ՆԻԿՈԼԸ, ԷՎԱԿՈՒԱՑՆԵԼՈՎ ՇԱՏ ԲԱՆ ԻՄԱՑՈՂՆԵՐԻՆ, ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ԹՌՆԵ՞Լ»
Միջազգային
Վերջին օրերին Նիկոլը նորից մի շարք, մեղմ ասած, աղմկահարույց սկանդալների կիզակետում է: Սկսած նրանից, որ հերթական անգամ նա մեղադրվեց օտարերկրյա հատուկ ծառայությունների (չմոռանանք նաեւ Միրզոյանին) գործակալ լինելու մեջ՝ վերջացրած Շուշին դավաճանաբար հանձնելու մասին նոր մեղադրանքներով: Այս ամենին էլ գումարվեցին խոսակցություններն այն մասին, որ Նիկոլը պատրաստվում է իր երկու մերձավոր խորհրդարանականներին՝ Լիլիթ Մակունցին եւ Վլադիմիր Կարապետյանին նշանակել դեսպան համապատասխանաբար ԱՄՆ-ում եւ Ուկրաինայում:
ՄԱԿՈՒՆՑՆ ՈՒ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՇԱՏ ԲԱՆ ԳԻՏԵՆ
Սկսենք Մակունցից եւ Կարապետյանից: Առհասարակ, խորհրդարանականներին հանկարծակի դեսպան են տանում երեք դեպքում: Առաջինը, տվյալ անձինք ունեն մասնագիտական բարձր մակարդակ, սակայն Մակունցն ու Կարապետյանն ամենեւին էլ այդ կադրերը չեն: Երկրորդը, դեսպան ուղարկելը համարվում է պատվավոր աքսոր կամ թոշակառուի կարգավիճակ: Սա եւս Մակունցին եւ Կարապետյանին չի վերաբերվում. երկուսն էլ Նիկոլի ամենավստահելի կադրերից են, որոնց վրա է դրված բազում ճաքեր տված «Իմ քայլը» խմբակցությունը ինչ-որ կերպ պահելու գերխնդիրը: Ընդ որում, վստահելի կադրերի պակաս ունեցող Նիկոլը հազիվ թե կարողանա նրանց փոխարինող գտնել: Վերջապես՝ երրորդը. տվյալ կադրերին պարզապես ստիպված են աչքից հեռու պահել: Հենց սա էլ համարվում է Նիկոլի նման քայլի ամենահավանական պատճառը: Օրինակ, միանգամայն տեղեկացված «@armvoice» տելեգրամ-ալիքն այսպես է բացատրում իրավիճակը. «Ինչպես ինձ պատմեցին հատուկ ծառայություններից բանիմաց մարդիկ, Լիլիթ Մակունցին՝ Վաշինգտոնում եւ Վլադիմիր Կարապետյանին` Կիեւում դեսպան նշանակելը, օպերատիվ աշխատակիցների լեզվով կոչվում է՝ հարվածի տակ առանցքային վկաներին հեռացնել: ԱԱԾ աշխատակիցներն ինձ պատմեցին, որ ե՛ւ Մակունցը, ե՛ւ Կարապետյանը մարդիկ են, ովքեր գիտեն ու կարող են Փաշինյանի կողմից իշխանությունը կորցնելու դեպքում պատմել այնպիսի բաներ, որ նույնիսկ Փաշինյանի թունդ կողմնակիցները սարսափից ցնցվեն: Մակունցը գիտի Նիկոլի ընտանեկան բոլոր գաղտնիքները եւ, ինչպես Աննա Հակոբյանի մերձավոր ընկերուհին, կարող է նրա մասին պատմել այնպիսի բաներ, որ դրանց համեմատ սերիալների ընկած կանանց ճակատագրերը կթվան վանքերի միանձնուհիների ճակատագրեր: Վլադիմիր Կարապետյանը մարդ է, ով թաքցնում էր Փաշինյանին այն ժամանակ, երբ Նիկոլը փախուստի մեջ էր: Կարապետյանը, բնականաբար, տեղյակ է Նիկոլի եւ ՄԻ-6-ի բոլոր գաղտնի կապերից, Ալիեւի հետ Նիկոլի առնչություններից: Առավել եւս՝ հայտնի է, որ Կարապետյանը կուլիսային բանակցություններ էր վարում Ալիեւի հետ Շուշին հանձնելու շուրջ...»:
Այսինքն, եթե Նիկոլը պատրաստվում է նման կադրերին եւ իրեն ապահովագրել, ապա դա հուշում է, որ նա զգում է «իշխանությունը կորցնելու» ռեալ վտանգ: Իսկ ահա Նիկոլի ուղղությամբ այս օրերին ծավալվող հարվածների շարքը գալիս է հուշելու, որ ասվածում իրոք տրամաբանություն կա: Թեկուզեւ հաշվի առնելով այն գործոնը, որ թեեւ այս օրերին հիմնական հարվածները գալիս են ռուսական ուղղությունից, սակայն Մակունցի եւ Կարապետյանի նշանակումներով Նիկոլը հերթական ծանր բախման մեջ է մտնում Մոսկվայի հետ: Այնքան լուրջ, որ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, հասկանալով հնարավոր հետեւանքները, փորձում է ցույց տալ, թե ինքը դեմ է դեսպանների փոխարինմանը, սակայն ոչինչ անել չի կարող: Իսկ մյուս կողմից, Նիկոլը կարող է նման քայլով վերջնականապես վերահսկողությունից դուրս թողնել «Իմ քայլը» խմբակցությունը, հաշվի առնելով, որ արդեն իսկ Մակունցի եւ Կարապետյանի նման նշանակումը ներքին խմորումներ են առաջ բերել, թե՝ Նիկոլը «փրկում է միայն իրեն ու իր գաղտնիքները ճանաչող մարդկանց», իսկ մյուսներին հանգիստ կարող է «ժերտվա» տալ: Ու եթե անգամ այս գործոնները հաշվի չառնելով է Նիկոլը նման քայլի դիմում, ապա դա գալիս է հուշելու, թե ինչ աստիճան է վիճակը ճգնաժամային համարում, որ արդեն նաեւ հաշվի չի առնում հերթական քայլով խորացող ցայտնոտ մտնելու հեռանկարը:
ՌՈՒՍԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ
Սակայն գանք այն խնդրին, թե ինչու է այս կարգի սրվել ռուսական ուղղությունից Նիկոլին ուղղված ճնշումները: Ընդ որում, շատ դեպքերում ՌԴ-ի մեր այն կայացած ու հեղինակավոր հայրենակիցների միջոցով, որոնք ակնհայտորեն մեկ շահ ունեն՝ Հայաստանի ապագան, եւ իրենց քայլերով հերթական անգամ հուշում են, որ Նիկոլի առկայության պարագայում մեր երկիրը մնում է ծայրահեղ վտանգի առաջ: Այսպես, օրերս «Իզվեստիայի» տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը հրապարակավ Նիկոլին մեղադրեց անգլիական հետախուզության կողմից հավաքագրված լինելու եւ նրան թուրքական հետախուզությանը նվիրելու մեջ: Ընդ որում, հավելյալ մանրամասներ հայտնեց նաեւ հիշատակված «@armvoice» տելեգրամ-ալիքը, ըստ որի՝ Նիկոլը բրիտանական հետախուզության՝ ՄԻ-6-ի կողմից հավաքագրվել է դեռ 2004 թվականին Վրաստանում՝ Բաթումում: «Հետո ստացել է «Խմբագիր» կեղծանունը»: Նաեւ, որ. «Մի-6-ի հանձնարարությամբ եւ աջակցությամբ զանգվածային անկարգություններ է կազմակերպել Երեւանում 2008 թվականի մարտի 1-ին»: Կալանավորվելուց հետո էլ. «Մի-6-ի միջամտությամբ եւ ՀՀ ղեկավարության վրա գործադրվող ճնշմամբ վաղաժամկետ ազատ է արձակվել: 2015 թվականի մայիսից ՄԻ-6-ի հանձնարարությամբ «Խմբագիրը» հավաքեց թիմ՝ հեղափոխություն իրականացնելու համար: Թիմում ներդրվել են ինչպես ՄԻ-6 գործակալները, այնպես էլ թուրքական ՄԻԹ-ի գործակալները (Արոյի ականջը կանչի- Հեղ.): Հետագա միջոցառումներն ու անվտանգությունն ապահովելու համար նախապես նախագահի պաշտոնում նշանակվեց Արմեն Սարգսյանը, ով սերտորեն համագործակցում է ՄԻ-6-ի հետ...»: Բայց ահա բրիտանաթուրքական ծրագրերը մինչեւ վերջ չհասան. պետք էր ողջ Արցախը հանձնել, ռուսական բազան հեռացնել Հայաստանից, ու վերջ: Մինչդեռ, ըստ Տելեգրամ-ալիքի. «Վերը նշված պետությունների համատեղ ծրագրերը ձախողվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Վ.Պուտինը միջամտեց «Խմբագրի» սանձազերծած պատերազմին, որը նա պետք է պարտվեր՝ ըստ պլանի («Խմբագիրը» նախատեսել էր 10 օրում ամեն ինչ հանձնել, բայց բանակի շարքերում հայրենասերների հաշվին դա ձգվեց ավելի քան 40 օրով)»:
Նկատենք, որ այս մասին մինչ այս էլ շատ է խոսվել, այդ թվում՝ «Իրավունքի» էջերում: Նաեւ, որ «Խմբագիր», թե՝ ինչ, սակայն Նիկոլը, մեկ է, կամա թե ակամա իր ստորագրությունը դրեց փաստաթղթի տակ, որը հնարավորություն տվեց ռուսական բանակին մտնել Արցախ: Սակայն անգամ այս իրավիճակում, ինչպես քանիցս պնդելու առիթներ ունեցել ենք, խաղն ամենեւին էլ ավարտված չէ: Ավելին, այն արդեն ավելի է խոշորացել՝ տեղափոխվելով ռուս-թուրքական ուղիղ բախման հարթություն: Ավելին, այն բանից հետո, երբ Արմեն Սարգսյանը «հանկարծակի» Բրիտանիայում կորոնավիրուսով «վարակվեց», պարզ էր դառնում, որ մտնում ենք վճռական փուլ: Այսինքն, թեեւ Նիկոլը դեռ տարբեր փաստաթղթեր ստորագրելով, փորձում է ցույց տալ, թե Մոսկվայի հետ համագործակցում է, ռուսական աղբյուրները սկսում են ճնշումները, պարզ ակնարկելով, որ նրանից դեռ «սյուրպրիզներ» սպասում են: Մասնավորապես, մերձկրեմլյան աղբյուրներով հայտնի «Կրեմլյան մամկովեդ» տելեգրամ-ալիքը եւս օրերս փակագծեր բացեց, թե. «Հայաստանի վարչապետը շարունակում է խաղալ եւ խաբել Կրեմլին ու անձամբ Պուտինին...»: Ընդ որում, նման գնահատման առիթ է մասնավորապես այն փաստը, որ թեեւ վերջին ժամանակներս Փաշինյանը պաշտոններից ազատեց որոշ կարկառուն սորոսականների, սակայն անմիջապես էլ նրանց փոխարինելով այլ սորոսականներով, իսկ ազատվածներին տեղավորելով այլ աշխատանքի: Վերջապես, որ առանց ազատելու էլ առանցքային պաշտոնների է տեղավորում այնպիսի սորոսականների, որոնց մինչ այս էլ այլ հարթակներում, մասնավորապես՝ Ուկրաինայում քանիցս աչքի են ընկել ՌԴ-ի հանդեպ բացահայտ թշնամությամբ: Ահա արդյունքում էլ ՌԴ-ից եկող ճնշումները շարունակում են միայն սրվել: Նախօրեին բանը հասավ նրան, որ հեղինակավոր հայ քաղաքագետներից մեկը՝ Սերգեյ Կուրղինյանը, սկսեց բացել նաեւ Շուշին հանձնելու պատմության դետալները, թե՝ թեեւ քաղաքից հաջողվել է ազերիներին դուրս մղել, սակայն Շուշին ազատողներին պարզապես հրամայել են նահանջել՝ սպառնալով «Իսկանդերներով» հարվածել. «Նրանք արդեն գրավել էին Շուշին եւ հեռացել Փաշինյանի հրամանով: Իսկ այն պահին, երբ նրանք հեռացել են, հայտարարվել է, որ Շուշին հանձնել են...»: Ավելին, որ. «Մայր Հայաստանից որեւէ օգնություն Ղարաբաղին չէր ցուցաբերվել... գլխավոր խնդիրը Ղարաբաղի հանձնում էր, ինչը նա (Նիկոլը- Հեղ.) կատարել է, որի համար նրա ընտանիքը ստանում է պարգեւներ արդեն Ադրբեջանի ղեկավարությունից...»:
Այսպիսով, եթե մինչ այս կային որոշ մեսիջներ, թե Մոսկվան դեռ պահում է Նիկոլին, ավելին, որ պաշտոնանկության դեպքում կարող է երաշխավորել նրա անվտանգությունը, ապա այս վերջին սրացումների ֆոնին այդ տպավորությունը սկսում է 180 աստիճանով շրջվել: Եվ այն պահին, երբ Մոսկվան կհամարի (ու հնարավոր է, որ այդ պահն արդեն եկել է), որ Նիկոլն արդեն ինչ պետք է, ստորագրել է ու այլեւս պետք չէ, այդ դեպքում, իհարկե, միանգամից կսրվի նաեւ «իշխանությունը կորցնելու» ռիսկը: Այսինքն, պետք է դրան արդեն պատրաստվել, այդ թվում՝ շատ բան իմացողներին ապահով վայրերում թաքցնելու միջոցով:
ԲԱՅԴԵՆԸ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍՆ Է
Ի դեպ, միգուցե նիկոլյան շրջանակներում հույսեր ունեն, թե Բայդենը եկավ, ու հիմա ամեն բան «տեղը կընկնի»: Օրինակ, կարկառուն սորոսականի համարում ունեցող ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կարծում է, որ. «ԱՄՆ-ի ջանքերն արդյունավետ դեր կխաղան տարածաշրջանում համընդհանուր կայունության եւ անվտանգության հաստատման գործում»: Միգուցե, սակայն տարածաշրջանային վերահսկողության համար նախ պետք է կարողանան ռուսական զորքերին դուրս մղել: Մինչդեռ, թեեւ Բայդենը պահպանում է հակառուսական հռետորաբանությունը, սակայն մյուս կողմից էլ արդեն իսկ համաձայնություն է տվել՝ երկարացնել միջուկային հարձակողական սպառազինությունների մասին պայմանագիրը, որից հրաժարվել էր Թրամփը: Ամեն դեպքում, ՌԴ-ԱՄՆ հետագա հարաբերությունները մնում են «մութ անտառ», բայց նաեւ հաշվի առնելով, որ ռուսական հիպերձայնային տեխնոլոգիաները կան եւ ակտիվորեն ներդրվում են սպառազինության մեջ, որը ԱՄՆ ոչ մի վարչակազմ չի կարող հաշվի չառնել: Սրան էլ հավելենք, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆի երեկ մեկնարկած շրջագայությունը Հարավային Կովկաս եւ ՌԴ իր հերթին է հուշում, որ ի դեմս Թեհրանի, Մոսկվան տարածաշրջանում ունի հուսալի դաշնակից, եւ այս փաստը Թուրքիան չի կարող աչքաթող անել, ինչքան էլ որ ՄԻ-6-ն Անկարային «խմբագիրներ» մատակարարի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ