Սյունիքում ստեղծվող միջանցքը հետխորհրդային տարածությունում աշխարհատնտեսական պատերազմի սանձազերծման տրիգեր է
Հրապարակախոսություն
Պատիվ ունեմ արձագանքելու իմ մոսկովյան գործընկեր ռազմավարական վերլուծաբանների արտահայտած այն տագնապին, որը հարուցել էին Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի արդյունքներով 2021 թ. հունվարի 3-ին Ռուսաստանի փոխվարչապետի` Երեւան կատարած այցի արդյունքների հակասական ցանցային մեկնաբանությունները: Ինչպես համարում են մոսկովյան գործընկերները, Հայաստանի վարչապետի հետ զրույցի ժամանակ ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալի համար դիրքորոշման հիմք պետք է ծառայեր Հարավկովկասյան տարածաշրջանում եւ ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածությունում դաշնակից Ռուսաստանի գլխավոր ռազմավարական գերակայությունը: Ընդսմին ռուսաստանցի գործընկերներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ ՌԴ կառավարությունում փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի պատասխանատվության ոլորտը ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՆ են: Հարկ է նաեւ շեշտել, որ մասնագիտական շրջաններում նա վայելում է «հողային հարաբերությունների գծով» առավել բարձրակարգ մասնագետներից մեկի համբավ:
Վերլուծաբանների կարծիքով` Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի արդյունքների վերաբերյալ բանակցություններում ռուսաստանցի բարձր պաշտոնատար անձը պետք է ցուցաբերեր վարպետություն` Ռուսաստանի ու Հայաստանի ռազմավարական շահերը արդյունավետ կերպով պաշտպանելով համաթուրանական միասնական աշխարհատնտեսական տարածության ստեղծման ինտեգրային ծրագրից, որը ծավալում է Էրդողանի Թուրքիան, եւ որը քաջ հայտնի է ՌԴ, ՀՀ եւ ՀԱՊԿ-ի Գիտափորձագիտական խորհրդի (ԳՓԽ) վերլուծաբաններին: Ինչպես հայտնի է, այդ տարածության սահմաններն ընդգրկում են Թուրքիան, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիան` թյուրքաբնակ Պովոլժիեի, Ուրալի եւ Հարավային Սիբիրի միակցմամբ, որն իրագործվում է սեցեսիոնիստական տրամադրությունների եւ Ռուսաստանի համար միանգամայն նոր գործոնի` տարածաշրջանային հետարդիական անջատողականության հիբրիդային հրահրման միջոցով: Ռուսաստանցի գործընկերներին անհանգստացնում է, ըստ նախապես մշակված ռազմավարության, ամբողջ հետխորհրդային տարածությունում Ռուսաստանին ոչ ռազմական մեթոդներով աշխարհառազմավարական վնասների հնարավոր պատճառման սպառնալիքը, մի ռազմավարության, որով նախատեսվում է աշխարհատնտեսական տարածությունում գործառում` բարձր աշխարհատնտեսական տեխնոլոգիաների օգտագործմամբ եւ տնտեսական եղանակով մրցակցի ուժերի չեզոքացման կամ քայքայման մանրակրկիտ կերպով ճշգրտված ռազմավարության կիրառմամբ: ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) եւ ՀԱՊԿ-ի ԳՓՀ համատեղ կազմակերպած գիտափորձագիտական համաժողովում գնահատվել է այսպես կոչված «Համաթուրանի քնած գործակալական ցանցի» աշխարհատնտեսական մոբիլիզացման շարժառիթավորման սպառնալիքը, որի իրացման համար կկիրառվի ՌԴ եւ ՀՀ ազգային անվտանգությունների աշխարհաքաղաքական շահերի, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության տարածության ամբողջականության ամբոխահաճո քայքայման հիբրիդային գործիքակազմը: Մոսկովյան գործընկերներն առանձնահատուկ ուշադրության են արժանացրել այն հապճեպությունն ու անիրավազորությունը, որոնցով հաստատվել են Ղարաբաղի ու Հայաստանի Սյունիքի մարզի տարածքներով անցնող հայկական միջանցքի սահմանները, ինչը իր սուլթանական գոռոզամտությամբ ու հավակնոտությամբ հայտնի Էրդողանի պլաններով նպատակաուղղված է ամբողջ Թուրանի տարածքում Թուրքիայի աշխարհատնտեսական զավթողագործության ապահովմանը: Միջազգայնագետ իրավաբանները եւ անվտանգային քաղաքագիտության մասնագետները անիրավազոր են համարում հիշատակված միջանցքի սահմանների որոշման ամբողջ երեւույթը, քանի որ կատարվում է ԵԱՀԿ տարածաշրջանում միջպետական սահմանների քարտեզագրման ու սահմանագծման միջազգային-իրավական նորմերի կոպիտ խախտում: Խորհրդային Հայաստանը եւ Խորհրդային Ադրբեջանը, գտնվելով միասնական ԽՍՀ Միության կազմում, միջազգային իրավունքի առանձին սուբյեկտներ չէին: Այդ պատճառով ԽՍՀՄ միութենական հանրապետությունների միջեւ հողօգտագործման վարչատարածքային բանելակարգը կարգավորող փաստաթղթերը չեն կարող հիմք լինել միջպետական սահմանները ճշտելու համար: Գաղտնիության պահանջները պահպանելով` պարտքս եմ համարում նշել, որ ՀՀ ԱԳՆ-ից իմ հարգարժան գործընկերը, լինելով բարձրակարգ դիվանագետ (եւ, միեւնույն ժամանակ, նաեւ իրատես ու գործնական մարդ), արձագանքելով Սյունիքում սահմանի ճշգրտման ուղղությամբ ձեռնարկված առաջին անիրավազոր քայլին, նպատակահարմար համարեց Սյունիքում կատարված այդ կոպիտ խախտումների առնչությամբ «ՎԵՐԵՎՆԵՐԻՆ» դիմել ոչ թե անմիջականորեն, այլ այնտեղ, որպես ցանցային հրապարակում, ուղարկել 2020 թ. դեկտեմբերի 1-ին իր պատվերով իմ կազմած փորձագիտական ազդանշանը: Որպես արդյունք` 2020 թ. վերջին ՀՀ ԱԳՆ-ն, ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի իրավաչափ հարցապնդմանը, հնարավոր համարեց հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ առ այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին անհրաժեշտ է հետեւել սահմանների քարտեզագրման ու սահմանագծման միջազգային պրակտիկային:
ԱՐՏԱԾՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Կարելի է հուսալ, որ ՀՀ վարչապետի հետ ՌԴ փոխվարչապետի բանակցությունների հիմքում դրված էին ոչ թե դաշնակից ՌԴ եւ ՀՀ իրավիճակային, այլ հենց նրանց միջազգային անվտանգության երկարաժամկետ աշխարհառազմավարական շահերը` ամբոխահաճո հեղափոխությունների սերմանման զարգացող նորամուծական քաղաքական տեխնոլոգիաների դարաշրջանում արդի աշխարհատնտեսական պատերազմների մեծամասշտաբ մարտահրավերների հաշվառմամբ: Տվյալ սպառնալիքի ռեալության նկատառումով կարեւոր ենք համարում աշխարհատնտեսական պատերազմների մարտահրավերների վերաբերյալ ՌԴ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի (ԷԲԴ) մասնագետների գիտափորձագիտական խորհրդատվությունը: Ինչպես համարում են ԷԲԴ Աշխարհատնտեսության ռազմավարական հետազոտությունների կենտրոնում. «Աշխարհատնտեսական պատերազմներում մրցակցի (եւ ո՛չ միայն մրցակցի) դիրքերի տապալումը կատարվում է «տեխնածին հյուծման` նորամուծությունների, տեխնոլոգիական հեղափոխությունների պաշտամունքի եղանակով, ինչի հետեւանքով կենսունակ արտադրական կառուցվածքները «հատվում» են ի հաճույս նորագույնների»: Տեխնածին հյուծումը կարող է դիտվել որպես ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական-ռազմական մրցակիցների ռեսուրսների չեզոքացման կամ քայքայման գործիք» :
2. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների ճշգրտման քարտեզագրական ու սահմանագծային աշխատանքներն սկսելու համար պահանջվում է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը` ուղղված գործող Մադրիդյան սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը: Ընդսմին համանախագահները` ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, պետք է գնահատական տան Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի կողմերի գործողություններին, քանի որ խախտվել է ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, եւ հաշվի առնեն միջազգայնորեն ճանաչված այն փաստը, որ խախտողը Ղարաբաղյան հակամարտության ադրբեջանական կողմն է, այդ թվում` նա նաեւ խախտել է բոլոր երեք համանախագահող պետությունների նախագահների հովանու ներքո երեք անգամ հայտարարված զինադադարը: ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի շարունակման ժամանակ ենթադրվում է նաեւ, որ պետք է հաշվի առնվի Ռուսաստանի վճռորոշ դերը, որը նա խաղացել է ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի դեմ ՌԴ-ում, ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում արգելված ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներգրավմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ վարած պատերազմի դադարեցման գործում:
ԱՄՓՈՓՈՒՄ
Հենց այս շրջանում` Թրամփի ամբոխահաճո նախագահության ավարտի պայմաններում, ԱՄՆ-ի հետ ՌԴ, այն է` Բայդենի հետ Պուտինի ռազմավարական երկխոսությունը զարգացնելու համար Ղարաբաղյան կարգավորման գծով ՄԽ համանախագահության հարթակի համաձայնական ռեսուրսի օգտագործումը պայմանավորված է 1997 թ. ՄԽ ստեղծման պահից ի վեր ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ չընդհատվող համաձայնության եզակիությամբ: Այժմ, ինչպես նշում են Կառնեգիի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի փորձագետները, առանձնապես կարեւոր «կարող է լինել հարաբերությունների նոր մոդելը, որում դրանք հանդես կգան մրցակցությունը (ամերիկա-ռուսաստանյան) կայունացնող ու մեղմող բազմակողմ պաշտոնական ու ոչ պաշտոնական հարթակների ցանցի ձեւով»:
Վերը շարադրված արտածումներից հետեւում է, որ.
- Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունում իր գործընկերներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ընկերակցությամբ պետք է դադարեցնի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի խախտման արդյունքներով ԼՂՀ ու ՀՀ սահմանների անիրավազոր որոշման գործընթացը: Փոխարենը անհրաժեշտ է ստեղծել քաղաքական-դիվանագիտական ու միջազգային-իրավական նախադրյալներ Ղարաբաղյան հակամարտության օրինապատշաճ լուծման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի որոշման համար` հետագայում Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանների քարտեզագրմամբ ու սահմանագծմամբ:
- Ռուս-ամերիկյան ռազմավարական երկխոսությանը նպաստելու համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է ոչ թե վերացնեն Ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահության համաձայնական բանակցային հարթակը, այլ գործադրեն փոխհամաձայնեցված ջանքեր` ուղղված դրա համաձայնական ռեսուրսի հետագա զարգացմանը:
Գեներալ-լեյտենանտ
ՀԱՅԿ Ս. ՔՈԹԱՆՋՅԱՆ
Պրոֆեսոր (անվտանգության ռազմավարական հետազոտություններ, ՀՀ, ՌԴ, ԱՄՆ), «Լազարյան ակումբի» խորհրդի անդամ, Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի Պատվավոր նախագահ