Առաջ գոնե ասում էին «շան տղա ըլնեմ, թե բան եմ լսում», հիմա «խելացի» գլխի ժեստով կրկնում են նույն ցնդաբանությունը
Ներքաղաքական
Կար ժամանակ, երբ հայոց խորհրդարանում պատգամավորը վիրավորում էր լրագրողին, հետո հերքում դա, իսկ մյուս պատգամավորը լսում վիրավորական առկա ձայնագրությունը ու հայտարարում, որ «շան տղա ըլնեմ, թե բան եմ լսում»։ Սա, իսկապես, նյարդայնացնում էր մարդկանց, որովհետեւ բոլորը տեսել էին՝ փաստը առկա էր, իսկ կատարողը իր ողջ թայֆայով հերքում էր դա։ Հիմա անցել է ժամանակ, բոլորը կարծում են, որ այդ արատը մաքրվել է ու իշխողները երբեք չեն կրկնի իրենց նախկիններին, բայց չեն հերքում այն, ինչ լսել ենք բոլորս:
Լսեցինք, թե ինչպես հերթական անգամ թշնամու «ջրաղացին ջուր լցնելով»՝ Փաշինյանը հայտարարեց, որ Շուշիյում հակամարտությունից առաջ 90 % ադրբեջանցիներ են ապրել ու հետո կասկածանք հայտնեց, թե տվյալ փաստարկում Շուշին հայկական էր, թե՝ ոչ։ Եթե անգամ դա այդպես լիներ, ապա ինչի համար է Փաշինյանը խոսում Ադրբեջանի դիրքերից եւ ադրբեջանական կայքերն անգամ չեն ձեւափոխում նրա խոսքը, այլ ուղիղ մեջբերում է անում, որովհետեւ դա պատրաստի նյութ է Ադրբեջանի համար։ Ավելի բարկացնող է այն հանգամանքը, որ Փաշինյանի թայֆան լծվել է «խելացի» գլխի ժեստով կրկնելու նույն ցնդաբանությունը, այսինքն՝ առաջվանից փոխվեց այն, որ այստեղ ոչ մեկ չի հերքում, որ լսել է, բայց փոխարեն այս վիրավորանքի վերջ դնելուն մի բան էլ խորացնում են ցավերը` մարդկանց հիմարացնելու միջոցով։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ