«Փախուստը երկրից լուծում չէ». ԱՆՆԱ ԷԼԲԱԿՅԱՆ
Մշակութային
Թատրոնի եւ երկրում տիրող իրավիճակի մասին զրուցեցինք ՀՀ վաստակավոր արտիստ, «Երեւանի խամաճիկների պետական թատրոն»-ի տնօրեն, դերասանուհի, դասախոս ԱՆՆԱ ԷԼԲԱԿՅԱՆԻ հետ:
– Երկար լռությունից հետո վերջապես թատերական կյանքը սկսվում է: Ի՞նչ ներկայացումներով եք հանդես գալու, եւ ի՞նչ նորություններ ունի Ձեր թատրոնը:
– Նոր տարվա հեքիաթին «Մարդուկ-ջարդուկը» ներկայացմամբ հանդես եկանք: Այն խաղացին երկու կազմով` ե՛ւ մեծերը, ե՛ւ մանուկները, ինչը մեծ հաջողություն ունեցավ: Հիմա նորից խաղում ենք այն ներկայացումները, որոնք վաղուց չենք խաղացել պանդեմիայի, պատերազմի պատճառով: Փորձում ենք նաեւ ավարտական դասարանի երեխաներին ներգրավել թատրոն: Եվ նրանց համար պատրաստում ենք երկու ներկայացում: Իսկ թե ինչ ներկայացում է, չեմ ուզում բացել փակագծերը: Այն թող մնա անակնկալ հանդիսատեսի համար:
- Թատրոնը փոքր է, տարածքի խնդիր ունի՞:
– Ունենք տարածքի խնդիր, դահլիճը փոքր է, եւ չունենք ավելորդ սենյակներ, որտեղ կարող ենք ունենալ մանկական ստուդիա: Եվ մեր տեսլականը` մանկական խումբ ունենալն է, որոնք կխաղան ներկայացումներ մեր բեմում:
– 44-օրյա պատերազմի ժամանակ դուք բարեգործական ծրագրեր եք ունեցել:
– Մեր փոքրիկ թատրոնում օգնում ենք, որքան կարող ենք: Բայց դրա մասին բարձրաձայնելը տգեղ է: Բարեգործությունը չի կարելի դարձնել դրոշակ: Այդ դեպքում բարեգործությունը կորցնում է իր իմաստը:
– Թատրոնը փաստորեն գումար չէ՞ր աշխատում, քանի որ ներկայացումների գումարները փոխանցում էիք վիրավոր զինվորների բուժման համար:
– Այո, քանի որ մենք անում էինք բարեգործություն առանց մտածելու, թե ինչ կլինի վաղը:
– Այսօր մշակույթի գործիչները քաղաքականացված են, կարո՞ղ է գա ժամանակ, եւ դուք էլ փորձեք քաղաքականություն մուտք գործել:
– Քաղաքականությամբ թող զբաղվեն անձնուրաց եւ պրոֆեսիոնալ մարդիկ: Ինձ համար ցավալի է, որ մեր հասարակությունը բաժանված է հների եւ նորերի… բայց չէ՞ որ մեր բոլորի նպատակը մեկն է: Այսօր պաշտոնի կռիվ լինել չի կարող: Մենք միշտ ունեցել ենք եւ կունենանք Նժդեհի, Մոնթեի Թումանյանի, Իսահակյանի, Վիկտոր Համբարձումյանի նման իմաստուն մարդիկ, որոնք իրենց շուրջն են հավաքել մտավորականներին եւ անտարբեր չեն եղել ազգի խնդիրների նկատմամբ: Իրենք ունեցել են թե՛ քրիստոնեական արժեքներ եւ թե՛ ուժեղ հայրենիքի տեսլականը: Ինչի՞ ենք վերցնում այդ բացասականը, որ կոտրվենք, հիասթափվենք կամ թողնենք ու հեռանանք: Հիմա անվստահությունը դարձել է դրոշ: Ոչ ոք ոչ ոքի չի վստահում: Այդ բացասականը շատ է: Մենք այդպես ոչնչի չենք հասնի:
– Ռուսաստանի հետ տեսնո՞ւմ եք մեր ապագան:
– Մեր ապագան արդեն կապված է Ռուսաստանի հետ: Աստված տա, որ շատ ավելի վատ չլինի: Եվ մենք չկորցնենք մեր ինքնությունը…
– Այսօր շատ ենք մասնատված: Ո՞րն է պատճառը:
– Ամենավատ բանը, որ եղավ, դա այն է, որ մենք սովորեցինք փնովել իրար եւ սովորեցինք չգնահատել լավը: Երբ որ մենք գնում ենք փնովելու ճանապարհով, վատը բազմապատկվում է: Դրա համար չկան այն դերասանները, գրողները: Իսկ ո՞վ բարձրացրեց այդ դերասաններին, գրողներին… ո՞վ հորդորեց եւ սատարեց նրանց: Ո՞վ ասաց` ինչ հրաշալի ես դու գրում, արի ես քեզ հնարավորություն տամ: Ոչ ոք դա չարեց: Նույնը, կարծում եմ, բոլոր օղակներում: Չեմ ասում անտեղի գովել եւ ասել, օրինակ` հաղթելու ենք, եթե չունենք զենք-զինամթերք եւ հզոր բանակ: Ո՛չ, բայց պետք է նաեւ լավը գնահատել եւ գրել դրա մասին: Մարդկանց լավ կողմերը շեշտել, որ դա նրանց թեւեր տա ավելին անելու: Մենք պետք է իրար հուսադրենք, մխիթարենք, հավատք ունենանք վաղվա հանդեպ եւ բարձրացնենք այդ ուժերը: Ներդնենք, գումար տանք, որպեսզի կարողանան երիտասարդներն իրենց մասնագիտության մեջ զարգանան: Գիտեք, ամեն չլուծվող հարց միեւնույնն է, ունի լուծում, եթե դու կարողանում ես այդտեղ տեսնել մարդկանց, որոնք կարող են զարգացնել այդ ոլորտը: Փախուստը երկրից եւ վատն անընդհատ կրկնելն ու առավոտից երեկո քննադատելը լուծում չէ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ-Զրույցը կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա համարում: