«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
Ներքաղաքական
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ տեղի ունեցած փակ նիստում քննարկել է սահմանադրական փոփոխությունների փաթեթ շրջանառության մեջ դնելու հարցը: Ըստ այդ նախագծի, Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆՆ ասաց, որ իշխանություններն այսօր երկրում առաջացած բոլոր խնդիրները թողած` ինչ-որ գործընթացներ են տանում, որոնք միտված են իրենց վերարտադրությանը:
– Ստացվում է զավեշտալի իրավիճակ: Համոզված եմ` հարցերի առաջնահերթությունը, որն այսօր պետք է քննարկվի, արդեն հնչեցրել ենք. առաջինը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, որից հետո պետք է հասկանանք բոլոր պրոցեսները, թե ինչ է գեներացվում: Բայց ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունն ապրում է ներկայիս Հայաստանին զուգահեռ Հայաստանում, որտեղ չկան գերիներ, կորցրած հայրենիք, ծանր սոցիալական վիճակ, թուրք-ադրբեջանական վտանգներ, որոնք օրեցօր ավելի են մեծանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ