«Նախատեսել ենք մարտի 8-ին բացել «Կինը եւ Նոր Արմավիրի հնագիտական գանձերը» ցուցադրությունը». ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ
Մշակութային
«Իրավունքը» հյուրընկալվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ թանգարանի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ զրուցեցինք նոր ցուցադրություններից, կրթական ծրագրերց եւ շենքի հետ կապված խնդիրներից:
– Պարոն Բադալյան, թանգարանն այս պահին ի՞նչ ցուցադրություններով է հանդես գալիս:
– Այս պահին թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում ունենք` "Հին Հայաստանի լուռ վկաները. վերածնունդ եւ վերարժեւորում" խորագրով ցուցադրությունը, որը տեւելու է մինչեւ փետրվարի 26-ը:Ներկայացված են շատ հետաքրքիր եւ արժեքավոր քարե եւ մետաղե առարկաներ:
– Ի՞նչ գիտակրթական ծրագրեր եք իրականացնում:
– Ունենք մի շարք գիտակրթական եւ կրթական-ժամանցային ծրագրեր, որոնք վերջին ժամանակահատվածում մեծ պահանջարկ են վայելում: Բացի այդ, նախատեսել ենք տպել «Ներկիր ինքդ» ձեւաչափով ալբոմներ, համապատասխանաբար ուրարտական որմնանկարների գունավոր եւ երեխաների համար` ներկելու համար նախատեսված տարբերակներով: Մեծ թափով հանձն ենք առել մեր գրադարանի համալրման աշխատանքին: Այս առումով դիմել ենք տարբեր կազմակերպությունների, որոնք գրքեր են տրամադրում թանգարանին: Միայն ասեմ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում մեր գրադարանը համալրվել է առավել քան 250 միավոր մասնագիտական գրականությամբ: Մեր մյուս կարեւոր ձեռքբերումը ՀՀ ԿԳՄՍ Գիտության պետական կոմիտեի կողմից տրամադրվող ուրարտագիտության սեկտորի զարգացման թեմատիկ ծրագիրն է, որը մեկ տարի ժամկետով իրականացվելու է «Էրեբունի» ՊՀԱԹ-ի կողմց: Ծրագրի ղեկավարն է պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը: Այս ծրագրում են ներգրավվելու ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու հետազոտողներ: Այս ծրագրի հաջող իրագործումը հնարավորություն է է տալիս թանգարանի մի շարք աշխատակիցների հավելյալ ֆինանսական միջոցներ ունենալու: Այս ծրագրի շրջանակներում նաեւ ներգրավված են թանգարանի վերականգնողները: Դիմելու ենք ՀՀ մարզերի թանգարաններին, որոնք ունեն նախաուրարտական, ուրարտական կամ հետուրարտական ժամանակաշրջանի գտածոներ: Եվ բոլոր մարզային թանգարանների համար մեկ մետաղի իր եւ մեկ խեցեղենի գտածո անվճար վերականգնելու ենք եւ կամ ամրակայելու:
Սկսել ենք մի նոր գիտակրթական նախագիծ, երբ ամեն շաբաթ օր հրավիրում ենք տարբեր ոլորտների հայտնի գիտնականների, որոնք անվճար բաց դասախոսություններ են կարդում տարբեր` խիստ կարեւոր եւ արդիական թեմաների շուրջ: Արդեն հինգ բանախոս հանդես են եկել նման դասախոսություններով: Այս տարի մեր թանգարանում նախատեսել ենք քառասուն նման դասախոսություն ունենալ:
– Իսկ թեմանե՞րը…
– Թեմաները տարբեր են: Օրինակ` ունեցել ենք թեմա` ինչպես գրել գիտական հոդված հնագիտությունից, որը ներկայացրել է Հնագիտության եւ ազգագիտության ինստիտուտի փոխտնօրեն, Թյուրինգենի համալսարանի դոկտոր Արսեն Բոբոխյանը, ռադիոածխածնային հետազոտությունների վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ հայտնի հնագետ, պ.գ.դ. Ռուբեն Բադալյանը: Այսօր մեր հարեւան երկիրը փորձում է խեղաթյուրել մեր պատմությունը, հատկապես քրիստոնեական ժառանգությունն Արցախի տարածքում փորձում է «աղվանաֆիկացնել»: Եվ այս առումով մենք հրավիրել ենք ոլորտի ճանաչված հետազոտող պ.գ.դ. Ալեքսան Հակոբյանին, որը Աղվանքի շրջանի մասնագետ է եւ շատ հետաքրքիր ուսուցողական դասախոսություն անցկացրեց: Միհրականության մասին հետաքրքիր դասախոսություն ունեցանք: Գիտենք, որ այն դոմինանտ կրոնական համակարգերից մեկն էր Հին աշխարհում: Թեման ուսումնասիրող լավագույն մասնագետը` պ.գ.դ. Երվանդ Մարգարյանը, այդ թեմայով շատ հետաքրքիր դասախոսություն ունեցավ: Վերջին դասախոսության ժամանակ «Էրեբունի» ՊՀԱԹ-ի «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավար, ուրարտագետ Վահե Սարգսյանն ուշագրավ անդրադարձ կատարեց ուրարտագիտության ռահվիրաներից Լեհման-Հաուպտի գործունեությանը:Կարծում եմ` շատ կարեւոր գիտակրթական ծրագիր ենք այս առումով իրականացնում:
– Իսկ Կարմիր բլուրի հետ կապված ի՞նչ նոր ծրագրեր ունեք:
– Կարմիր բլուրում պետք է երեխաների համար վերգետնյա ուսումնական արհեստական պեղավայրը պատրաստենք:
– Այս պահին, ո՞ր ցուցադրության վրա է թանգարանն աշխատում:
– Հիմա աշխատում ենք նոր, ժամանակավոր ցուցադրության վրա, որը նախատեսել ենք մարտի 8-ին բացել` «Կինը եւ Նոր Արմավիրի հնագիտական գանձերը» թեմայով: Այստեղ առաջին անգամ Էրեբունի թանգարանում ներկայացնելու ենք բազմաթիվ իրեր, որոնք չափազանց կարեւոր արժեք եւ նշանակություն ունեն: Առաջին անգամ ներկայացվելու են ոսկյա իրեր, կցուցադրվեն նաեւ եզակի այլ հնագիտական գտածոներ, որոնք հայտնաբերվել են Նոր Արմավիր գյուղում, հայտնի հնագետ Սիմոն Հմայակյանի կողմից իրականացրած պեղումների ժամանակ:
Ցուցադրությունն իրականացվելու է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այստեղ նաեւ ներկայացվելու է ուրարտական հանդերձանքով կնոջ իմիտացիոն կերպար` հիմնված լուրջ գիտական վերլուծության վրա: Այցելուները հնարավորություն կունենան նաեւ լուսանկարվել մեր ուրարտուհու հետ: Մարտի վերջին նախատեսում ենք իրականացնել տեսողության խնդիր ունեցողների համար մեծ ցուցադրության բացումը:
– Թանգարանն ի՞նչ խնդիրներ ունի:
– Դեռեւս խոսեմ դրանցից մեկի մասին: Էրեբունի թանգարանի շենքը գտնվում է բավականին վատ վիճակում: Եվ ճակատային հատվածներում առկա են ճաքեր: Նաեւ ցուցադրությունում մի հատված կա, որտեղից ավազ է լցվում, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Դիմել ենք Երեւանի փոխքաղաքապետ տիկին Գայանե Մելքոնյանին: Դրանից հետո սկսվել են թանգարանի շենքի հետազոտությունները համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից: Հիմա ընթանում են սեյսմիկ հետազոտությունները, որի եզրակացությունը շուտով կիմանանք: Արդեն տեղեկացանք, որ անհրաժեշտ է լինելու իրականացնել երկրաբանական հետազոտություններ, որը հնարավորություն կտա պատկերացում կազմել շենքի վիճակի մասին: Բայց մի բան ակնհայտ է, որ շենքը պետք է ամրակայվի:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ-Հարցազրույցը կարդացեք նաեւ«Իրավունք» թերթի այսօրվա համարում: