Ֆրանսիան պատրաստվում է թվով երրորդ կարանտինը մտցնել
Միջազգային
Մոտ օրերս Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով կարող են թվով երրորդ կարանտինը հայտարարել։ Այս մասին հայտնում է Le Journal du Dimanche թերթը։ Տեղական պարբերականի տվյալներով՝ լոքդաունի մասին որոշումը կընդունվի ամենամոտ ժամանակներս։
Ֆրանսիական իշխանությունները պատրաստ են հերթական լոկդաունը սահմանել կորոնավիրուսի Բրիտանական շտամի տարածման պատճառով, գրում է պարբերականը: Որոշումը քննարկման վերջնական փուլում է, երկրի իշխանություններին մնացել է միայն կողմնորոշվել սահմանափակումների ժամկետների եւ պայմանների հարցում։
Հաղորդվում է, որ ինչպես և 2020 թվականին, ֆրանսիացիներին կարանտինի մասին հունվարի 27-ին հեռուստատեսությամբ կհայտարարի երկրի նախագահ Էմանուել Մակրոնը: Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը, պլանավորվում է, որ դրանք կտեւեն առնվազն երեք շաբաթ:
Կանխատեսելով շոկը, որն այս հայտարարությունը կարող է առաջացնել բնակչության շրջանում, որոշ սահմանափակումներ կառավարությունը կարող է մեղմել: Օրինակ՝ թույլ տալ աշխատանքը ոչ միայն այն խանութներում, որոնք վաճառում են առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Հաղորդվում է նաև, որ դպրոցները բաց կմնան։
Հունվարի 16-ից Ֆրանսիայում պարետային ժամ է գործում ։ Երկրում փակվել են բոլոր ռեստորաններն ու սրճարանները, թատրոնները, կինոթատրոններն ու թանգարանները։ Եվրամիության սահմաններից դուրս երկրներից երկրի տարածք ժամանող բոլոր անձինք պետք է մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ հանձնեն եւ այն կրկնեն Ֆրանսիա ժամանելուց հետո, իսկ հետո մեկնեն պարտադիր մեկշաբաթյա կարանտինի: