«Թող ռուսական ռազմաբազան փակվի, մենք թուրքական սահմանը կպահենք» ասողներն այդպես էլ ռազմաճակատ չհասան. Չախալյան
ՆերքաղաքականՀայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ գնահատմամբ՝ մենք միֆերով ապրող ազգ ենք, մեր կողմից ստեղծում ենք միֆեր եւ այդ միֆերին սկսում հավատալ: Ըստ նրա, ճիշտ այդպես եղավ, երբ 30 տարի շարունակ պնդում էինք, որ արցախյան առաջին պատերազմում մենք հաղթել ենք:
- Մենք, այո՛, հաղթել էինք, բայց այդ հաղթանակը միայն մեզ վերագրելը, մեր զինվորին, մեր բանակին, հայի զենքին եւ ռազմական մտքին վերագրելը միֆ էր: Մենք միֆ ստեղծեցինք եւ հավատացինք դրան: Եթե չհավատայինք այդ միֆին, չէինք հանդուրժի երբեք, որ մի քանի սորոսական` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին` Յուրի Խաչատուրովին ձերբակալեին: Պետք է հասկանայինք, որ հայն է հաղթել, բայց իր դաշնակիցների շնորհիվ: Այսօր մենք հպարտորեն ասում ենք, թե Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը հաղթեց Սովետական միությունը, հայն էլ էր մասնակցում, բայց ինչո՞ւ մոռացանք, որ արցախյան պատերազմում հաղթանակ կերտեցինք մեր դաշնակիցների օժանդակությամբ կամ առնվազն մեր դաշնակցի բանակում ծառայած զինվորականների մտքի շնորհիվ, որոնք վայրկյան առաջ շտապեցին ռազմաճակատ եւ կանգնեցին Հայոց բանակի կողքին եւ ովքեր իրենք մասնակցությունն ունեցան Հայոց բանակի ստեղծման գործընթացին: Անուրանալի է այդ գեներալների արած գործը: Եվ, ի վերջո, եթե միֆերով չապրեինք, Նիկոլ Փաշինյանի ձեռքից կբռնեինք ու կասեինք` այ ընկեր, դու ո՞վ ես, որ եկել ես մեր ռազմավարական դաշնակցի հետ այդպես «ափաշքյարա» հարաբերություն ես փչացնում կամ նույն Իրանի հետ: Դու ո՞վ ես, որ Ազգային ժողովում քո փոքր շնիկներին ֆաս տաս Իրանի վրա: Հիշո՞ւմ եք՝ մարդ կար, ասում էր, թե թող ռուսական ռազմաբազան փակվի, մենք թուրքական սահմանը կպահենք: Այդ մարդիկ ռազմաճակատ այդպես էլ չհասան, բայց հայտարարություններ էին անում, թե գնանք ազատագրենք քուռ-արաքսյան հանրապետություն ստեղծենք: Բայց ինչքա՜ն մարդիկ կային, որ այդ միֆերին հավատում էին, թե այդ մի քանի հոգին հասնելու են եւ քուռ-արաքսյան հանրապետություն է ստեղծվելու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ