Դասալիքների համար շրջազգեստներ պիտի պատվիրենք. Խաչիկ Մանուկյան
Հասարակություն
«Իրավունքի» զրուցակիցը սիրված ու ճանաչված գրող Խաչիկ Մանուկյանն է:
– Հարգարժան պոետ, դուք ձեր ամենաթանկին տվեցիք ամենաթանկը: Ձեր որդին` Վաչագանը, նահատակվեց հանուն հայրենիքի: Ցավոք, պետք է արձանագրենք, որ գործող իշխանություն կոչվածը նշում է, որ պատերազմում դիվանագիտությունը հաղթել է, պարտվել են զինվորները: Ի՞նչ կասեք սրան:
– Իմ որդին այլ արժեհամակարգի կրողն է` դուրս սերիալներից, մարդուն ճշմարիտ արժեքներից օտարող ազգակործան եթերային աղբից, քաղաքական անբարո խաղարկումներից, մարտական գործողությունների իմիտացիայից, նա անխաբ է` Աստծո եւ մարդկանց առաջ, նա իսկականն է` ժամանակի բոլոր չափումներում: Մարտադաշտ մեկնելուց առաջ գրել էր` Տիգրան Մեծի Հայաստանի քարտեզը սրտումս, Նժդեհի ոգով եմ գնում` ինձ հաղթել չի լինի: Եվ իսկապես էլ այդպես է` մարտական ընկերներից տեղեկացրին, որ իրենցից շատերի կյանքն է փրկել, որ քաջաբար մարտեր է մղել, եւ վերջին հզոր զարկերը, որ Քարինտակում էր` անվարան իր ջոկատի առջեւից է գնացել` ինչպես միշտ, եւ իր ջոկատի մարտիկներին չի պարտադրել` հետեւեն իրեն, թշնամու հենակետերից մեկը ոչնչացնելով եւ մնացածներին ոչինչ չպարտադրելով, առաջ է անցել... Վաչագանի եւ իր նման զինվորների մասին հրապարակվող փաստերն ասում են, որ նրանք անմահների շարքում են եւ շարունակում են հաղթել, ինչպես բոլոր ճշմարիտ հերոսները: Իսկ իշխանությունն ի՞նչ նկատի ունի դիվանագիտական հաղթանակ ասելով` ՌԴ դեսպանատան դիմաց նախկինում Ռուսաստանի դրոշը վառե՞լը, հանուն իրենց հոգեեղբայր Նավալնու` պաշտպանական ցույցե՞րը, սելֆինե՞րը փողոցներում` անհրապույր գերմանուհու հետ, թե՞ ավելի տպավորիչ ձեռքբերումներ էլ կան, որ "ՀուԶանք ուԶանգ" դարակազմիկ ներկայացմամբ տարված` չենք նկատել:
– Ինչո՞ւ պարտվեցինք:
– Ստի մեջ հաղթանակներ չեն լինում: Դիվանագիտական ձախողումների արդյունքում հայ զինվորը հայտնվեց ազերա-թուրքա-արաբական ոհմակի դեմ: Բոլոր կողմերից խոսվում է դավաճանության մասին, բայց ոչ մի ձերբակալված եւ պատերազմի օրենքով գնդակահարված ազգադավ դեռ հայտնի չէ, դրանք շարունակում են իրենց ազգակործան առաքելությունն անարգել կյանքի կոչել... Այս դավաճանության հանգույցները կբացվեն, եւ մենք կտեսնենք մեր միջի թշնամու սեւ արյունը` ժամանակի դաշյուններին:
– Ձեր հայտնի` "Բարձունքը մերն է, տղերքը` չկան" բանաստեղծությունը հաճախ ձեւափոխված` "Բարձունքը մերը չէ, տղերքը չկան" տարբերակով ենք տեսնում: Համաձա՞յն եք:
– Իհարկե` ոչ: Բանաստեղծությունը գրվել է 1993 թվականին` ներկայացնելով ծանր կորուստներով ընթացող գոյամարտը: Դա այլ ընթացք էր` ծանր կորուստները, ի վերջո, հաղթության շնչով պարուրած: Ես տեսնում էի այդ հաղթանակը` մեր անպարտելի ոգու սխրագործումներով...
– Մոտենում է Հայոց բանակի տոնը: Շատ է խոսվում, որ Հայոց բանակի ինչ-ինչ զինվորականներ դավաճանական քայլերի են դիմել, որն անպայման եւս նպաստել է հայկական կողմի պարտությանը: Այսինքն` այս տարի մենք, ի վերջո, Հայոց բանակի օրը տոնելով` ո՞ւմ պետք է հայտնենք մեր երախտագիտությունը: Դավաճանների՞ն, ինքնակոչ Գերագույն հրամանատարի՞ն, որը դասալիք է, թե՞ քաջորդիներին:
– Դասալիքների համար շրջազգեստներ պիտի պատվիրենք, որ հեզաճկուն անցնեն հրապարակով` որպես Բաքվի շքերթի շարունակություն: Այդ վեհերոտներն ամեն կերպ փորձում են փշրել հայ զինվորի մարտական ոգին, հիմար կարգախոսներով ու դատողություններով սանձել ի վերուստ տրված հաղթականությունը, հրամցվող կաղապարի մեջ, որպես անձեւ ու անսկզբունք գոյանք` ստանալով այլոց համար ցանկալի ձեւը: Շատերի համար այս աննախադեպ սրընթաց անկումն այնքան անիրական է թվում, որ դեպի զոհասեղան են մղվում` հաճույքից ուշաթափվելով: Մեր հաղթանակի հուշարձանը ԵՌԱԲԼՈՒՐՆ է, որտեղից էլ վեր կխոյանա մեզ մոլորեցնող այլադավ դավաճաններին շանսատակ անող ազգապահպան ոգին:
Հայկ Գևորգյան