Մեզ միտումնավոր տարել են պարտության. Վահրամ Մկրտչյան
Տեսանյութեր«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կազմկոմիտեի անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ գնահատմամբ` այսօր ապրում ենք բարդ ժամանակներ` վտանգված է Հայոց պետականությունը, իսկ հայությունը շփոթության մեջ է:
«Կարծում եմ` մեզ միտումնավոր տարել են պարտության: Իսկ եթե այդպես չէ, ուրեմն` այդ պարտությունը մեր գլխին փաթաթել են տգետ, անփորձ, անբարտավան եւ «հպարտ» իշխանությունները: Ցանկացած դեպքում մեր հայրենիքն այսօր շատ վտանգված է: Այս ամենը մեր հետ չէր պատահի, եթե ունենայինք մեկ ընդհանուր նպատակ ու գաղափար եւ ամուր կանգնած լինեինք մեր քրիստոնեական եւ ազգային արժեքների վրա: Այսօր ազգովի չունենք սեփական երազանք եւ այդ երազանքի բացակայությունը մեզ ամբողջ աշխարհով մեկ թափառական է դարձնում: Ու այդ թափառումների ժամանակ ոչ թե գաղափար ենք փնտրում, այլ` բարեկեցություն: Մինչդեռ առանց հավատքի` բարեկեցությունն առոչինչ է: Ինչպես ասում է Աստվածաշունչը` գործերն առանց հավատի ունայն են, իսկ հավատն առանց գործերի` մեռած: Եթե ազգը չունի հավաքական նպատակ, ապա նրա հավաքական էներգիան պակասում է: Իսկ եթե էներգիան պակասեց, օրգանիզմը թուլանում է, քայքայվում եւ փտում: Թուլացած օրգանիզմը վերականգնելու համար, ինչ խոսք, անհրաժեշտ է կուռ գաղափար եւ պետք է առկա խնդիրներին որոշակի լուծումներ տանք», - ասաց Վ. Մկրտչյանը:
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենի կարծիքով` մինչեւ նոր իշխանությունը հայությունը կենտրոնացած էր մեկ կարեւոր գաղափարի շուրջ` լուծելու հայկական հարցի արցախյան դրսեւորումը. «Ազգովի` պետական եւ ազգային կառույցներով, ամբողջ սփյուռքով փորձում էինք Արցախի ինքնորոշման հարցը ճանաչեցնել տալ ամբողջ աշխարհին եւ դրանով իսկ ամրանում էինք: Մինչդեռ իշխանափոխությունից հետո` արեւմտյան հայտնի ուժային կենտրոնների ակտիվ աջակցությամբ, կիրառելով հայտնի տեխնոլոգիաներ` մեր ազգի մեջ ներմուծեցին կեղծ արժեքներ: Եվ, ցավոք, հասարակության մեջ արդարացիորեն դժգոհ լայն զանգվածները խաբվեցին ու դարձան, ըստ էության, «երջանիկ հանդիսատես»` ծափահարելով այն գաղափարին, որը կազմաքանդեց մեր պետությունը, մեր ազգային անվտանգությունը ու հասցրեց երկիրն այս օրվան: Ռուս ուղղափառ եկեղեցու հայրերից մեկն ասում էր` եթե ազգն առանց Աստծո է, ապա այն վերածվում է ամբոխի, իսկ ամբոխից ամեն ինչ սպասելի է: Ամբոխը լինում է նաեւ դաժան եւ պատժում է այն մարդկանց, ովքեր իրեն ամբոխացրել է»:
Վահրամ Մկրտչյանի վստահեցմամբ` այս պատասխանատու պահին արդեն իսկ ուրվագծվում են այն թիրախները, թե ինչ պետք է անի հայ ժողովրդի բանիմաց եւ ազգասեր հատվածը. «Առաջին պատերազմից հետո` արդեն 20 եւ ավել տարի է փնտրում ենք դաշնակիցներ, միություններ, որպեսզի կարողանանք ուժեղ եւ բարեկեցիկ ապրել եւ կերտել մեր ապագան: Շատ հաճախ մեր հայացքը թափառել է այս ու այն կողմ, եւ մենք մի քիչ հեռացել ենք մեր ռազմավարական դաշնակցից` մեր 200 տարվա բարեկամից եւ եղբայր ժողովրդից: Իսկ այսօր հիմնադրելով «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը` արդեն իսկ անվանման մեջ կա այն բովանդակությունը, թե ինչ պետք է անել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.