ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
ԱԱԾ սահմանապահ զորքերը տարածել էին զարմանալի եւ վրդովեցուցիչ հայտարարություն. «Ստեղծված օպերատիվ իրավիճակով եւ անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաեւ հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը` տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաեւ էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»: Դե արի ու մի ասա` իյա՜, իրո՞ք... Իսկ հնարավո՞ր է, վաղն էլ ձեր գերագույն տեր Ալիեւից էլ թույլտվություն վերցնել պահանջեք: Առավել զարմանալի է, որ այդ աբսուրդը հնչեց լրացուցիչ հողահանձնումների մասին դավաճան վիժվածքի ստորագրված գաղտնի հուշագրի հրապարակման ֆոնին, որի գոյությունը խոստովանեց նաեւ փոխդավաճան Տիգրան Ավինյանը: Ինչեւէ, մի քանի ժամվա աղմուկը բավարար եղավ, որպեսզի ԱԱԾ-ում հասկանան, որ գլուխները պատով են տվել, եւ հանդես գան պարզաբանումով, թե հայտարարությունը «չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից թույլտվություն հայցելու նպատակ, եւ բնականաբար հրապարակված տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ», այլ սոսկ նկարահանումներն ավելի անվտանգ դարձնելու համար է, բայց... զարմանալի է, որ անընդմեջ արձագանքի փորձարկում են անում, թե արդյոք «կուտվի» գրաքննության հերթական փորձը:
Տխրահռչակ սորոսի վաստակ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆՆ էլ զարմանալիորեն հատել է լկտիության բոլոր սահմանները` հայտարարելով. «Այո, համարում եմ, որ Սարգսյանն ու Քոչարյանն առանց դատավճռի պետք է հայտնվեն բանտում»: Դրանով նա գերազանցեց իր հոգեւոր հայրիկ բոլշեւիկներին, քանզի նույնիսկ 1930-ականներին առանց դատավճռի չէին բանտարկում: Ինչպես նշում է քաղաքագետ Միհրան Հակոբյանը. «Սույն ոչնչության տերերը` կոնկրետ ԱՄՆ դեսպանատունը, պետք է ականջին օղ անի` վարունգը թարս աճելու բնավորություն ունի: Լիբերալ-դեմոկրատների անվան տակ ամերիկացիների բուծած այս ֆաշիստներն իրենց անփառունակ ուղին պատի տակ են ավարտում: Որովհետեւ քամի ցանողը, որպես կանոն, փոթորիկ է հնձում»: Այո, երեւանցու ասած, սրանք լրիվ հաբռգել են, եւ կարող են հասցնել մի իրավիճակի, որ իրենց կոդլի համար բանտի պատերը փրկության միակ հույսն են դառնալու...
Իսկ քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ արձանագրում է, որ մեզանում վերջերս զարմանալիորեն աճել է դեբիլների քանակը. «Հայաստանում շատերն ուրախ են, որ ժամկետային զինծառայողներն այսուհետ չեն ծառայի Արցախի սահմաններում, որից մի քանի մետր հեռավորության վրա ադրբեջանցին է, այլ կծառայեն Սյունիքում, Գեղարքունիքում ու Տավուշում, որից մի քանի մետր հեռավորության վրա էլի նույն ադրբեջանցին է... Եվ ազգն այսպես է դեբիլացվում...»: Սակայն ամենազարմանալին այն է, թե քաղաքագետը Ֆեյսբուքում ենթարկվեց ֆեյքերի եւ զոմբիների հարձակմանը, ովքեր նեղացել էին, թե ինչու է դեբիլներին դեբիլ անվանում: Փոխանակ գոնե երբեմն աշխատեցնեն ուղեղի մնացորդները, զարմանալի ագրեսիա են դրսեւորում իրերն իրենց անունով կոչողների դեմ:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ