«Ինձ իմ մայրն է լույս աշխարհ բերել, բայց ես բոլոր հայ մայրերի զավակն եմ». Ռաֆայել Աբրահամյան
Սպորտ
Փետրվարի 20-ին, Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում ընթացող, ընդհանուր խառը մենամարտերի Open FC 2 մրցաշարի ժամանակ, հայազգի ընդհանուր խառը ոճի պրոֆեսիոնալ մենամարտիկ ՌԱՖԱՅԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ 2-րդ ռաունդում, փայլուն հաղթանակ է տոնել ազգությամբ ուկրաինացի մրցակցի Ստեփան Լիտվինենկոյի նկատմամբ։ Ռաֆայելը բնակվում է Ռուսաստանում, նա մարզվում է Մոսկվայի Lion Heart մարզական ակումբում, հանդես է գալիս Open FC-ի հովանու ներքո, մինչև 65,8կգ քաշային կարգում։
Նա սպորտով զբաղվում է դեռ վաղ հասակից, այդ թվում ազատ ոճի ըմբշամարտով, բռնցքամարտով, գրեպլինգ մարզաձևով և այժմ պրոֆեսիոնալ, ընդհանուր խառը մենամարտերով /MMA/ ։
Մեզ հետ զրույցում հայ մարզիկը նշեց, որ իր հաղթանակը նվիրում է բոլոր հայ մայրերին. «Ես գիտեմ, որ ինձ իմ մայրն է լույս աշխարհ բերել, բայց ես բոլոր հայ մայրերի զավակն եմ ինձ համարում, հայազգի զավակն եմ համարում» - նշեց Ռաֆայելը, նա այս խոսքերը հնչեցրեց նաև իր հաղթական մենամարտից հետո, ռինգում։
Հավելենք, որ 2019 թվականին կրկին Սամարայում անցկացված մրցաշարում Ռաֆայելը նոկաուտով, գրեթե խեղդել էր ազգությամբ թուրք Բաթուհան Աքդումանին, որը մենամարտից առաջ ասել էր. «Գնում եմ ՌԴ հայի գլխի հետևից»։
Իսկ անցած տարի դեկտեմբերին Ռաֆայելը ունեցավ ևս մեկ հաղթական մենամարտ, որը նա նվիրեց 2020թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար նահատակված եղբոր Արտակ Աբրահամյանի պայծառ հիշատակին, վերջինս խոստացել էր ներկա լինել եղբոր մենամարտին, ցավոք զոհվեց ։ Ռաֆայելը նշեց, որ իր հաջորդ մենամարտը կկայանա Հայաստանում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ