Հայաստանում և Արցախում անցկացվելու է մարզական փառատոն. ԿԳՄՍՆ
Սպորտ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման, երիտասարդությանը մարզական խմբակներում ընդգրկելու, համայնքներում սպորտի օրերի անցկացման նպատակով կկազմակերպի մարզական փառատոն, hաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:
ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ փառատոնը կկայանա աշնանը Հայաստանի 48 և Արցախի Ստեփանակերտ ու Ասկերան քաղաքներում, յուրաքանչյուրում՝ մեկ օր: Մարզական միջոցառմանը կարող են մասնակցել քաղաքական և գյուղական համայնքների, ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների և այլ մարզական կազմակերպությունների թիմերը։
Մրցումներն անցկացվելու են 7 մարզաձևերում։
Փառատոնի ավարտից հետո ԿԳՄՍ նախարարության համապատասխան հանձնաժողովը կընտրի 1-3-րդ տեղերը գրաված համայնքները, որոնք կպարգևատրվեն հավաստագրերով ու գավաթներով:
Կպարգևատրվեն նաև առանձին մարզաձևերից 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները: