«ՔԱՋԱՐԻ ԶԻՆՎՈՐ ԴԱՎՈՆ» ԵՎ ՀՈՂԱՏՈՒԻ «ՌԵՍՏԱՐՏԸ»
Վերլուծություն
Նիկոլը «փուռն է տալիս» բոլորին, եւ հերթը հասել է ամբողջ ԱԺ-ին, որը պիտի ինքնալուծարվի, իսկ ավելի ճիշտ` «ինքնասպան» լինի, որպեսզի հողատուն փորձի ինքնավերարտադրվել արտահերթ ընտրություններով: Դե, եթե իշխող խմբակցությունն է զոհաբերվում ամբողջ կազմով, ապա «ռեստարտի» շրջանակներում պաշտոնանկ արված նախկին պաշտոնյաներն ի՞նչ են, որ «փուռը չգնան»: Օրինակ` Դավիթ Տոնոյանը շատ հարմար քավության նոխազ է` «պայմանագրային պատերազմում» կրած պարտությունը նրա վրա բարդելու համար: Հողատուն հին բանսարկու էր, եւ եթե նրա համար Գագիկ Ծառուկյանի չուղարկած փոքրիկ զորաջոկատը Շուշիի անկման պատճառ է, ապա ինչո՞ւ պարտության բեռը չդնել նախկին նախարարի ուսերին:
ՏՈՆՈՅԱՆԻ «ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ» ՀԱՐՎԱԾԸ
Երբ ժամանակին պարծենկոտ ձեւով Դավիթ Տոնոյանը խոսում էր «կանխարգելիչ պատերազմի» մասին, ոչ ոք չէր կարող ենթադրել, որ այդ «պատերազմը» կլինի ոչ թե Ադրբեջանի, այլ Նիկոլի դեմ: Քաջարի զինվոր Շվեյկը, կներեք` Դավոն, դրա մասին չէր զգուշացրել: Եվ ահա, երբ «փուռը գնալու» առաջին ազդակները երեւացին, Տոնոյանն անցավ բուն «կանխարգելմանը»: Եվ դա արեց ընդարձակ հարցազրույցի տեսքով: Այսպես, երբ հիշեցվեց, որ Օնիկ Գասպարյանն ասել է, որ պատերազմի 4-րդ օրը նշել է, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ, Տոնոյանն այսպես պատասխանեց. «Պաշտպանության նախարարությունը եւ Զինված ուժերը անկեղծ եւ անձնազոհաբար արել են ավելին, քան հնարավոր էր` հանուն հաղթանակի: Իսկ Գլխավոր շտաբի սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր ինձ հետ»: Այսինքն` դրանով Տոնոյանն ասում է, որ պատերազմը շարունակելու մեղքը ոչ թե իրենն է, այլ Նիկոլինը: Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի «բունկերային» միջամտություններին, ապա. «Համոզված եմ, որ ներքաղաքական իրավիճակի կայունացման պայմաններում քննություն կիրականացվի, ու նմանատիպ բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն»:
Իսկ հիմա ամենակարեւորը` Տոնոյանն ակնարկեց, որ Նիկոլն ինքնագլուխ յուրացրել էր Գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունը, թեեւ ՀՀ-ն պաշտոնապես պատերազմի մեջ չէր. «Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները: Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը: 2015 թ.-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին»:
ԿԵՂՏՈՏ ԱՌԵՎՏՐԻ ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Տոնոյանի հարցազրույցին, ասաց, որ Դավիթ Տոնոյանը միայն երկու դեպքում պետք է դիմեր հանրությանը. «Դավիթ Տոնոյանը կարող էր հանրային խոսք ասել միայն երկու դեպքում, եթե ուղիղ եթերում ծնկաչոք ներողություն էր խնդրելու ժողովրդից, հազարավոր ընտանիքներից, որոնք երեխեք կորցրին` գիտակցելով այս ամենի պատասխանատվությունը, երկրորդը` ուղիղ եթերում բացահայտելով իր եւ դավադիր ստահակի միջեւ եղած բոլոր գործարքները, երեւույթները, խոսակցությունները, որոնք բերել են պատերազմը եւ որոնք պատերազմի ժամանակ պայմանավորել են այս արյունալի արդյունքը: Դավիթը երկու բան ունի ասելու այս հանրությանը` ծնկաչոք ներողություն եւ բացահայտումներ Նիկոլի մասին, ուրիշ ոչ մի բան Դավիթից մեզ հետաքրքիր չէ»: Ավելին. «Պատահական չեմ համարում, որ այդ մարդը հիմա որոշեց խոսել, որովհետեւ հիշում եք` պատրոն Դավիթ կոչվող մարդու նկատմամբ բազմաթիվ սկանդալներից հետո ինչ-որ քրեական գործերի թեմա գնաց, ես կարծում եմ, որ Պաշտպանության նախկին նախարարը հանրային խոսքով լսացնում է նաեւ Նիկոլին, որ ես կամ, եւ եթե «պատրոն Դավիթի» գործում փորձեք ներառել նաեւ ինձ, ես կսկսեմ խոսել: Ինքն այնտեղ շեշտում է, որ ԳՇ պետի հետ միասին են քննարկել, այդ հայտարարությունների հետ համաձայն էին: Սա նաեւ որոշակի նախազգուշացում էր սրիկա Փաշինյանին, որ ես կարող եմ խոսել, այսինքն` նախկին նախարարը մտել է հանրային առեւտրի մեջ շատ ցինիկաբար»:
Իսկ առեւտուր անելու բան ունեն բոլոր նրանք, ովքեր կեղտոտված են Նիկոլի հետ գործած համատեղ ոճիրներով, ինչպես նաեւ կեղտոտվելու պատրաստ գործիչները: Քանզի Նիկոլն ակնհայտորեն փորձելու է կեղծել ակնկալվելիք արտահերթ ընտրությունները, եւ նրան օդուջրի պես պետք են Միքայել Մինասյանի ասած «արեւելյան բազարները»: Ըստ քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի. «Պատերազմ կեղծած իշխանությունն ընտրություն չի կեղծելու չէ՞: Պատերազմ կեղծածը ոչ թե կեղծելու է, այլ պղծելու է ընտրություն կոչվածը: Սրանք ընտրությամբ չպետք է հեռանան, դա կլինի մեծ պատիվ իրենց համար եւ վատ նախադեպ շարունակաբար պատվազրկվող մի ողջ պետության եւ հասարակության համար: Սոցիոպատից պետականամետ էիք ուզում ստանա՞լ, իսկ թե արդյունքում ինչ ստացաք, ինքներդ որակեք...»: Դե, հողատուն միայն ներսում է «նախաձեռնող», իսկ դրսում, եւ հատկապես Ալիեւի ներկայությամբ, կուռկուռի ձագ է: Կարելի է փաստել, որ Հայաստանի ներքին դաշտում Նիկոլը պայմանավորվել եւ պայմանավորվում է մայիսին ԱԺ արտահերթ ընտրություն անցկացնելու շուրջ: Բայց կա մի կարեւոր հանգամանք` բոլոր նրանք, ովքեր հույս ունեն մայիսյան ընտրություններից «տանելու» 25 տոկոս, Նիկոլին խնդրելով անցողիկ շեմը 5 տոկոսից 3 սարքելով հայտնվելու խորրհրդարանում, դառնալու են քաղաքական բորոտներ, ում ձեռքը սեղմելն ամոթ է, քանզի այդպիսի առեւտրից մեր զոհերի արյան հոտն է գալիս: Դրա առնչությամբ Միքայել Մինասյանը փաստում է. «Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ` ներքաշելով բոլորին ու հաշվի չառնելով ոչ մի իրողություն` ո՛չ հետպատերազմյան, ո՛չ ռեգիոնալ, ո՛չ ներքաղաքական: Անասնային ինքնապահպանման բնազդով նա ծայրահեղ վտանգավոր բլեֆ է սկսել, ինչի մասին շուտով հրապարակավ կխոսեմ»:
Թե ում անունները կհնչեն` առայժմ կարելի է ենթադրել, պաշտոնաթող դեսպանը դրա վերաբերյալ թերեւս հստակ տեղեկություններ ունի... Կապրենք` կտեսնենք, սակայն այդպիսի ցինիկ առեւտրականներին կարելի է համարել ոչ հեռատես: WarGonzo-ի անցած հարցախույզի ընթացքում, որին մասնակցել է 67 հազար օգտատեր, Նիկոլը հավաքել է 19 տոկոս` ադրբեջանցիների ամենագործուն անսքող քվեարկությամբ: Ադրբեջանի տարածքից մասնակցել է առավել քան 5000 օգտատեր, եւ եթե հաշվի առնենք նաեւ խունտայի «ֆեյքերի ֆաբրիկաների» արտակարգ ակտիվությունը քվեարկության ժամանակ, ապա ստացվում է, որ այդ 19 տոկոսից շատ չնչին բան է տակը մնում: Նիկոլին պարզապես կարող է ռեսուրսները չհերիքեն արդեն իրական ընտրությունները կեղծելու համար, եւ այդ դեպքում վայը եկել տարել է բոլոր պայմանավորվողներին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ