Ստեփանակերտի թատրոնի գեղ. ղեկավարը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Մշակութային
Ստեփանակերտի Պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին։
«Հինգ հետաքրքիր, բայց դժվար ու մաքառումով լի տարիներ, բազմաթիվ խոչընդոտներով, բայց պայքարի ոգով հարուստ, դիտավորյալ խանգարողներով, բայց եւ աջակցող ու թեւ ու թիկունք լինող մարդկանցով տարիներ, հուսահատության եւ ոգեւորության, սիրո եւ համերաշխության տարիներ... Այս շարքը երկար է, ասելիքս նույնպես, բայց կուզեմ, որ բառերի փոխարեն խոսեն արդեն հիշողություն դարձած աշխատանքները, որոնք կերտվել են իմ թիմի քրտնաջան ու նվիրական աշխատանքի արդյունքում...
Ես շնորհակալ եմ մարդկանց, ովքեր վստահել ու հավատացել են ինձ, ովքեր աշխատել եւ պայքարել են ինձ հետ միասին, ովքեր լսել ու աջակցել են իմ բոլոր նախաձեռնություններին, ովքեր անհամբեր սպասել եւ ուրախացել են թատրոնի հաջողություններով։ Շնորհակալ եմ անգամ նրանց, ովքեր քննադատել ու երբեմն նաեւ խոչընդոտել են․ դուք ինձ ավելի ուժեղ դառնալու հնարավորություն եք տվել... Շնորհակալ եմ Ստեփանակերտի թատրոնի հարազատ կոլեկտիվ ` խենթ ու խելառ օրերի ու տարիների համար, դժվար ու հուսահատ, ուրախ ու երջանիկ օրերի համար, կկարոտեմ։ Շնորհակալ եմ Մշակույթի բոլոր չորս նախարարներին` Նարինե Աղաբալյան, Սերգեյ Շահվերդյան, Լեռնիկ Հովհաննիսյան, Լուսինե Ղարախանյան․ Ձեր բոլորի հետ էլ կառուցողական եւ հետաքրքիր ծրագրեր ենք իրականացրել եւ նախաձեռնել։ Շնորհակալ եմ իմ ամենասիրելի հանդիսատեսին (Արցախի հանդիսատես դու ուրիշ ես), թատրոնի յուրաքանչյուր ներկայացումը տոնի վերածելու համար, ձեր հավատարմության, սիրո ու ազնվության, անհամբերությամբ նոր ներկայացումներին սպասելու համար... կկարոտեմ անչափ։
Ես հեռանում եմ բաց ու մաքուր խղճով. երբեւէ դիտավորյալ որեւէ արարք, որը կարող էր ի վնաս լինել որեւէ մեկին կամ որեւէ գործի, չեմ գործել։ Թող ներեն մարդիկ, որոնց, գուցե, ոչ գիտակցաբար նեղացրել եմ կամ վիրավորել, հավատացեք ցանկանությունս միայն հանուն թատրոնի բարօրության գործելն է եղել... Այո, ճանապարհը կանաչ չէր, ավելին, անհարթ ու քարքարոտ էր եւ այն հաղթահարելու ընթացքը միշտ չէ, որ սահուն է եղել, բայց սերը առ թատրոն, առ հայրենիք, առ ժողովուրդ ուժ ու կորով է ներշնչել մեզ աշխատելու...
Այսօր մեր բոլորի հոգին ու սիրտը էլ առաջվանը չէ, մեր բոլորի երազանքներն ու նպատակները էլ առաջվանը չեն, մենք էլ, էլ առաջվանը չենք... Երազանք դարձավ Արցախը եւ նրան ավելի լավը դարձնելու մեր բոլորի մեծ ու փոքր նպատակները... Եվ ինչպես ասում է Հելգասոնը՝ «Պատերազմը սպանում է բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր կենդանի են մնացել»։ Բայց մենք ապրելու ուժ կգտնենք․․․», - գրել է Ստեփանակերտի Պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռ. Խաչատրյանը: