Հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներ` Աբովյան քաղաքում
Սպորտ
«Հանուն սահմանի» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ոգեկոչման եւ հիշատակի միջոցառում՝ նվիրված պատերազմում անմահացած հայորդիներին։ Այն տեղի է ունենալու հունվարի 28֊ին՝ Հայոց բանակի օրը։
Վերոնշյալ օրը՝ ժամը 12։00֊ին, քաղաք Աբովյանի «Անմար կրակ»հուշահամալիրում կդրվեն մեր հերոսների լուսանկարները, որպեսզի ցանկացողները օրվա ընթացքում կարողանան ծաղիկներ խոնարհել։ Իսկ ժամը 16։00֊ին՝ Սարալանջ թաղամասի Տրդատ Մեծի զբոսայգում տեղի կունենա միջոցառում, որտեղ մեզ կմիանան «Արդվին», «Անդոկ», «Ժայռ» պարային համույթները, ինչպես նաեւ քաղաք Աբովյանի դպրոցների պարային խմբեր։ Միջոցառման կազմակերպիչներն առաջարկում են միասին պարել «Քերծի», «Կարնո Քոչարի» եւ «Յարխուշտա», որից հետո մոմավառության երթով՝ հոգեւոր առաջնորդների գլխավորությամբ, կշարժվեն «Անմար կրակ» հուշահամալիր՝ մեր հերոսներին հարգանքի տուրք մատուցելու համար։ Բոլոր քայլերը համաձայնեցված են ՏԻՄ֊ի հետ։
«Հանուն սահմանի»հասարակական կազմակերպությունը հայրենասերների միավորում է, որը չունի որեւէ քաղաքական ուղղվածություն։ Կազմակերպությունը ձեւավորվել է 2020թ. սեպտեմբերի 28֊ին՝ ինքնաբուխ ձեւով։ Հունվարից ներկայանում է որպես սոցիալական հասարակական կազմակերպություն։ Իր գործունեության ամբողջ ընթացքում «Հանուն սահմանի» հասարակական կազմակերպությունը եղել եւ մնում է սահմանի, սահմանապահի ընտանիքների եւ տեղահանված հայրենակիցների կողքին։