Կարեն Բեքարյանը ազատ արձակվեց. դատարանը մերժեց ԱԱԾ-ին
Իրավական
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, մերժեց քաղաքագետ, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը ասաց Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։
Դատարանը, միևնույն ժամանակ, ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։
Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ազատ է արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։
ԱԱԾ-ն այս գործի մանրամասների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։
Սաղաթելյանը, Բեքարյանը, Ավագյանն ու Սարգսյանը ձերբակալվել էին ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: