Հայաստանում բոլոր նախադրյալները ստեղծված են քաղաքացիական պատերազմ հրահրելու համար. Ղարամյան
Ներքաղաքական
«Քաղաքացիական պատերազմը երկրի ներսում ներքաղաքական ճգնաժամի հետեւանքով տարբեր քաղաքական, սոցիալական, էթնիկ եւ (կամ) այլ խմբերի միջեւ զինված առճակատումն է։ Հայաստանում հետհեղափոխական ճգնաժամը հասցրել է երկրի տնտեսության քայքայմանը, հասարակության ազգային, սոցիալական, գաղափարական եւ քաղաքական խորը պառակտմանը եւ որպես հետեւանք՝ անտանելի ատելության մթնոլորտի ձեւավորմանը:
Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանում բոլոր նախադրյալները ստեղծված են քաղաքացիական պատերազմ հրահրելու համար, կասեմ ավելին՝ այն վաղուց սկսվել էր եւ գտնվում է «հիբրիդային» փուլում: Կարծում եմ՝ անհրաժեշտ է արձանագրել, որ հայտնի քաղաքական գործիչը, փաստորեն, իր հայտարարությամբ քաղաքացիական պատերազմի նոր փուլի մասին է ազդարարել, այն է՝ մտադրությունը եւ պատրաստակամությունը բացահայտ եւ անհամաչափ բռնի ուժ գործադրել իրեց հետ անհամաձայն հայրենակիցների նկատմամբ», - այս մասին զգուշացնում է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելում. «Արձանագրենք նաեւ, որ Նյուտոնի երրորդ օրենքը գործում է անկախ ամեն ինչից. «Ազդումը միշտ ունի հավասար եւ հակադիր հակազդում»… Այնպես որ՝ յուրաքանչյուրը, մանավանդ՝ քաղաքական գործիչները հայտարարություններ անելուց առաջ արժե մտածեն հետեւանքների մասին»։