Համալիր կոլապսը շարունակվում է. Միքայել Մելքումյան
Ներքաղաքական
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հաստատեց, որ ԱԺ ընդդիմությանն առաջարկվել է հուշագիր ստորագրել, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրի եւ 6 ամսում տեղի կունենան արտահերթ ընտրություններ, բայց արի ու տես, որ «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» չեն համաձայնել: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ասաց, թե երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ իշխանությունները վաղուց արդեն պետք է հրաժարական ներկայացրած եւ հեռացած լինեին. «Եթե այս իշխանությունը մնում է, ապա երկիրը շարունակում է գահավիժել տոտալ անդունդ` բոլոր առումներով, համալիր կոլապսը շարունակվում է: Իսկ սա նշանակում է, որ պետք է լինի հստակ գործողություն: Այդ փոփոխությունը մեր սահմանադրությամբ լինում է այսպես` վարչապետը հրաժարական է տալիս, երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանն ընտրում է նոր վարչապետ, եթե չի ընտրում նոր վարչապետ, ապա ինքնալուծարվում է, ինչը նշանակում է` խորհրդարանական նոր արտահերթ ընտրություններ: Մենք մտածում ենք, որ այս պահին նոր ընտրությունները կարող են երկիրը տանել նոր չնախատեսված վատ վիճակի: Դրա համար ասում ենք, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, եւ գնանք նոր ընտրությունների: Վարչապետը չպետք է պայման դնի` հրաժարական տալու է, թող տա»: