«ԶԳՈՄ ՄԵՐ ՅԱՆԱՊԱԶՈՐ...» ՀՈՂԱՏՈՒՆԵՐԻ ՋՂԱԿԾԿՈՒՄՆԵՐԸ
Վերլուծություն
ԲԴԽ նորաթուխ անդամ Գագիկ Ջհանգիրյանի թեթեւ ձեռքով գոմը դարձավ քաղաքական կատեգորիա: Ուստի` մի հին անկդոտ:
- Անունդ ինչո՞ւ են Լեռնիկ դրել:
- Որովհետեւ լեռներում եմ ծնվել:
- Իսկ ի՞նչ կլիներ անունդ, եթե գոմում ծնված լինեիր...
ԽՈՒՆՏԱՅԻ ՑԱՅՏՆՈՏԸ
Ավաղ, քայլասերված թիմի զգալի մասը ոչ թե փոխաբերական, այլ բառիս բուն իմաստով գոմում ծնվածներն են: Այսինքն` իրենցից ոչինչ չներկայացնողներ, ովքեր զուտ ՔՊ ցուցակով ստացել են մանդատներ կամ պաշտոններ: «Ուսապարկերի» հետ համեմատությունն արդեն լայնորեն տիրաժավորվել է` որ Նիկոլի ուսապարկն ավելի շատ քվե կհավաքեր 2018-ին, քան այս կամ այն պատգամավորը: Ծանր մանկություն եւ բարդույթներ ունեցող այդ կադրերը շատ հարմար են ժեխապետություն դավանող Նիկոլի համար, քանզի առանց Նիկոլի նրանք ոչինչ են: Սակայն նման է, դրանք բոլորը շուտով որբանալու են: Քանզի խորհրդարանական մեծամասնության կառավարումն իրականացնող անգլերենի դասատու Լիլիթ Մակունցին Նիկոլն ուղարկում է ԱՄՆ, իսկ անձամբ դրանց բոլորին կառավարելով նա չի զբաղվի: Մի կողմ թողնենք այն, որ դիվանագիտությունը Մակունցի համար, այն էլ ԱՄՆ-ի պես կարեւոր երկրում նույնն է, ինչ պտտաձողը խոզի համար, սակայն Նիկոլը ԱՄՆ-ի եւ ընդհանրապես որեւէ երկրի հետ միջպետական հարաբերությունների խնդիր չի դնում` նա զբաղված է մեր պետականության ոչնչացմամբ: Պարզապես արձանագրենք, որ Նիկոլին շատ շուտով այլեւս պետք չի լինելու կառավարման ենթակա կոնտինգենտը, հետեւաբար Մակունցին դիվանագիտական անձնագրով հանդերձ ապահով տեղ կարելի է ուղարկել, իսկ «ուսապարկերի» հետ գազազած հանրությունն ինչ ուզում է, թող անի...
Ի դեպ, ուշագրավ է եւ Վլադիմիր Կարապետյանի գործուղումը այնպիսի բարդ երկիր, ինչպիսին Ուկրաինան է: Կարապետյանն, ինչպես հայտնի է, Լեւոն Ակոպիչի կադրն է: Գագիկ Ջհանգիրյանը` նույնպես: Այսինքն` Նիկոլը դրանով լծակներ եւ ռեսուրսներ է տալիս իր հոգեւոր հայրիկին եւ ուսուցչին, որին գերազանցել է թրքասիրությամբ եւ նենգությամբ: Սակայն Գագիկ Ջհանգիրյանն ունի նաեւ դատավորների վրա հսկողություն սահմանելու գործառույթ: Նույնը` նախկին գլխավոր սորոսական Դավիթ Խաչատուրյանը: Այսինքն` ենթադրելի է, որ նա ձգտում է իշխանությունը փոխանցել լեւոնականներին եւ սորոսականներին: Այդ պատճառով է, որ Նույն Ջհանգիրյանի ծայրահեղ վարկաբեկվածությունը Նիկոլին չի հետաքրքրում, եւ ԱԺ ամբիոնին կանգնելու ընթացքում այդ ճիվաղի մոտ քիչ էր մնում հրեշտակի թեւեր աճեին... նա այն կադրն է, որը «գործ կարելու» եւ իրավական շանտաժ անելու գերագույն վարպետ է` հիշենք թեկուզ, թե ինչպիսի «քաղաքական խաչբառեր» էր կազմում «Հոկտեմբերի 27-ի» գործով: Ինչ վերաբերում է Մակունցին եւ Կարապետյանին, ապա @armvoice տելեգրամ ալիքը ներկայացնում է եւս մեկ կարեւոր հանգամանք. «Այժմ սենսացիոն մանրամասներ ԱՄՆ-ում եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանների հետ կապված իրավիճակի մասին: Ինչպես ինձ պատմեցին հատուկ ծառայություններից բանիմաց մարդիկ` Լիլիթ Մակունցին Վաշինգտոնում եւ Վլադիմիր Կարապետյանին` Կիեւում դեսպան նշանակելը, օպերատիվ աշխատակիցների լեզվով կոչվում է` հարվածի տակից առանցքային վկաներին հեռացնել: ԱԱԾ աշխատակիցներն ինձ պատմեցին, որ ե՛ւ Մակունցը, ե՛ւ Կարապետյանը մարդիկ են, ովքեր գիտեն եւ կարող են Փաշինյանի կողմից իշխանությունը կորցնելու դեպքում պատմել այնպիսի բաներ, որ նույնիսկ Փաշինյանի թունդ կողմնակիցները սարսափից ցնցվեն: Մակունցը գիտի Նիկոլի ընտանեկան բոլոր գաղտնիքները, եւ ինչպես Աննա Հակոբյանի մերձավոր ընկերուհին, կարող է նրա մասին պատմել այնպիսի բաներ, որ դրանց համեմատ սերիալների ընկած կանանց ճակատագրերը կթվան վանքերի միանձնուհիների ճակատագրեր: Վլադիմիր Կարապետյանը մարդ է, ով թաքցնում էր Փաշինյանին այն ժամանակ, երբ Նիկոլը փախուստի մեջ էր: Կարապետյանը, բնականաբար, տեղյակ է Նիկոլի եւ ՄԻ-6-ի բոլոր գաղտնի կապերից, Ալիեւի հետ Նիկոլի կապերից: Առավել եւս, հայտնի է, որ Կարապետյանը կուլիսային բանակցություններ էր վարում Ալիեւի հետ Շուշին հանձնելու շուրջ` Հայաստանի վարչապետի ուղղակի հրահանգով»:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԼՐԻՎ ԳԱՐՇԱՀՈՏՈՒՄ ԵՆ
Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանն էլ շեշտում է այնպիսի ռիսկերն, ինչպիսին են «կայսրությությունների փլատակների տակ մնալը»: Դրանից խուսափելու ձեւը, սկզբի համար անքննարկելի ու անհրաժեշտ պայման է Նիկոլ Փաշինյանին հեռացնելը: Դրանից հետո պետք է նրա հրեշավոր գործունեության հետեւանքներն ամբողջությամբ բացահայտել ու «մեսիջ» հղել ամբողջ աշխարհին, մասնավորապես` ռազմավարական դաշնակցին: Ըստ Թեւանյանի. «Հայ ժողովուրդը Նիկոլին հեռացնելով կարող է ինքն իրեն փրկել պետականության կորստից ու ոչնչացումից: Առայժմ կարող է: Մինչեւ մարտ-ապրիլ կարող է»:
Իսկ որ Նիկոլը քաղաքական դիակ է, դա ակնհայտ է, եւ այսպիսի պատասխանատու շրջանում դիակին թողնել թիվ 1 աթոռին անթույլատրելի է: Ըստ Միքայել Մինասյանի. «Նիկոլը մեռել է` վերջնական ու անվերադարձ: Ու բոլորը, որ Նիկոլի հետ ծրագրեր են կազմում, իրենք էլ են դիակ: Դիակ էին ու դիակ են Վաղարշակ Հարությունյանն ու նրա տեղակալները` Սուրեն Սահակյանն ու «լամպչկա» Արմանը, քայլող դիակներ են Խաչատրյան եղբայրեները` սորոսականներ Դավիթն ու Սասունը, հիմար դիակ է Menu.am-ի ձախողակ գործարար Վահան Քերոբյանը: Սա հին ու նոր մեռելների շքերթ է ու նրանց վերջին հնարավորությունը` հավերժ մոռացությունից առաջ երկու կոպեկ փող գողանալու: Գերեզմաններից դուրս եկած, ֆարմալինի հոտով մեռելներն իրար հերթ չտալով, փորձում են իրենց գլխավոր դիակին կյանքի նշույլներ տալ: Բայց դրանից իրականությունը չի փոխվում: Նիկոլը մեռել է: Իսկ ինչ անեն բոլոր նրանք, որոնք չեն մեռել ու չեն ցանկանում մեռնել: Պատասխանը շատ հստակ է. անել այն, ինչ հայերը կարողանում են անել ամենալավը` դիմանալ: Դիմանալ, որովհետեւ ավելիին դեռ պատրաստ չեն: Դիմանալ, որովհետեւ քիչ է մնացել: Դիմանալ, որովհետեւ դա նվազագույնն է, ինչ կարող են մարդիկ, որոնք որոշեցին դեռ չունենալ առաջնորդ»:
Ակնհայտ է, որ հիմա անբնական է Նիկոլի մնալը, որովհետեւ մեռածը չի կարող մնալ ողջերի մեջ: Ինչ վերաբերում է մինչ օրս չստացվող քաղաքական հուղարկավորությանը, ապա ըստ դեսպանի. «Թաղողը պետք է մի հոգի լինի. դա խմբակային գործ չէ: Մի հոգի պետք է որոշի, ստանձնի պատասխանատվությունն ու թաղի»: Իսկ թե ով պետք լինի այդ մեկ հոգին` Մինասյանը չի նշում: Մինչդեռ «թեկնածուների» պակաս կարծես թե չկա, բայց ո՞վ կմնա այդ մեկը, եւ արդյո՞ք «թաղողը» կստանձնի նաեւ երկրի առաջնորդի բեռը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ