Դեսպան է նշանակվում դիվանագիտական աշխատանքի 0 փորձ ունեցող անգլերեն լեզվի մասնագետ. Բալասանյան

Այսօր Լիլիթ Մակունցը հաստատեց այն տեղեկությունը, որ մոտ ժամանակներում նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Անդրադառնալով վերոնշյալին՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ գրում է. «Մինսկի խմբի համանախագահ երկրում դեսպան է նշանակվում դիվանագիտական աշխատանքի 0 փորձ ունեցող անգլերեն լեզվի մասնագետ։ Ակամա հիշեցի երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանի հայտնի խոսքը, ով նման դեպքերում ասում էր. «Երբ ոչ իրավաբաններն ինձ մոտ խոսում են իրավաբանությունից, իմ մասնագիտությունն իմ աչքից ընկնում է»: Ե՞րբ պետք է գա այն օրը, երբ ամեն մարդ կզբաղվի իր գործով: Ես հիմա շատ լավ պատկերացնում եմ դիվանագիտական երկարամյա փորձ ունեցող իմ գործընկերների վիճակը։ ՀՀ ապագա իշխանությունների հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի նաեւ ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների համար դեսպան դառնալու հեռանկարն իսպառ փակելը։ Պետք է չեղյալ համարել դեսպանի՝ իբրեւ քաղաքական պաշտոն համարելու որոշումը։ Դեսպան պետք է նշանակվեն միմիայն մասնագիտական կրթություն եւ դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող մարդիկ»։