Ծրագիրն ամբողջովին չեն հաջողել. ուզում էին Արցախն ամբողջովին հանձնվեր. Չախալյան
Ներքաղաքական
Մինչեւ պատերազմը՝ հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունն ակտիվորեն զբաղված էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով եւ իրականացնում էր տարբեր ակցիաներ: Թե այսօր, երբ արդեն Արայիկ Հարությունյանն այլեւս նախարար չէ, «ԿԱՄՔ»-ը համարո՞ւմ սա հաղթանակ, «Իրավունքը» հետաքրքրվեց նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՑ:
- Գիտեք, պատերազմում պարտված երկրում ինչ-որ հաղթանակներից խոսելն այդքան էլ ճիշտ չէ: Այո, մենք կարողացել ենք նաեւ կանգնեցնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, կարողացել ենք բոյկոտի շտաբ ձեւավորել եւ հանրաքվեն այդպես էլ տեղի չունեցավ, որն ավելի էր պառակտելու մեր հանրությանը: Բայց խնդիրն այն է, որ այս ամենն անում էինք, որպեսզի խուսափեինք այս մեծ պարտությունից: Ամեն կերպ փորձում էինք խոչընդոտել, որ այս պարտությունն իրականություն չդառնար: Ասեմ, որ ծրագիրն իրենք ամբողջովին չեն հաջողել, այլ՝ մասնակի: Պետք է Արցախն ամբողջովին հանձնվեր, այսպես ասած, ազատվել էր պետք Արցախից եւ արցախյան արմատներ ունեցող գործիչներից: Դրանից հետո պետք է այսքան զոհերի թեման շահարկելով՝ մարդկանց հրահրեին՝ ընդդեմ Գյումրիի ռուսական ռազմաբազայի, որպեսզի այն հանվեր: Այդ դեպքում իրենց ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչված կլիներ, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` միջամտություն եղավ, եւ ռուս խաղաղապահները մտան: Դրա համար այդ ծրագիրը կյանքի կոչելն անհնար դարձավ գոնե այս փուլում: Բայց, թշնամին քնած չէ եւ նոր ելքեր է մտածում:
Երանի ժողովուրդը մեզ հասկանար այն ժամանակ, երբ պահանջում էինք Արայիկ Հարությունյանի հրաժարականը, երանի մեզ թիկունքից խփողներ չլինեին մինչեւ պատերազմը եւ կարողանայինք այդ հարցը լուծել: Մենք արդեն մոտեցել էինք նրա հրաժարականին հասնելուն եւ միգուցե նաեւ դա արագացրեց պատերազմը, որ Ալիեւն ու Նիկոլը հասկացան, որ նիկոլական իշխանությունը սասանվել է ժողովրդի մեջ: Արայիկ Հարությունյանն ասում էր, թե ինքը «հեղափոխական թիմի առաջնորդներից է» եւ իրեն հեշտ չէ հանել գործից: Մինչդեռ մենք այդ «հեղափոխական թիմի առաջնորդներից մեկի» մանեկենը աղբամանի մեջ գցած ման էինք տալիս փողոցներում, եւ ժողովուրդը թքում էր իր երեսին: Նրանք հասկացան, որ եթե մի քիչ էլ սպասեն, ոչինչ չեն կարողանալու անել: Այսինքն՝ այս տարի իրենք չէին կարողանալու այդ ծրագիրը կյանքի կոչել: Դրա համար էլ շտապեցին, ուղղակի, երանի այս սեւ ու սպիտակի մեջ չփորձեին մեզ ներքաշել, մեր ձայնը չխլացվեր եւ կարողանայինք կանխել այս ամենը: Ախր շատ հեռու մեղավորներ փնտրել պետք չէ. 80 անգամ ինձ բերման են ենթարկել եւ ձերբակալել՝ 3-ական ժամերով, հետեւաբար մեղավոր են նաեւ այդ ոստիկանները, որոնք թույլ չէին տալիս մեզ խոսել: Մեղավոր են նաեւ այն լրագրողները, ովքեր չէին լուսաբանում մեր ակցիաները, ինչ է թե իրենց սեւ ու սպիտակի մեջ չէինք մտնում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.