոստացել էր Ղրիմի թերակղզու թեման Մոսկվայի համար «դժոխային» դարձնել և «Սիմֆերոպոլում բարձրացնել ուկրաինական դրոշը»: