Ի՞նչ եղան Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցող արաբ վարձկանները
Ներքաղաքական
ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ գնահատմամբ` մեր դիվանագիտությունն այսօր մի տեսակ ստատիկ, սպասողական վիճակում է, մինչդեռ այսօր շատ ակտիվ պետք է գործել:
- Օրինակ` մեր գերիներին, որ Ադրբեջանում այդպես տանջում են, մի անգամ միգուցե հնարավոր էր «Մոսկվա» կինոթատրոնում մեծ էկրանի վրա այդ կադրերը տեղադրել եւ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներին հրավիրել, որպեսզի իրենք տեսնեն: Սա Ադրբեջանի կողմից մեզ տրված ապացույց է, որը, չգիտես ինչու, չենք օգտագործում: Ադրբեջանը 140 դիվանագետի այց է կազմակերպում Ֆիզուլի եւ մյուս շրջաններ, որոնք անցան իրենց, որպեսզի ցույց տա, թե իբր 30 տարիների ընթացքում հայերն ավերել են, թալանել են, բայց մեր ձեռքի տակ ունենալով մեր գերիների մասին կադրերը` ոչինչ չենք անում: Ամեն դեպքում, ես հետեւում եմ ԱԳՆ պաշտոնական կայքի հաղորդագրություններին, եւ այնտեղ չկա որեւէ տեղեկություն դեսպանների հետ հանդիպման մասին` գերիների հարցով: Այո, Ռուսաստանի իշխանությունները զբաղվում են այդ հարցով, բայց եթե մենք սուվերեն պետություն ենք, ինչպես շատ ենք սիրում ասել եւ նույնիսկ մտահոգություններ կան, թե հանկարծ մեր սուվերենությունից մի փոքր չզիջենք, բա եթե այդպես է` ո՞վ պետք է բարձրաձայնի այս հարցերը, որտե՞ղ է ՀՀ-ն` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, եթե իր քաղաքացիներին ծանր պահին ձեռք չի մեկնում:
– Ի դեպ, ի՞նչ եղան Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցող արաբ վարձկանները, որոնց վերաբերյալ եւս փաստեր կային:
– Շատ շուտ մոռացանք նրանց, որոնք մեզ մոտ գերության մեջ էին: Մինչդեռ այդ արաբ վարձկանների հարցը բարձրացրել ենք Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչության մոտ, այդ մասին խոսեց Ֆրանսիայի նախագահը, նրանց մասնակցության մասին տեղյակ է ՌԴ-ն, որովհետեւ Արցախում ինքն է իրադրության տերը: Բայց մյուս երկրները, օրինակ` Չինաստանը, արդյո՞ք տեղյակ է: Մեր արտաքին գործերի գերատեսչությունն ամենօրյա ռեժիմով պետք է զբաղվի այս հարցով, բայց կա՛մ չի զբաղվում, կա՛մ, համենայնդեպս, բաց եւ մասսայական կերպով չի ներկայացնում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ