Երեք կարեւոր քաղաքական իրադարձություն, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանում 2020 թվականին
Միջազգային
2020 թվականը կարելի է համարել մեր ժամանակակից պատմության ամենաբարդ տարիներից մեկը։ Համավարակ, ռեգիոնալ ճգնաժամեր, համավարակի բերած սոցիալ-տնտեսական բարդություններ, աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Փորձենք ներկայացնել այն երեք կարեւորագույն քաղաքական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանում 2020 թվականին։
1․Կորոնավիրուս․ Թեեւ կորոնավիրուսային համավարակը մեծ հաշվով քաղաքական իրադարձություն չի համարվում եւ առողջապահական է, սակայն այն ունի նաեւ քաղաքական բաղադրիչ եւս, քանի որ համավարակն ինքնին, որպես իրողություն, բավական լուրջ մարտահրավեր դարձավ Ռուսաստանի իշխանությունների եւ քաղաքական համակարգի համար։ Հիմնականում, ի դեպ, եւ պետական-քաղաքական համակարգը եւ առողջապահական համակարգը կարողացավ հարաբերական արդյունավետությամբ դիմագրավել այդ մարտահրավերը։ Մի կողմից հնարավոր եղավ խուսափել զանգվածային մահացություններից եւ խուճապից, մյուս կողմից՝ երկիրը զերծ մնաց սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ցնցումներից, ի տարբերություն շատ երկրների։
2․ Սահմանադրական փոփոխությունների ընդունում․Ռուսաստանում տիրող ներկայիս վիճակը կարելի է որակել որպես մոբիլիզացված ռեժիմին հատուկ իրավիճակ։ Ընդ որում, պատճառը ոչ միայն կորոնավիրուսային գլոբալ մարտահրավերն է, այլ նաեւ Արեւմուտքից Ռուսաստանի ղեկավարության հանդեպ կիրառվող ճնշումների, ինչն իր հերթին բերեց նրան, որ փոփոխության ենթարկվեց չափազանց ազատական Սահմանադրությունը, եւ ապահովագրվեց երկրի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
3․Ջո Բայդենի ընտրությունը․ 2020 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, առաջին հայացքից Ռուսաստանին այդքան էլ առնչվող իրադարձություն չես համարի։ Սակայն, գործող նախագահ Դոնալդ Թրամփի պարտությունը եւ Ջո Բայդենի ընտրությունը նշանակում է, որ փոփոխության կենթարկվի ամերիկյան քաղաքական գիծն աշխարհում՝ առհասարակ։ Սա առնչվում է նաեւ ռուս-ամերիկյան հարաբերություններին, աշխարհում գլոբալ աշխարհաքաղաքական միջավայրին։ Ռուսաստանը բնականաբար չի կարող ուշադրություն չդարձնել այս ամենին, եւ ամերիկյան նախագահական ընտրություններից հետո, որքան էլ դրա մասին քիչ խոսվի, սակայն ռուսական քաղաքական դաշտում եւս որոշակի պրոցեսներ սկսվեցին, ինչպես օրինակ՝ Անատոլի Չուբայսին՝ միջազգային կառույցների հետ հարաբերությունների հարցերով հատուկ խորհրդական նշանակելը։