Ժամն է գոտեպնդվելու. Ադամ Բարրոյի հորդոր-միջոցառումը՝ Երեւանում
Մշակութային
Երեւանի գրականության եւ արվեստի թանգարանում տեղի ունեցավ ֆրանսիաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոյի մարդասիրական հորդոր-միջոցառումը՝ պատերազմի մասնակից զինվորների մասնակցությամբ։ Ադամ Բարրոն ժամանել է Հայաստան վիրավոր զինվորների կողքին լինելու նպատակով, քանի որ նա գտնում է՝ հիմա տարատեսակ խոսակցությունների ժամանակը չէ, հիմա վիրավոր եւ հաշմանդամ դարձած հայ զինվորի կողքին գտնվելու ժամանակն է։
«Արտերկրում ապրող ոչ մի հայ չի կարող անտարբեր լինել տեղի ունեցած պատերազմի եւ դրա անդառնալի հետեւանքների կողքով։ Հաշմանդամ դարձած մեր քաջարի զինվորների մասին պատմող տեսանյութերը դիտելով՝ որոշեցի, որ անհատական մոտեցում պետք է ցուցաբերվի եւ ֆինանսական օգնություն տրամադրվի այն զինվորներին, որոնց պայքարի արդյունքում մենք բոլորս այսօր ապրում ենք։ Նախաձեռնեցի համերգային երեկո, որին ներկա են պատերազմի մասնակից զինվորներ, մշակութային գործիչներ եւ հոգեբան Իրինա Ծատուրյանն, ով կծանոթանա զինվորների հետ հետագայում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ Նա կօգնի նրանց հաղթահարել պատերազմում տեսածի հետեւանքները», - նշում է Ադամ Բարրոն եւ հավելում, որ լրագրողները մեծ աշխատանք են տանում՝ պատրաստելով բազմաոճ նյութեր զինվորների մասին, բայց այդ ամենը միայն բավական չէ, հարկավոր է անդրադառնալ բոլորին անխտիր, քանի որ պատերազմի մասնակիցները իսկապես արժանի են յուրաքանչյուրիս ուշադրությանը։
Կոմիտասի ձայնի ներքո թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ուղեկցեց ներկաներին սրահով, որից հետո Ադամ Բարրոն հանդես եկավ 5 կատարումով։ Միջոցառմանը իր կատարումներով ողջունեց նաեւ երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, իսկ համերգի ավարտին Ադամ Բարրոն զինվորներին դրամական աջակցություն ցուցաբերց։




