ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՊԱՀԸ ՄՈ՞Տ Է
Վերլուծություն
33 տարի առաջ` 1988-ի փետրվարի 20-ին, Ազատության հրապարակը նույնքան ձյունառատ էր, ինչ այս փետրվարի 20-ին: 33 տարի առաջ այդտեղ մեկնարկեց Արցախյան շարժումը, որը բերեց հաղթանակ, ազատագրում եւ հայի արժանապատվության վերականգնում: 33 տարի անց լեփ-լեցուն հրապարակում քաղաքացիները ժողովվեցին, աչքի առաջ ունենալով «յան» ազգանունով խզբզանքի ձեռամբ Արցախը խաչելու եւ հային անասելի նվաստացում պատճառելու զարհուրելի փաստը եւ ամեն ինչ զրոյից սկսելու անհրաժեշտությունը: Ընդ որում` անհամեմատ ավելի քիչ ռեսուրսներով, քան 33 տարի առաջ: Սակայն ինքը` 33-ամյակն իր մեջ պարունակում է նաեւ հարություն առնելու եւ վերածնվելու խորհուրդը:
ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՆ
Չնայած եղանակային անբարենպաստ պայմանների, խունտայի սադրանքների եւ այլ արհեստական խոչընդոտների, հանրահավաքը կայացավ, եւ այն ուներ բավականին վճռական էներգետիկա: Թե ինչ ազդեցություն է դա գործել` ներկայացնենք բաց շրջանառության մեջ հայտնված արտահոսքը: Այն է` Նիկոլն ու իր շրջապատը չէին սպասում, որ շաբաթ օրը ընդդիմության հանրահավաքում այսքան մեծ թվով մարդիկ կհավաքվեն: Այնուամենայնիվ, Նիկոլի համար ամենավտանգավորը սա չէր, այլ այն, որ հանրահավաքի մասնակիցների այն մասը, ովքեր հատուկ կանչված էին, չէին գերազանցում ներկաների ընդհանուր թվի 20-25%-ը: Այլ կերպ ասած, հանրահավաքի մասնակիցների ավելի քան 70%-ը քաղաքացիներ էին, ովքեր եկել էին հրապարակ առանց «կուսակցական ռեսուրսի» օգտագործման: Սա լուրջ ազդակ է խունտայի համար, որ հասարակության մեջ արդեն ձեւավորվել է «կրիտիկական զանգված», որն անհրաժեշտ է իշխանափոխության համար: Բնականաբար, նախնական որոշ տեղեկություններ գրպանային ԱԱԾ-ն ավելի շուտ էր հասցրել, եւ այդ պատճառով խունտան հապճեպորեն գործադրեց ռեպրեսիվ մեքենան, ամբողջովին զրոյացնելով ԱԱԾ-ի առանց այդ էլ ցածր հեղինակությունը: Իսկ հանրահավաքից հետո էլ արդեն ոստիկանությունը շտապեց նշանառության տակ առնել Վազգեն Մանուկյանին: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ` քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով, այն է` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հատկանիշներով: Գոռ Աբրահամյանի խոսքով` գործն ուղարկվել է Քննչական կոմիտե` վարույթ ընդունելու եւ նախաքննություն իրականացնելու նպատակով: Հիշեցնենք` փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ներկայացնելով առաջիկա անելիքները, ասել էր. «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ` ապստամբելով, վերցնել իշխանությունը»: Կայծակնային արագություն... Անշուշտ, հրապարակի ժողովուրդն իր քանակով, որակով եւ տրամադրվածությամբ պատրաստ էր դրան: Սակայն կա մի ուշագրավ նրբերանգ` դեռ մինչեւ հանրահավաքը լրատվադաշտում ազդակներ կային, որ հնարավոր է «սյուրպրիզ»` ռազմիկ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ/կամ Սերժ Սարգսյանի ելույթի տեսքով: Ու քաղաքացիների մոտ իրոք այդ ելույթների սպասումը կար, սակայն ծրագրային ելույթը վերապահվեց Վազգեն Մանուկյանին: Թե ինչու` նախագահները հաստատ շատ ավելի տեղեկատվություն ունեն, քան սովորական քաղաքացիները ու անգամ փորձագիտական հանրույթը, ընդ որում` տեղեկատվություն «առաջին ձեռքից»: Երեւի թե, պհանջվեց մի փոքրիկ «պաուզա», սակայն պարզ է` երբ նախագահները որոշեն երեւալ, դա ֆինիշային եզրագծի դուրս գալու նախանշան կլինի: Ի դեպ, խունտայի վախը «ֆինիշից» երեւաց Անդրանիկ Քոչարյանի` շենք գրավելու փորձի դեպքում կրակելու սպառնալիքից: Դրա առնչությամբ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն, ով փորձառու քաղակտիվիստ է, տվեց հետեւյալ մեկնաբանությունը. «Եթե իշխանությունն ասում է, որ կկրակի սեփական ժողովրդի վրա, ապա նաեւ պետք է իմանա, որ սեփական ժողովրդի վրա կրակող իշխանությանը սատկացնում են պատերի տակ եւ աշխատասենյակներում, դալաններում եւ իրենց տներում, օդում, ջրում եւ ցամաքում: Ընդհանրապես ես չգիտեմ նմանատիպ մի խելագար իշխանություն, որը ռիսկ կանի կրակել իր ժողովրդի վրա, եւ վերջում կենդանի մնալ»: Այսինքն` դա մեկնաբանվում է որպես ինքնասպանությանը հավասար քայլ: Իսկ քաղաքագետ Աղասի Ենոքյանն արդեն խոսում է իշխանափոխության ցանկացած միջոցի թույլատրելիության մասին, այսինք` արդեն նաեւ ոչ քաղաքական միջոցների:
... ԲԱՅՑ ԱԱԾ-Ն ԼՐԻՎ ՇԱՐՔԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
Իսկ աբսուրդային ցուցադրական ռեպրեսիաներն իրականացվեցին ԱԱԾ-ի միջոցով: Ժամանակին «սատանա բռնող» էր, հիմա դարձավ «ֆեյք բռնող», ինչ է թե այդ մեկ հատիկ ֆեյքը խոհանոցային բազում տեղեկություններ է հրապարակում այդ թվում խզբզած նոլիկի ընտանիքի կեղտոտ սպիտակեղենը, այդ ամենը համեմելով 18+ բառապաշարով: Եվ բանը հասավ նրան, որ այդ մեկ ֆեյքը հունից հանեց ԱԱԾ պետին, իսկ դա նշանակում է այդ պետի զրո մասնագիտական պիտանիություն: Սակայ տեսնենք, թե ԱԱԾ-ի խայտառակության մասին ինչեր է հայտնում քաջատեղյակ Միքայել Մինասյանը. «Նիկոլը, մնալով իշխանության, լակմուսի թղթի պես ցույց է տալիս, թե ովքեր եւ որ կառույցներն են մեր ժողովրդի թշնամիներն ու պետությունը ներսից կազմաքանդողները...
Իսկ ԱԱԾ-ն զբաղված է խայտառակ հանձնարարություններ կատարելով. օգնում է Նիկոլին Լֆիկից փող պոկել, գաղտնալսում է Նաիրա Զոհրաբյանին, ապահովում է Նիկոլի ընտանիքի անվտանգությունն ու բոլոր կապրիզները, սատանա է բռնում, գազի չեկեր է ստուգում... Մի խոսքով անում է ամեն ինչ, բացի իր առաքելությունից: Իսկ հիմա, ամբողջ իր գործակալական ցանցը գործի դրած, հպարտությամբ հայտարարում է ֆեյքին հայտնաբերելու եւ նստացնելու հաջող օպերացիայի մասին: Այդ ընթացքում նույն ֆեյքը ոչ պակաս հպարտ համառությամբ շարունակում է գրել: Ու սա այն ժամանակ, երբ Հայաստանը բառի բուն իմաստով կործանվում է, իսկ հայ ժողովուրդը` արնաքամ լինում: ԱԱԾ պետն էլ Մոսկվայում դավաճանում է Հայաստանին ադրբեջանցիների հետ, Նիկոլին` ռուսների հետ ու փորձում է իր անձնական հարցերը լուծել ռուսահայ մեծահարուստների հետ: Այս ֆեյքի պատմության ամենամեծ զավեշտն ու շոկը գիտեք ո՞րն է: Մեղադրանքի հիմքեր ու անգամ մոտավոր ապացույցներ չեն կարողանում գտնել: Բոլորից առգրավված բոլոր տեսակի տեխնիկական միջոցներում բառացիորեն ոչինչ չկա: Ասեմ ավելին` իրենց ներկայացրած խեղկատակությունը բավարար հիմք է հենց ԱԱԾ-ում նստած դատարկ գլուխների դեմ քրեական գործ հարուցելու համար, որոնք պատերազմի օրերին զբաղված են եղել ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելով: Եվ անգամ դա են տապալել: Պատկերացնո՞ւմ եք, այն ճակատակագրական օրերին, երբ Հայաստանն ու Արցախը կենաց ու մահի ճակատամարտ էին տալիս, երբ Շուշիի լինելու չլինելու հարցն է, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը զբաղված էր գաղտնալսելով ու հետեւելով այն մարդկանց, որոնք ծառայում են Հայաստանին»:
Մինասյանը նաեւ ներկայացնում է ԱԱԾ գործակալ... դատավորների անուններ. «Այսպիսի անողնաշար, անսկզբունք եւ ազգակործան կառույց դեռ երբեք չի եղել: Դեռ երբեք որեւէ պետական ինստիտուտ չի եղել այսքան վտանգավոր իր ստրկամտությամբ: Եվ դեռ երբեք այսքան սպա միանգամից մասնակից չի եղել այսքան հանցագործությունների: Այդ պատճառով շատերը կնստեն: Բանտում կհայտնվի անչափահաս երեխաների հորը օրենքի խախտմամբ դատող Վահագն Մելիքյանը: Բանտը սպասում է Արթուր Մկրտչյանին` դատաքննություններին միջամտելու համար: Բանտում է հայտնվելու ԱԱԾ այսօրվա պետը` պետական դավաճանության ու քաղաքական հետապնդումների համար: Բանտից չեն խուսափելու շատերը` անկախ նրանից բարիկադի որ կողմում են նրանք այսօր»:
...Անկախ նրանից` բարիկադի որ կողմում են: Այսինքն` շուտով նորանոր դիմակազերծումների՞ սպասենք:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ