«Հարկավոր է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների խորացման նոր փուլ մտնել».Հրաչուհի Փալանդուզյան
Ներքաղաքական
Հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին "Իրավունքը" զրուցեց գրող, լրագրող Հրաչուհի Փալանդուզյանի հետ:
– Տիկին Փալանդուզյան, բոլորովին վերջերս ստեղծվեց "Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ" նախաձեռնությունը: Ի՞նչ կարծիք ունեք նախաձեռնության մասին:
– Մանրամասնություններին ծանոթ չեմ, շատ բան ասել չեմ կարող, միայն գիտեմ, որ հարկավոր է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների խորացման նոր փուլ մտնել` պահպանելով մեր պետության անվերապահ ինքնիշխանությունը: Այս տարածաշրջանն այսօր առավել, քան երբեւէ, հայտնվել է համաշխարհային խաղացողների նենգությունների հանգույցում, այստեղ մենք ունենք բացահայտ թշնամիներ եւ մեկ բարեկամ` Ռուսաստանը: Իրանի զգուշավորությունը հասկանալի եւ ներելի է, նրանից սպասելիքներ չկան: Մինչդեռ Ռուսաստանը կարող է մնալ հայկական շահերի տիրույթում, եթե միայն հաստատվի հարաբերությունների ճիշտ օրակարգ: ՌԴ-ի հետ հայկական դիվանագիտական ճկուն հայեցակարգը կարող է հրավտանգ այս աշխարհում մեր երկրի գոյության երաշխիքը լինել: Հնարավոր է, որ առաջիկայում միջպետական այլեւայլ դաշինքներ ձեւավորվեն` գուցե մեզ համար առավել ձեռնտու, բայց մինչ այդ հարկավոր է ապավինել Ռուսաստանի ռազմաքաղաքական հնարավորություններին: Ես սա նվաստացում չեմ համարում, գոյատեւելու միջոցներից անհրաժեշտ է ընտրել ամենակենսունակը:
– "Թավշյա" իշխանավորներին ազատ եւ անաչառ մամուլը կարծես թե հանգիստ չի թողնում: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անվերջ փորձում է սահմանափակել լրատվական դաշտը: Ինչո՞ւ:
– Կացինն անտառը ոչնչացնում է, որովհետեւ կոթը փայտից է... Ներկաները լավ գիտեն լրատվամիջոցների ազդեցության ուժը, բազմիցս փորձարկել են ու շահել: Իհարկե, որեւէ համեմատություն չի կարող լինել, որքան ես ծանոթ եմ օրվա ընդդիմադիր լրատվականների նյութերին` դրանք ասում են ճշմարտությունը, ոչինչ չեն հորիում, չեն վիրավորում, հանրությանը չեն պառակտում, արատներ, որոնք հատուկ են իշխանությանը տիրողների անցյալ ու ներկա գործելակերպին: Խոսքի ազատության այսպիսի բռնաճնշումներ մեկ էլ 1990-ականներին են եղել, նման հետընթացը մեր իրականության ակնառու ձախողումներից է եւ վկայում է սահմանափակումների հեղինակներին ճարակած վախի մասին: Իշխանազրկության սարսափից վատ բան չկա, դժվար է կռահել, թե էլ ինչերի են ընդունակ ավերմունքի ու պարտության այս մեղավորները: Երիտասարդ գործընկերներիս կոչ եմ անում բարոյականության ու ճշմարտության դրոշը միշտ բարձր պահել եւ չնահանջել:
Հայկ Գեւորգյան