Աստղագուշակությունը կախարդություն է, կախարդությունը` մահացու հանցանք. Մաքսիմ Ոսկանյան
Հասարակություն
«Մարդու ճակատագրի համար, մոլորություն է ասել, թե աստղերը կարող են որոշիչ դեր ունենալ: Օրինակ, Մեծ երկրաշարժի ժամանակ զոհվածների աստղային գուշակությունները եթե թերթենք, կապշենք. հազարավոր մարդկանց համար գրված-խոստացված էր, թե այդ օրը նրանց համար երջանիկ օր է ու հաջողությունների առատություն, մինչդեռ այդ մարդիկ դժբախտ վախճան ունեցան:
Աստղագուշակությունը սև բիզնես է, Սատանայի խաբեբայություն: Լուսատուները հոգիների վրա ազդեցություն ունենալ չեն կարող, այլ միայն մարմինների՝ տաքությամբ կամ սառնությամբ: Հայրական ուսումնասիրությունների մեջ բացատրվում է այդ մասին եւ բերվում է Հակոբի ու Եսավի օրինակը: Այս երկվորյակ եղբայրները նույն աստղի տակ ծնվեցին, սակայն բնույթով միմյանցից խիստ տարբեր: Հակոբը աստվածապաշտ եղավ, իսկ Եսավը՝ պիղծ, այնքան, որ անգամ իր անդրանիկության պատվականությունը վաճառեց Հակոբին՝ մի աման ոսպով ապուրի դիմաց:
Աստղագուշակությունը հոգիների որս է՝ Աստծուց Սատանայի մոլորությանը հանձնելու, որով հոգիները կորստի են մատնվում: Այդ զազրելի որսից որպեսզի եկեղեցին ազատգրված լինի, Ղուկասի Առաքյալների հիմնադրույթ կանոններում /ԳԼՈՒԽ ԺԵ/ այսպիսի հրահանգ եղավ քրիստոնյաններիս.
«ՀՈԳԵՀԱՐՑԵՐԻ ՄՈՏ ԳՆԱՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կարգեցին առաքյալները եւ դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ նա, ով սուտ երդում է տալիս կամ սուտ է վկայում եւ կամ գնում է կախարդների, հարցուկների, քաղդեացիների, վհուկների մոտ, հավատում ծնունդներին եւ աստղագետներին /աստղագուշակներին/, ինչպես նաեւ նրանք, որոնք անաստվածներ են, այդպիսիների քահանայությունը խափանեցե՛ք եւ մի՛ թողեք, որ խառնվեն եկեղեցու պաշտոնին, եւ եթե ժողովրդի միջից են՝ ձեր կողմից մերժվե՛ն եւ դուրս հանվե՛ն»:
Այսօր չար խառնակ ժամանակներ են և նշված մահացու հանցանքները որպեսզի կարողանան սքողեն, Սատանայի սև բիզնեսի հետևորդները /մեծ մասամբ տգետ ու խաբեբա կանայք/ Աստծո անունն են հաճախ տալիս, որպեսզի որքան հնարավոր է շատ հավատացյալների մոլորեցնեն, գայթակղեն, իրենց սև դրամը ստանալու՝ միամիտ հոգիներին կորստի մատնելու գնով: Եվ ճիշտ են այն քահանաները, ովքեր այդ խաբեբաներին եկեղեցուց դուրս են վռնդում: Աստծո ողորմությունը Հայոց աշխարհին և թող որ Քրիստոսի Լույսն ու բարին, ողորմածությունը առատանա հավատացյալներիս վրա, ամե՛ն ժամ: Ամե՛ն», - գրում է բանաստեղծ, հրապարակախոս ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելում. «Հիշենք՝ Մովսեսը իր ձեռնափայտը գցեց գետնին, որ օձ դարձավ: Կախարդները ասացին, այդպես մենք էլ կարող ենք, և գցեցին իրենց ձեռնափայտները, որոնք նույնպես օձեր դարձան: Սակայն այստեղ է Սատանայի և Արարիչ Աստծո հրաշքների տարբերությունը, որովհետև Մովսեսի օձը շուռ եկավ նրանց կողմ և բոլոր օձերին խժռեց- կուլ տվեց: Ինչպես Գիրքն ևս զգուշացնում է, Սատանան իր մոլորեցնող գործակալների՝ կախարդների ձեռքով չար ժամանակներում մեծամեծ հրաշքներ է գործելու, շատերին մոլորեցնելու, ինչպես աստղագուշակները, ոգեհարցուկները և վհուկները, հայրենիք մատնողները և պիղծ եսավականները: Եվ Քրիստոս շուռ է գալու նրանց դեմ ու սպառելու է իր բոլոր հակառակորդներին՝ ամենքի էլ վերջը տալով: Կարևորը, ուրեմն, եղել ու մնում է ապաշխարությունն ու դարձը Աստծո Կյանքի պատվիրաններին, Սուրբ Ավետարանին: «Եթե չապաշխարեք ձեր չար գործերից, պիտի կորչեք»,- հայտարարեց Հիսուս: Լսե՛նք Աստծո Որդուն»: