Շուշին՝ ծռված ճակատագրով քաղաքը
Հրապարակախոսություն
Հենց սկզբից էր ծռված Շուշիի ճակատագիրը: Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վարանդա գավառում հին ժամանակներից կար Շոշ անունով հայկական գյուղ, որի մոտ բարձրացող ժայռը պաշտպանական ամրություն էր ծառայում շրջակայքի հայ բնակիչների համար և կոչվում էր Քարագլխի կամ Շոշի բերդ: 1724-ին այստեղ առաջին բերդապարիսպն է դնում անվանի Ավան հարյուրապետը: Բերդը սկսում է կոչվել Շուշի, որը գտնվում էր արդեն Ղարաբաղ կոչվող երկրամասի (Խամսայի) հինգ մելիքություններից Վարանդայի կազմում:
Արցախի հայությունը խաղաղություն և բարեկեցություն էր վայելում, քանի դեռ նրա տերերն ապրում և գործում էին եղբայրության ուխտին հավատարիմ: Սակայն շուտով թունավոր որոմը բուսեց երանության դաշտում: Վարանդայի ուխտադրուժ մելիք Շահնազար Բ-ն, մյուս մելիքներին իրեն ենթարկել տալու նպատակով, բարեկամացավ Կուր գետի ափերին թափառող թուրքական ,,սարըջալու՛՛ կոչվող վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահ խանի հետ և նրան տրամադրեց Շուշի բերդը: Այս նանրամիտ թուրքը կառուցեց իր ամրոց նստավայրը՝ Փանահաբադը, բնակեցնելով իր ցեղակիցներով: Այսպես առաջին անգամ օտարի զավակները տիրոջ իրավունքով մտան բուն Արցախ: Եղելության առթիվ մեր մեծ ուսուցիչ Րաֆֆին սրտի ցավով ասում է՝ երբ Փանահը 1752-ին դրեց իր ամրոցի առաջին քարը, այդ օրվանից դրվեց հայոց այս նահանգի սև քարը:
Ղարաբաղի՝ Ռուսաստանին միացվելուց հետո Շուշին ևս ձեռք բերեց խաղաղ կյանքի, տնտեսական և մշակութային զարգացման հնարավորություններ: Քաղաքի հայկական թաղամասերն աչքի էին ընկնում բարեկարգությամբ՝ փողոցներով, 2-3 հարկանի տներով, պարտեզներով, եկեղեցիներով ու հասարակական շենքերով: Հայերը, որ կապի մեջ էին Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ, առաջինն էին, որ ստեղծեցին իրենց դպրոցները, տպարանները, թերթերը, թատրոնը, ակումբները, գրադարանները և երաժշտական համույթները: Լավ հայտնի էին Շուշիի ժողովրդական արվեստի հայ վարպետների ձեռագործ գորգերը, զարդերը, հագուստները և կենցաղային առարկաները: Շուշին հայկական քաղաք էր: Քանի դեռ կար ցարական Ռուսաստանի նահանգային կառավարման համակարգը, հարևան ժողովուրդների մեջ տիրում էր հարաբերական խաղաղությունը:
Իսկ 1918-ի մայիսին՝ ազգային հանրապետությունների ստեղծումից հետո, երբ ինչ-որ տեղից գլուխ բարձրացրեց Ադրբեջան անվանումով միավորը, հարաբերությունները թունավորվեցին, որովհետև իրենց հանկարծ ազերի կոչող Անդրկովկասի թաթարները տարածքային նկրտումներ դրսևորեցին Հայաստանի նկատմամբ: Ունեին եղեռնագործ Թուրքիայի նման պաշտպան:
Այդ տարվա հունիսի 4-ին Բաթումում կնքված հայ-թուրքական պայմանագրով Ադրբեջանին էին կցված հայոց հնագույն գավառներ Նախիջևանը, Վայոց Ձորը, Սյունիքը և Ղարաբաղը: Այս բացահայտ անարդարության դեմ ընդվզեցին նաև ղարաբաղցիները: Նրանք սխալ էին համարում, որ երկրամասի 300 հազար հայերը պիտի ենթարկվեին 15 հազար ազերիներին: Պայմանագրի դեմ ընդվզել էր նաև իր զորքով Դիլիջանում գտնվող հայոց հերոսապետ Անդրանիկը, քանի որ նրանում որևէ խոսք չկար եղեռնազարկված Արևմտյան Հայաստանի և բազմահազար գաղթականների՝ հայրենիք վերադառնալու մասին:Եվ, որպեսզի դիվանագիտական ասպարեզում չվնասի նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը, հեռացավ նրա սահմաններից: Կարելի է ասել, որ միայն Աստծո կամքով հայոց սիրելի զորավարը հայտնվեց պայմանագրով Ադրբեջանին նվիրված Սյունիքում և իր կիսամերկ ու կիսաքաղց զինվորի սրի ծայրով վերախմբագրեց Բաթումի հայավնաս պայմանագիրը, Սյունիքը պահեց՝ որպես մայր Հայաստանի անբաժանելի մաս: Նա ցանկացավ նման կերպ լուծել նաև Ղարաբաղի խնդիրը, երկու փորձ կատարեց իր հերոսական զորքով այնտեղ անցնելու և ազատագրելու համար, սակայն՝ ապարդյուն: Առաջին անգամ խանգարեց մուսավաթականներից կաշառված Շուշվա քաղաքապետ, անիծյալ ու նորից անիծյալ Գերասիմ Մելիք-Շահնազարյանը, երկրորդ անգամ՝ Բաքվի նավթի հոտից հոգեխախտված ,,թունդ հայասեր՛՛ անգլիացիները:
Հայերը շարունակում էին Շուշիում մեծամասնություն կազմել: Դա աններելի էին համարում Ադրբեջանում և առիթ էին փնտրում քանակը նոսրացնելու համար: Առիթը նրանք գտան 1920-ի մարտին: Տեղի մուսավաթական կառավարիչ, հայատյաց Խոսրով-բեկ Սուլթանովի գլխավորությամբ նրա կուսակիցներն ու դավանակիցները, իրենց ցեղի հոգեկերտվածքին հավատարիմ, հարձակվեցին հայկական թաղերի վրա, հրդեհեցին 7000 տուն, 35 հազար հայերի մեծ մասին կոտորեցին և կողոպտեցին նրանց ունեցվածքը: Օտարներից այս բարբարոսության դեմ բողոքեց միայն բոլշևիկ Սերգո Օրջոնիկիձեն, որի ձայնը լսել չցանկացան ,,ժողովրդավարական՛՛ Բաքվում:
Միայն եղեռնի ճանապարհով Շուշի քաղաքի հայ բնակչության թիվը նվազեց ու այդպես մնաց խորհրդային տարիներին:
Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայոց նորաստեղծ բանակն աշխարհազորայինների հետ ազատագրեց Շուշին: Սկսվեց նրա վերականգնման ու հայացման գործընթացը, ապագան լուսավոր էր թվում: Սակայն տեղի ունեցավ անսպասելին: 2020 թվին արցախյան երկրորդ պատերազմը Հայաստանի բարձրագույն իշխանության չար կամքով ավարտվեց պարտությամբ: Հակառակորդը գրավեց Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, Շուշիի վրա բարձրացվեց թշնամու լուսնակիր դրոշը: Բերդաքաղաքի հանձնման համար մեր հողատու ,,թագավորի՛՛ հնարավոր բացատրությունն այն դարձավ, որ երեսուն տարի առաջ նրա բնակչության 90 տոկոսից ավելին ադրբեջանցիներ են եղել:
Թուրք հաշվապահին վայել այս հայտարարությամբ վարչապետը կրկնակի է ջարդում մեր ոգու ողնաշարը: Նա չի հասկանում, որ աշխարհասփյուռ հրեաները դարեր շարունակ իրենցն են համարել օտարին մնացած Երուսաղեմ քաղաքը և իրենցն են դարձրել մեր օրերում: Ուստի հայ մարդը անխախտ հավատով պիտի պնդի, որ Շուշին եղել և լինելու է հայկական: Եվ այդ ապագայի անդրանիկ քայլը նա պիտի սկսի հենց այսօր՝ կառավարման ունակությունից զուրկ, դեմոգոգիայի վարպետ Նիկոլին արխիվ ուղարկելուց, ընկած տեղից ամուր ոտքի կանգնի, զորացնի հայրենիքն ու պատրաստվի հաղթանակների: Ազգի հավերժական երթը շարունակելու այլ ճանապարհ չունենք:
Ռուբեն Սիմոնյան